Վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ Մոսկուայում տեղի ունեցած հայ գործարարների հանդիպմանը «Հայաստանի զարգացման նախաձեռնութիւններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Ռուբէն Վարդանեանը յորդորել է խօսել թուերով, այլ ոչ թէ կոչերով ու կարգախօսներով:
«Քանի որ մեզ մօտ գորածարար հանդիպում է, ոչ թէ հանարահաւաք, եթէ կարելի է, խօսենք թուերով, այլ ոչ թէ կոչերով ու կարգախօսներով: Մենք դրանք արդէն շատ ենք լսել: Ես երեք հարց ունեմ՝ առաջին. մենք կարող ենք շատ խօսել ներդրումների անհրաժեշտութեան մասին, բայց բիզնեսը սիրում է ստաբիլութիւն (կայունութիւն-Խմբ.) եւ կանխատեսելիութիւն: Որպէս ՀՀ վարչապետ ի՞նչ քայլեր էք ձեռնարկում կանխատեսելի միջավայր ստեղծելու եւ տարբեր շրջանակների միջեւ փոխգործակցութիւն հաստատելու ուղղութեամբ: Դուք հիմա գտնւում էք մի երկրում, որտեղ 100 տարի առաջ քաղաքացիական պատերազմ է սկսուել, որի արդիւնքում շատ մարդ է զոհուել, երկրի տնտեսութիւնը քայքայուել է: Աստուած մի արասցէ՝ ՀՀում անկայանութեան շրջան սկսուի: Երկրում առկայ քաղաքական ռիսկերը առաջնային են բիզնեսի տեսանկիւնից:
Երկրորդ. հարկերի առումով մենք անմրցունակ ենք, եթէ նոյնիսկ համեմատենք Վրաստանի ու Բելառուսի հետ: Դուք կարող էք ասել ներդրումներ արէք, չկայ կոռուպցիա (զեղծարարութիւն), բայց կոռուպցիայից բացի կայ մէկ այլ կարեւոր հարց, որը ես ուղղել եմ Տիգրան Սարգսեանին, Յովիկ Աբրահամեանին, Կարէն Կարապետեանին, հիմա ուզում եմ հարց ուղղել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորեանին, քանի որ դուք տնտեսագէտ չէք: Հայաստանում ամենաեկամտաբեր ընկերութիւնը ո՞րն է, ամենաեկամտաբեր ոլորտը ո՞րն է, որքա՞ն եկամտուտ է ստանում: Ձեր թիմին յորդորում եմ բիզնեսմենների հետ հաղորդակցուելիս խօսէք թուերի լեզուով, քանի որ դա աւելի հեշտ ու հասկանալի է: Պէտք է բացատրել՝ որքան ներդրում է պէտք անել, որքան կը կազմեն հարկերն ու եկամուտները: Հայաստանում 18 հարկատեսակ կայ, Վրաստանում‘ 6: Ի՞նչ էք պլանաւորում անել, որպէսզի ՀՀում էլ 6 հարկատեսակ լինի, թէ՞ չէք պլանաւորում: Դուք ՀՀ վարչապետն էք, մենք պատրաստ ենք աջակցել մեր երկրին, բայց լաւ կը լինէր որ դիալոգը (երկխօսութիւնը-Խմբ.) լինէր հէնց այս ֆորմատում, այլ ոչ թէ՝ «եկէք ամէն ինչ լաւ կը լինի» ձեւաչափում: Հաւատացէք, Կարէն Կարապետեանն էլ էր ասում՝ տղերք, եկէք, ամէն ինչ լաւ կը լինի, պրոբլեմ չի լինի: Յովիկ Աբրահամեանն ու Տիգրան Սարգսեանն էլ էին նոյնն ասում՝ ամէն մէկն իր ոճով: Բայց կարեւոր է, որ այս խօսքերը գործ դառնան: Հայաստանում ներդրողների ու դոնորների (նուիրատուների-Խմբ.) հանդէպ անարգանքը ֆանտաստիկ չափերի է հասնում: Խնդիրն այն է, որ ես չպէտք է գամ ասեմ՝ խնդիրներ ունեմ, ես երբ գումար եմ ներդնում այլ երկրում, գալիս ինձ ասում են՝ ինչ կարող ենք անել, որպէսզի դուք աւելի շատ ներդրումներ անէք: Ի՞նչ խնդիրներ կան, որոնք հնարաւոր է առաջանան: Հաւատացէք, պէտք չէ ճոխ սեղաններ բացել, պէտք է երկխօսութեան ձեւաչափ մշակել պետութեան ու բիզնեսի միջեւ՝ ոչ թէ՝ ինչ է ձեզ պէտք, այլ ինչով կարող ենք ձեզ օգնել ֆորմատում:
