ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակի և մահվան 85-րդ տարելիցի շրջանակում նոյեմբերի 28-ին Մաշտոցի 17 բնակելի շենքի առաջնապատին (Չարենցի տուն-թանգարանի հարևանությամբ) գրողի հիշատակի հուշատախտակ բացվեց:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանն ընդգծեց՝ հուշատախտակը այն շենքի պատին է, որտեղ Չարենցն ապրել է կյանքի վերջին երկու տարին:
«Չարենցը Երևան եկավ 1919 թվականի աշնանը: Ապրել է տարբեր տներում. երբեմն ուղղակի մի անկյուն է զբաղեցրել: Երկար ժամանակ ապրել է նախկին «Ինտուրիստ», իսկ այժմ՝ «Երևան» հյուրանոցում: Մի օր այս փողոցով անցնելիս տեսնում է այս շենքը, որը կառուցման փուլում է լինում և իրեն հատուկ անմիջականությամբ ասում է, որ մի բնակարան պետք է խնդրի այս կարմիր տանը: Ինչո՞ւ կարմիր, քանի որ շենքը կարմիր տուֆից է: Նա խնդրում է բնակարանը: Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի կարգադրությամբ շենքի երրորդ հարկի երեք սենյականոց թիվ 12 բնակարանը տրվում է Եղիշե Չարենցին»,-պատմեց Ժաննա Մանուկյանն ու հավելեց՝ ըստ Արփենիկ Չարենցի հուշերի՝ այդ տանն են ծնվել գրողի «Նավզիկե» և մի շարք այլ հայտնի ստեղծագործություններ:
Նրա խոսքով՝ 1937 թվականի հուլիսի 26-ին անվտանգության աշխատակիցները ձերբակալում են Չարենցին և հենց այս շենքի մուտքից դուրս բերելով՝ բանտ տանում: Այդ օրվանից հետո նա այլևս երբեք մուտք չի գործել իր տուն:
Որոշ ժամանակ անց դատապարտվել է Եղիշե Չարենցի կինը՝ Իզաբելլան, որբացել են նրանց երեխաները: Հետագայում այդ տանը բնակվել են տարբեր ընտանիքներ, իսկ 1954 թվականին Ստալինի մահից հետո Չարենցն արդարացվել է: Մինչ այդ արգելված է եղել նրա մասին խոսել, նրա ձեռագրերը պահված են եղել նկուղներում: 1954-ից հետո ձեռագրերը դարձել են ժողովրդի սեփականությունը, իսկ 1964 թվականին Հայկական ՍՍՀ մինիստրների խորհուրդը, որի նախագահն Անտոն Քոչինյանն է եղել, որոշել է Չարենցի տունը վերածել մոմերիալ բնակարանի: Մինչև 1975 թվականն այդ բնակարանի աշխատակիցները զբաղվել են հավաքչական աշխատանքներով՝ ի մի բերելով Չարենցի կյանքն ու գրական ժառանգությունը ներկայացնող փաստաթղթեր:
1975-ին մեմորիալ բնակարանը պատրաստ էր այցելուներ ընդունելու: Հենց այդ շրջանում այդտեղ բացվել է հուշատախտակ, սակայն տարիներ առաջ հանվել է, քանի որ տարեթվերը սխալ են եղել:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն էլ շեշտեց՝ Չարենցը, որպես արևի պոետ, որպես կրակի, լույսի պաշտամունք ունեցող բանաստեղծ, մեր աշնան մեջ շատ արև ու լույս է բերել:
«Հոբելյանական միջոցառումների ընթացքում բազմիցս խոսել եմ նրա դերի, նշանակության մասին, մեր օրերում նրա կերպարի, նրա՝ որպես գոյաբանական կողմնորոշչի մասին: Իսկ հոբելյանական տարին հագեցած էր տարաբնույթ միջոցառումներով. մենք մի քանի անգամ ներկայացրինք երաժշտադրամատիկական հանդիսությունը՝ ճշգրիտ, փայլուն և հանրային հստակ ուղերձներով: Այս ընթացքում լույս են տեսել և դեռ հրատարակվելու են մի շարք գրքեր: Ուշադրություն է դարձվում Չարենցի ստեղծագործական ժառանգության թարգմանության խնդրին»,-շեշտեց Խզմալյանն ու ուրախությամբ փաստեց, որ միջոցառումներ տեղի են ունեցել ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Տավուշի, Լոռու մարզերում:
Հուշատախտակի հեղինակն Արմենակ Վարդանյանն է: Նրա մտահաղացման հիմքում ընկած է Չարենցի՝ դեպի արև, դեպի լույս, դեպի անհուն տիեզերք ձգտելու գաղափարը: Հուշատախտակի վերնամասում հարթաքանդակային լուծում է տրված. քարի մակերեսից դուրս եկող արևի ճառագայթներ, որոնք խորհրդանշում են Չարենցի մեծությունը, որը, չտեղավորվելով իր ժամանակի ու միջավայրի հեղձուկ սահմաններում, չհասցրեց իրագործել իր բոլոր մտահաղացումները: Մեջտեղում գունդ է, որը խորհրդանշում է արևը՝ Չարենցի հոգու լույսը: Նա հեռացավ, բայց ստեղծեց անեզր տիեզերական հայրենիք, իսկ իր ժառանգությունը ճառագեց որպես լույս՝ հարստացնելով հայ և համաշխարհային գրականությունը: