ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
Ինչպէս միշտ, փորձում եմ սթափ գնահատել իրավիճակը՝ առանց աւելորդ հրճուանքի, առանց չարախնդութեան եւ առանց արհեստական յոռետեսութեան՝ «միեւնոյն է, բան չի ստացուի»:
Նիկոլ Փաշինեանի վարչապետ ընտրուելը ներկայ քաղաքական ճգնաժամի միակ բանական լուծումն էր՝ ցանկացած այլ լուծում կարող էր բարդացնել իրավիճակը: Իշխանութեան ռոտացիան (փոփոխութիւնը-Խմբ.) նաեւ շանս (առիթ-Խմբ.) է՝ լճացման եւ յուսահատութեան մթնոլորտը յաղթահարելու համար: Շանս է նաեւ այն առումով, որ լեգիտիմութեան (օրինականութեան-Խմբ.) բարձր աստիճանն իշխանութեան համար ստեղծում է ամրութեան որոշակի պաշար, որը նա կարող է պահպանել, բայց կարող է նաեւ կորցնել, ինչպէս որ դա եղաւ 90ականների սկզբին:
Հաշուի առնելով նաեւ այդ փորձը՝ ենթադրում եմ, որ փոփոխութիւնները պէտք է անել արագ, քանի կայ քաղաքացիների բարձր վստահութիւնը: Մի քանի ամսից, երբ մարդիկ գիտակցեն, որ դրախտում չեն յայտնուել, որեւէ բան փոխելու ձգտումը հանդիպելու է աւելի կոշտ դիմադրութեան: (Ի դէպ, հին նոմենկլատուրայի դիմադրութիւնը նոյնպէս չի բացառւում, բայց այս պահին դա չի կարող որոշիչ գործօն լինել): Եւ դարձեալ, ինչպէս եւ նախորդ իշխանութեան, այդպէս էլ այս՝ նոր իշխանութեան պարագայում ես կարեւորում եմ ոչ միայն վերեւից բարեփոխումներ իրականացնելու, այլեւ հասարակութեան ներքին բարեփոխման անհրաժեշտութիւնը: Այսօր շատ է խօսւում ատելութեան մթնոլորտի մասին, բայց եկէք արդար լինենք՝ այդ մթնոլորտը վերջին յեղափոխութեան ժամանակ չէ, որ ստեղծուել էր, այն միշտ կար, եւ խնդիրը իշխանութիւն-ընդդիմութիւն, իշխանութիւն-քաղաքացիներ յարաբերութիւններից դուրս է: Մեր մշակոյթի մէջ չկայ անկեղծօրէն կողքինի յաջողութիւններով ուրախանալու սովորութիւնը, եւ դա այդ մթնոլորտի առաջացման հիմնական պատճառներից մէկն է: Դուք պատկերացնո՞ւմ էք «միջին թուաբանական» հայ ընտանիք, որը սեղան է նստում եւ չի քննարկում ուրիշների հարստութիւնը, պաշտօնները, յաղթանակները մրցոյթներում եւ այլն: Յետ-յեղափոխական շրջանում այդ զգացմունքները, բնականաբար, սրւում են՝ «եթէ սրան գործից չհանեն, եթէ սրան չդատեն, եթէ սրան չգնդակահարեն, ուրեմն ամէն ինչ իզուր էր»: Մուռ հանելու համար բարենպաստ շրջան է:
Երկրորդ բանը, որը մենք պէտք է յաղթահարենք, պատերնալիստական պատրանքներն են: Այսօր ինձ փողոցում մարդիկ հարցնում են՝ «գոնէ Նիկոլը մի բան կը կարողանա՞յ անել»: Պատասխանում եմ՝ միայն Նիկոլը՝ ոչ, ոչ էլ նոր կառավարութիւնն իր կազմով: Եթէ ամէն մէկս մեր կողմից չանենք, ոչ մի բան չի ստացուի: Նոր վարչապետն, օրինակ, ասում է՝ պահանջէք ՀԴՄ կտրօններ (վճարման ստացագիրներ-Խմբ.): Մենք կը պահանջե՞նք:
Ամբողջական յօդուածը կրնաք կարդալ այս հասցէով՝ http://www.aravot.am/2018/05/09/955846/