Երրորդ. դուք այժմ ՌԴում էք, այսեղ 2 մլն. հայ է ապրում: Ես ՀՀ անձնագիր չունեմ, ապրում եմ իմ կեանքով՝ իհարկէ մտահոգուելով հայրենիքի համար: Ի՞նչ կարող է տալ ՀՀն ՌԴի հայ համայնքին: Մենք սովոր ենք լսել, որ բոլորը «պէտք է տան» ՀՀին, իսկ ինչ է տալու ՀՀն Սփիւռքին: Այստեղ եւս անարգալից յարաբերութիւններ են: «Մեզ տուէք գումար, մենք ձեզ լաւ կը դիամաւորենք, հիւրընակելենք ձեւաչափն» անկենսունակ է: Ի՞նչ էք անելու, որպէսզի Սփիւռքի հետ յարաբերութիւնների բարելաւում լինի»:
Պատասխանելով Ռուբէն Վարդանեանի հարցին՝ Նիկոլ Փաշինեանը խօսեց հարկային օրէնսգրքի փոփոխութեան մասին: Նա ներկայացրեց եկամտահարկի նուազեցման նախագիծը, ասաց, որ քննարկում են փոքր բիզնեսը որոշակի հարկերից ազատելու տարբերակը, եւ որ նպատակը հարկային օրէնսգիրքը պարզեցնելն է:
«ՀՀում տնտեսութեան ամենամեծ ճիւղը գիւղատնտեսութիւնն է, բայց ո՛չ կառավարութիւնը, ո՛չ էլ գիւղացին չգիտի՝ ինչ ինքնարժէք ունի կարտոֆիլը: …Մենք 25 տարուայ մէջ նման բանաձեւ չունենք: …Կարող էին ասել՝ ով որտեղ որքան փայ պիտի մտնի, բայց ինքնարժէքի հաշուարկ չէր արուել: …ՀՀ-ում սկսել է վարկային տոկոսադրոյքների անկման գործընթաց, մենք որոշ երիտասարդների աննախադէպ ցածր՝ 5.5 տոկոսով հիփոտեքային վարկ ենք տրամադրելու: Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ է ժամանակ առ ժամանակ առաջ գալիս կայունութեան թեմա: ՀՀում տեղի է ունեցել յեղափոխութիւն, որի ընթացքում կայունութիւնը ոչ մի րոպէով չի խաթարուել: Հիմա անընդհատ տարբեր մարդիկ՝ լրագրողներ, մամուլ գրում են անկայունութեան մասին, խօսում են քաղաքացիական պատերազմի մասին: Էդ ինչի՞ մասին է խօսքը, մէկը կարա՞յ ինձ բացատրի: Այսօր ՀՀում իշխանութիւնը պատկանում է ժողովրդին եւ միշտ պատկանելու է ժողովորդին: Այդ ի՞նչ անկայունութիւն էք կանխատեսել: Ուզո՞ւմ էք ես ինձ միապետ յայտարարեմ, որ դա լինի կայունութիւն: Հայաստանում լինելու են ազատ, արդար ընտրութիւններ եւ ժողովրդն ում որոշի, որ նա լինի իշխանութիւն, լինելու է
իշխանութիւն: Եթէ ՀՀում լինեն ուժեր, որոնք ուզենան անկայնութիւն մտցնեն իրենց պատասխանը կը ստատանան՝ միարժէք ու աներկբայ: Յետոյ, իհարկէ, լաց կը լինեն՝ կ՛ասեն մենք քաղբանտարկեալ ենք, բայց մեզ իրենց լացը չի հետաքրքրում, որեւէ մէկը չի կարող ՀՀում անկայունութիւն մտցնել, ես ձեզ երաշխաւորում եմ: Անկայունութիւն ասելով ես նկատի ունեմ ապօրինութիւն: Բոլորն ազատ են օրէնքով նախատեսուած կարգով քաղաքական գործունէութիւն իրականացնել…», ասել է Ն. Փաշինեանը:
«Կոռուպցիային թոյլ չենք տալու կոկորդիլոսի արցունքներ թափել, կամ ասել՝ մենք ՌԴ բարեկամն ենք, մեզ բան մի ասէք, եթէ մեզ բան էք ասում, ուրմեն ՌԴին էք բան ասում: Ռուսաստանի բարեկամը ՀՀն ու հայ ժողովուրդն է, թող որեւէ մէկը իրեն ու իր կլանին չհամարի ՌԴ էքսկլիւզիւ (առանձնայատուկ-Խմբ.) բարեկամը ՀՀում», նշեց նա:
Ն. Փաշինեանը նշեց, որ հայ համայնքին չեն բաժանում իւրայինների եւ օտարների: Բոլորը իրենց բարեկամներն են եւ սա, ըստ Փաշինեանի, ամենամեծ աջակցութիւն է:
«Եթէ ՀՀ կառավարութունը չի ասում՝ որն է ՀՀում ամենաշահութաբեր բիզնեսը, էդ հարցում էլ դուք օգնէք, դուք ասէք, ո՞րն է ՀՀում այդ շահաւէտ բիզնեսը: Ի վերջոյ, այդ հաշուարկը պէտք է հիմնուած լինի հրապարակային թուերի վրայ: Ես զարմանում եմ, որ դուք էդքան ներվ էք ունեցել 5-6 վարչապետի նոյն հարցը անընդհատ տուել էք՝ արձանագրելով, որ նրանք պատասխան չունեն: Դուք շատ լաւ թիմ ունէք, եւ ձեր թիմին ասէք թող հաշուեն տան կառավարութեանը եւ անձամբ ինձ: Ես այդ թուղթը ջեբս կը պահեմ, յաջորդ անգամ, որ հարցնեն հպարտութեամբ կ՛ասեմ՝ «նախոտնոսթ»ը (փոխարժէքի փոխարժէքը-Խմբ.) էսքան է, շնորհակալութիւն պարոն Վարդանեանին, որ ինձ աջակցեց գտնել այդ հարցի պատասխանը», ասաց Ն. Փաշինեանը:
Ի պատասխան Ռուբէն Վարդանեանը նշեց. «Մենք սիրով դա կ՛անէինք, բայց քանի որ դուք որոշել էք դադարեցնել նման մի կառոյցի գործունէութիւնը… մենք նախորդ շաբաթ գրութիւն ստացանք, եւ ենթադրեցինք, որ դուք ինքներդ էք որոշել դա անել»:
«Խօսքը Ռազմավարական նախաձեռնութիւնների կենտրոնի մասի՞ն է: Այդ կենտրոնը երկու տարի է գործում է, մինչ օրս այդ հարցի պատասխանը չի ստացուել, եթէ դա ամենակարեւոր հարցերից էր, բա այդ կենտրոնը ինչո՞վ է զբաղուել», արձագանգեց ՀՀ վարչապետը:
«Այդ հարցն ուղղէք նախկին վարչապետին», ասաց Ռուբէն Վարդանեանը:
«Ես վարչապետ եմ դարձել ու տեսել, որ ՀՀում նախարարութիւններին զուգահեռ կան այլընտրանքային պետական համակարգեր՝ ԾԻԳեր, ՊՈԱԿներ եւ իրականացնում են այն գործառոյթները, որոնք պէտք է իրակացնեն նախարարութիւնները: Եւ այդ մարդիկ ստանում են վարչապետից, նախագահից բարձր աշխատավարձեր, բայց երբ կանչում, հարցնում ենք՝ ի՞նչ էք արել, պարզւում է՝ ոչինչ: Մեր պետական համակարգն ունի էլիտար (ընրանի-Խմբ.) եւ ոչ էլիտար մաս, եւ այդ երկուսին միաւորում է մէկ բան՝ երկուսն էլ ոչինչ չեն անում: Պարզապէս մի մասը ոչինչ չանելու համար բարձր աշխատավարձ է ստանում, միւս մասը՝ ցածր: Ես ասում եմ՝ դադարեցնում ենք սա», ասաց Ն. Փաշինեանը: