Մանե Մկրտչյան
Երկարատև յոթ տարիների քրտնաջան աշխատանքից հետո ես Մանե Մկրտչյանս և հնդիկ ճանաչված գրող Սուման Կեշարին ձեզ ենք ներկայացնում Մեծ եղեռնին նվիրված «Հայոց ցեղասպանություն։ Օսմանյան կայսրության ոճիրը/ Armenian Genocide: The sin of the Ottoman Empire» մոնումենտալ գիրքը՝ հինդի լեզվով։
Սա ցեղասպանության մասին հնդկերենով առաջին գիրքն է, որի մեջ ընդգրկված են եղեռնազոհ գրողների՝ Սիամանթոյի, Ռուբեն Սևակի, Դ.Վարուժանի,ինչպես նաև 19-20-րդ դարերի Հայ մեծանուն գրողներ Ե. Չարենցի, Հ.Շիրազի, Հ.Թումանյանի, Պարույր Սևակի և այլոց՝ եղեռնի թեմային նվիրված բազում ստեղծագործություններ։ Սա ընտրանի է՝ իր ժանրային տարբեր ձևերով՝ պատմվածք, բանաստեղծություն, հոդվածներ, հուշեր և այլն։ Գրքում տեղ են գտել Չարենցի անվ․ գրականության և արվեստի թանգարանի տնօրեն պ․ Կարո Վարդանյանի հետ կայացած զրույցը, ինչպես նաև եղեռնը դատապարտող համաշխարհային ճանաչում ունեցող ցեղասպանագետների՝ Վահագն Տատրյանի, Ալեքսանդր Հինթոնի, Սայիդ Չետինողլու և Փոլ Լեվինի աշխատությունները։
Ի սկզբանե գիրքը նախատեսված էր հայոց պատմության արյունոտ էջերից մեկի՝ Եղեռնի մասին հնդիկ հասարակությանը ծանոթացնելու համար։ Բայց սկզբնական շրջանակը ընդարձակվեց, և արդյունքում ստացվեց մի հաստափոր ժողովածու։
Գիրքը ծնունդ առավ մայրիկիս՝ պատմագետ Սուսան Գրիգորյանի մտահղացմամբ, ով օժանդակեց ինձ պատմության այդ բարդ ժամանակահատվածի ճիշտ հասկանալուն և մեկնաբանմանը։ Իմ շատ սիրելի ուսուցչուհի Ժենյա Մակարյանը ինձ օգնեց հայ հեղինակների և նրանց երկերի ընտրության հարցում, ինչպես և նյութի բովանդակության լիարժեք ըմբռնմանը, որը ինձ շատ հարկավոր էր գերազանց թարգմանության համար։
Ես և տ․ Սուման Կեշարին խորին շնորհակալություն ենք հայտնում տ․ Վերժինե Սվազլյանին, պ․ Կարո Վարդանյանին, պ․ Կիթ Գարեբյանին և բոլոր նրանց, ովքեր մեզ սիրով աջակցեցին այս կարևոր նախաձեռնության իրականացմանը։
Մեր երախտագիտությունն ենք հայտնում Հնդկաստանում ՀՀ նախկին դեսպան Ա․ Մարտիրոսյանին, Կալկաթայի Ս․ Նազարեթ եկեղեցու հոգաբարձուների խորհրդին՝ ի դեմս տ․ Սյուզան Ռուբենի և պ․ Սունիլ Սոբտիի։ Իմ ջերմ շնորհակալությունը Հնդկաստանում ՛Հայ մշակույթի կենտրոն՛ ՀԿ-ի անդամներին, ի դեմս նախագահ Գայանե Սայիդ Մովսիսյանի և փոխ-նախագահ Նարե Մկրտչյանի:
Գրքի հրատարակումը իրականացրեց Հնդկաստանում առաջնակարգ հրատարակչական տներից մեկը՝ Rajkamal Prakashan Samuh: Երախտապարտ ենք հրատարակչության տնօրեն Աշոկ և Ալինդ Մահեշվրիներին։