Թարգմանեց՝ ԶԱՌԱ ՊՕՂՈՍԵԱՆ
BBC-ի ռուսական ծառայութիւնը յօդուած է հրապարակել 2008թ. Հայաստանում յետ-ընտրական իրադարձութիւնների եւ 1 Մարտի դէպքերի մասին: BBC-ի ձեռքում են յայտնուել Մարտի 1ի գործի վերաբերեալ Յատուկ քննչական ծառայութեան փաստաթղթղեր, որոնք փաստում են՜ ցուցարաների վրայ կրակել է Ղարաբաղից բերուած խումբը՝ գեներալ Սամուէլ Կարապետեանի (Օգանովսկի) ղեկավարութեամբ: Յօդուածից հատուած թարգմանաբար ներկայացուած է ստորեւ.
«BBC-ի ձեռքում են յայտնուել Հայաստանի ժամանակակից պատմութեան ամենաողբերգական իրադարձութիւններից մէկի քննչական փաստաթղթերը. 2008-ի Մարտի 1ի բողոքի ցոյցերի ընթացքում Երեւանում տասը մարդու մահուան դէպքը:
Հետաքննութիւնը գտնում է, որ ցուցարարների ուղղութեամբ կրակելու հրաման է տուել գեներալ-մայոր Սամուէլ Կարապետեանը (Օգանովսկի):
Բացի այդ, BBC-ի տրամադրութեան տակ յայտնուած քննչական փաստաթղթերում կան Հայաստանի երկու նախկին նախագահներ եւ երկու ազդեցիկ գործարար պատգամաւորներ:
2008-ի Փետրուար-Մարտ ամիսներին տեղի ունեցած ողբերգական իրադարձութիւնների վերաբերեալ նոր հետաքննութիւնը արդէն իսկ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանի դատավարութեան հիմքում է:
Հետաքննութիւնը հսկայական քաղաքական նշանակութիւն ունի եւ կարող է էապէս փոխել Հայաստանում քաղաքական ուժերի դասաւորութիւնը:
Զոհերի հարազատները նոյնպէս սպասում են հետաքննութեան արդիւնքներին: Այնուամենայնիւ, գործը նաեւ անուանում են ընտրովի արդարադատութեան օրինակ:
Քննութեան նիւթերից իմանում ենք, որ քննիչները կարծում են.
Ցուցարարների վրայ կրակ են բացել ղարաբաղեան անվտանգութեան ուժերը՝ հրամանատար գեներալ Կարապետեանի գլխաւորութեամբ (այժմ 1 Մարտի գործով հանդէս է գալիս վկայի կարգավիճակում),
Հարցաքննութիւնների ընթացքում քննիչները պնդում էին, որ նրա ստորաբաժանումը տեղակայուած է եղել ՀՀ նախագահի աշխատակազմի նկուղում (Բաղրամեան 26),
Հետաքննութիւնը կարծում է, որ ստորաբաժանմանն այցելել են գործող եւ նորընտիր նախագահներ Ռոբերտ Քոչարեանը եւ Սերժ Սարգսեանը:
Քննիչները նաեւ հաստատում են երկու ազդեցիկ գործարարների՝ Գագիկ Ծառուկեանի եւ Սամուէլ Ալեքսանեանի դերը, որոնք հնարաւոր է՝ ֆինանսաւորել են ցոյցի ցրման օրերին Երեւանում Արցախի անվտանգութեան ուժերի կացութիւնը:
Հայաստանի եւ Արցախի աղբիւրները BBC-ին հաստատեցին որոշ հարցաքննութիւնների ընթացքում քննիչների կողմից արուած պնդումները: Սակայն մենք չկարողացանք անկախ հաստատում ստանալ ցուցարարների սպանութեան բոլոր հանգամանքների վերաբերեալ:
Գեներալ-մայոր Կարապետեանը ծառայել է չճանաչուած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան (ԼՂՀ) պաշտպանական բանակում:
Նոր քննչական գործողութիւն իրականացնող Հայաստանի յատուկ քննչական ծառայութիւնը անմիջականօրէն ենթարկւում է վարչապետին:
ՀՔԾն հրաժարուել է մեկնաբանութիւններ տալ:
Կարապետեանը չցանկացաւ BBC-ի հետ քննարկել իր դէմ առաջադրուած մեղադրանքները:
Գործարարներ Ծառուկեանն ու Ալեքսանեանը հերքեցին 2008թ. իրադարձութիւններում իրենց ունեցած դերի մասին պնդումները:
Քոչարեանի փաստաբանը չկարողացաւ օպերատիւ (գործնական-Խմբ.) կերպով մեկնաբանութիւն տրամադրել:
Սարգսեանը հրաժարուեց մեկնաբանութիւն տալուց:
ՈՎ Է ՂԵԿԱՎԱՐԵԼ
ՀՐԱՁԳՈՒԹԻՒՆԸ
Հարցաքննութեան ընթացքում քննիչները պնդում էին, որ գեներալ-մայոր Սամուէլ Կարապետեանը (նաեւ յայտնի որպէս Օգանովսկի) ղեկավարել է ցուցարարների ուղղութեամբ հրաձգութիւնը:
2008-ին Կարապետեանը ղեկավարում էր Երեւան բերուած ղարաբաղեան ստորաբաժանումները: Նա այս փաստը հաստատեց 2018ի Օգոստոսի 15ին հարցաքննութեան ընթացքում, որտեղ նրան կանչել էին վկայի կարգավիճակով:
Հարցաքննութիւնը տեւել էր չորս ժամ, BBC-ի տրամադրութեան տակ կայ արձանագրութեան պատճէնը: Հարցաքննութեան պահին նա զբաղեցրել է ԼՂՀ պաշտպանութեան նախարարի տեղակալի պաշտօնը եւ պաշտօնից հեռացել է 2019թ. Ապրիլին:
Այնուամենայնիւ, ՀՔԾի եւ գեներալի տարբերակները իրար հակասում են:
Ըստ հետաքննութեան, Կարապետեանը իր ենթականերից կազմել էր 20 հոգուց բաղկացած յատուկ խումբ, որը տեղակայուել էր Մարշալ Բաղրամեան պողոտայում գտնուող նախագահի նստավայրի նկուղում:
Այնտեղ, խմբի անդամներին «մի քանի անգամ այցելել են նախագահ Ռոբերտ Քոչարեանը եւ նորընտիր նախագահ վարչապետ Սերժ Սարգսեանը», պնդել է քննիչը Կարապետեանի հարցաքննութեան ընթացքում:
Խմբի բոլոր անդամները պատրաստակամութիւն են յայտնել հրամանի դէպքում «կրակել ժողովրդի վրայ», եւ հէնց այս խումբն է ցուցարարներին կրակել 1 Մարտին, ըստ հետաքննութեան:
Հարցաքննութեան ընթացքում Կարապետեանը ժխտել է բոլոր մեղադրանքները եւ յայտարարել, որ «ոչ ոք հրաման չի տուել մարդկանց կրակել»: Գեներալը քչախօս է եղել եւ սահմանափակուել միավանկ հերքումներով:
Կարապետեանին ուղղուած նման մեղադրանքներ հնչեցին նաեւ մի քանի վկաների հարցաքննութեան ընթացքում: Նրանք չկարողացան հաստատել կամ հերքել տեղեկատուութիւնը 1 Մարտի ողբերգութեան մէջ նրա ունեցած դերի մասին:
Ի պատասխան BBC-ի հարցման՝ Կարապետեանը էլեկտրոնային նամակով գրել է, որ «նշուած հարցերի վերաբերեալ արդէն իսկ համապատասխան մարմիններին պարզաբանումներ է տուել»:
«Ես նրանց վերադառնալու անհրաժեշտութիւն չեմ տեսնում», ասել է գեներալը:
ՀՔԾն չի մեկնաբանել BBC-ի ստացած փաստաթղթերը՝ մերժումը պատճառաբանելով «նախաքննութեան շահերից ելնելով»:
ՀՔԾն երկու անգամ հարցաքննել է նախկին նախագահ Սերժ Սարգսեանին՝ 2019ի 1 եւ 6 Փետրուարին, երկու անգամ էլ որպէս վկայ, ըստ BBC-ի ստացած փաստաթղթերի: