Մինչեւ անցնող դարաշրջանի երկրորդ կէսը հնդեւրոպական ժողովուրդներու նախահայրենիքը եւ կամ քաղաքակրթութեան բնօրրանը կը տեղադրուէր տարբեր վայրեր, որոնց շարքին` Պալքանեան թերակղզին կամ Մեզոփոթամեան (Միջագետք, Ա.): Հայկական Բարձրաւանդակի մասին գրեթէ խօսք չկար:
Սակայն քսաներորդ դարու եօթանասունականներուն ռուս երկու ականաւոր գիտնականներ` Գամկրելիծէ եւ Իւանով, հիմնուելով լեզուաբանական ճշգրիտ տուեալներու վրայ, ձեւաւորեցին նոր վարկած մը, որուն համաձայն, հնդեւրոպական ժողովուրդներու նախահայրենիքը պէտք էր որ ըլլար Հայկական Բարձրաւանդակը: Ասկէ կրնայինք հետեւցնել, որ հայ ժողովուրդը բնիկ է, ոչ թէ` եկուոր: Այնուհետեւ Ռաֆայէլ Իշխանեան եւ տարբեր մասնագիտութեան տէր կարգ մը այլ գիտնականներ զարգացուցին եւ նոր ապացոյցներով համալրեցին այս վարկածը եւ առաջարկեցին, որ Խորհրդային Հայաստանի մէջ հայ ժողովուրդի եկուոր ըլլալու տեսութեան կողքին, աշակերտներուն դասաւանդուի նաեւ բնիկ ըլլալու տեսութիւնը` իբրեւ երկրորդ վարկած:
Թէեւ մերժուեցաւ այս առաջարկը, սակայն նոր վարկածով սկսան հետաքրքրուիլ նաեւ այլ բանասէրներ, որոնց շարքին նաեւ` օտարներ, որոնք մարդկային քաղաքակրթութեան բնօրրանը սկսան տեղադրել Հայկական Բարձրաւանդակին վրայ:
Մենք, մեր հերթին` Ռաֆայէլ Իշխանեանի թելադրանքով եւ անոր տուած ցուցմունքներուն հիման վրայ, ուսումնասիրեցինք Գեղամայ լեռներու եւ Ուխտասարի ժայռապատկերներու խոհրդանշանները եւ բացայայտեցինք, որ անոնք հազարաւոր տարիներու ընթացքին եղափոխուելով ու զարգանալով` հասած են մինչեւ մեր օրերը: Թէեւ դարերու ընթացքին ոմանց իմաստն ու բովանդակութիւնը փոփոխուած է (երբեմն նոյնիսկ` մոռցուած), սակայն ձեւութային առումով, անոնք մնացած են գրեթէ նոյնը: Ու ամենակարեւորը, երբեմն ընդհատուած ըլլալով հանդերձ, անոնց շղթան չէ կտրուած: Այս մէկը կ՛ապացուցէ, որ նախնադարէն ի վեր մշակութային նոյն յատկանիշները կրող ժողովուրդ մը կը շարունակէ գոյատեւել նոյն տարածքին` Հայկական Բարձրաւանդակին վրայ: Այսինքն հայ ժողովուրդը բնիկ է, ոչ թէ` եկուոր:
Մեր օրերուն (հայ թէ օտար) պատմաբաններ, հնագէտներ, լեզուաբաններ եւ յարակից այլ գիտնականներ հետաքրքրուած են Հայկական Բարձրաւանդակի վրայ գոյացած մշակութային բոլոր շերտերով եւ յատկապէս հայոց լեզուի բազմակողմանի համեմատական ուսումնասիրութիւններով: Հնագիտական պեղումներու եւ համապատասխան ուսումնասիրութիւններու լոյսին տակ գիտնականներէն շատեր սկսած են եզրակացնել, որ իրօ՛ք գոյութիւն ունին տրամաբանական տուեալներ եւ իրեղէն ապացոյցներ, որոնք հնարաւորութիւն կու տան քաղաքակրթութեան կեդրոնը տեղադրելու Հայկական Բարձրաւանդակին վրայ ու ցոյց տալու հայ ժողովուրդի կատարած շինիչ դերը մարդկային քաղաքակրթութեան կազմաւորման ու զարգացման մէջ: Արդէն իսկ ուսումնասիրուած եւ գրուած են բազմաթիւ գիրքեր, յօդուածներ, ինչպէս նաեւ պատրաստուած են տեսերիզներ, ուր հին եւ զարգացած մշակոյթներու հետ այդքան առատ ու սերտ լեզուամշակութային առնչութիւններ կը բացայայտուին, զորս նկատի չառնելը կամ գիտակցաբար շրջանցելը պարզապէս հակագիտական կամ անլուրջ վերաբերմունք պիտի ըլլար պատմութեան կամ ճշմարտութեան հանդէպ:
Օրինակի համար, շումերներու, հին եգիպտացիներու, պասքերու, հարաւային Արաբիոյ` Եմէնի, եւ նոյնիսկ Փոլինեզեական կղզիներու բնիկներու լեզուներու եւ հայերէնի նմանութիւնները այս առումով յստակ են ու ճչացող: Տարիներ առաջ, 2015-ին հայրենիքի մէջ հրատարակուեցաւ «Հայ փոլինեզեական մշակութային ընդհանրութիւններ» խորագրով գիրք մը, որուն հեղինակը` լեզուաբան Լէյլա Ստեփանեան խճմտօրէն եւ ամենայն բծախնդրութեամբ ուսումնասիրելէ ետք Զատիկ կղզիի բնիկներու լեզուն` ռապանուերէնն ու հայերէնը, կու գայ այն եզրակացութեան, որ այս երկու լեզուները ցեղակից լեզուներ պէտք է որ եղած ըլլան:
Որպէսզի հիմնաւորած ըլլանք մեր խօսքը, ստորեւ կու տանք բաժիններ` քաղուած այն գրախօսականէն, որ գիրքի լոյս տեսնելու առիթով հրատարակուեցաւ «Լուսաւոր Աւետիս» կայքէջին մէջ:
ՄՈՎՍԷՍ ԾԻՐԱՆԻ
Որտեղ Սկսւում Է Հայագիտութիւնը
Եւ Ինչո՞ւ Են Լռում Հայագէտները
«Հայ-Փոլինեզեան Լեզուամշակութային Ընդհանրութիւններ». Լ. Գ. Ստեփանեան
Գիրքը լոյս է տեսել Երեւանում, 2015 թուականին: Նիւթին անծանօթ մարդկանց համար գիրքն ուղղակի անակնկալ է, քանի որ աշխարհագրական շատ թէ քիչ գիտելիքներ ունեցող մարդը, որ գիտի, թէ որտեղ են գտնւում Փոլինեզեան կղզիները, անմիջապէս հարցնում է. Հայաստանն ո՞ւր, Փոլինեզեան կղզիներն` ուր: Քանի որ մեզ նոյնպէս հետաքրքրեց այդ հարցը, եւ կարծում եմ շատերին եւս կը հետաքրքրի, այդ իսկ պատճառով փորձենք հասկանալ, թէ ի՛նչ կապ ունի իր հսկայ քարարձաններով յայտնի Զատիկ կղզին մեր հնագոյն երկրի` Հայաստանի հետ, եւ արդեօ՞ք դա այդքան կարեւոր է մեր բազում խնդիրներով ծանրաբեռնուած ու դատարկուող երկրի համար: Սակայն կարդալով գիրքը… աւելի լաւ է առաջ չանցնենք, սկսենք գիրքը կարդալ միասին, եւ կարծում եմ, որ կը հասկանանք, թէ ինչ է ճշմարիտ գիտութիւնը եւ ինչքան կարող է այն օգտակար լինել մեր ժողովրդի եւ մեր պատմութեան համար:
Նախ մի քանի տեղեկութիւններ Փոլինեզեայի մասին: Փոլինեզեան կղզիախումբ է Ովկիանիայում` Խաղաղ ովկիանոսի կենտրոնական մասում, մօտ 26 հազ. քառակուսի քմ ընդհանուր տարածքով: Կղզիները մեծ մասամբ հրաբխային ծագում ունեն, կլիման հասարակածային արեւադարձային է: Բնակչութիւնը հիմնականում հնաբնակ փոլինեզեացիներ են եւ տարբեր աշխարհամասերից գաղթածներ:
Հայաստանի նկատմամբ այս կղզիները գտնւում են Երկիր մոլորակի գրեթէ հակառակ մասում: Պատմական անլուծելի առեղծուածներից է համարւում Փոլինեզեայի մշակոյթի եւ ծագման հարցերը: Այդ մշակոյթի արմատները հետազօտողները փնտռել եւ փնտռում են ամէնուր, նոյնիսկ այն համարւում է այլմոլորակածին, որոշ հետազօտողներ այդ մշակոյթն ու գիրը նմանեցնում են Եգիպտոսի, Շումերի, Փերուի եւ այլ մշակոյթներին:
Ընդհանրապէս հնագոյն քաղաքակրթութիւնների առեղծուածների հարցով աշխարհի գիտնականների գործողութիւններում հետաքրքիր միտում է նկատւում. նախ` գրեթէ բոլոր հնագոյն քաղաքակրթութիւնները համարում են առեղծուածային եւ, չգիտես` ինչո՞ւ, ոչ մի ձեւով չեն կարողանում հասկանալ դրանց ծագումը: Ամենափայլուն օրինակն է շումերական մշակոյթը, որը համարւում է ամենահնագոյններից մէկը: Շումերները նշում են, որ իրենք եկել են Արատայից, նոյնիսկ նկարագրում են, թէ ինչպէս կարելի է գնալ Արատայ, որից էլ հասկանալի է դառնում Արատայի Շումերի հիւսիսում տեղադրուած լինելու մասին: Միջագետքից հիւսիս տեղադրուած է Հայկական Լեռնաշխարհը, սակայն, չգիտես` ինչո՞ւ, մեր այդ «գիտնականները» Արատան փնտռում են ամէնուր, բացի հիւսիսից, նոյնիսկ` հարաւում: Այսինքն, յարգելի՛ ընթերցող, ուր էլ լինէք, թէկուզ աշխարհի հակառակ մասում եւ յայտնաբերէք որեւէ հնագոյն մշակոյթ, որն աշխարհի գիտնականները յայտարարում են առեղծուածային, մի՛ կասկածէք, որ դա հաստատ հայկական է, ուղղակի այդ գիտնականները ոչ թէ չգիտեն, այլ չեն կարողանում «հայկական» բառը գրել, այդ բառի փոխարէն` նրանք սովորել են գրել առեղծուածային: Կարծում եմ, որ Փոլինեզեան մշակոյթի դէպքում էլ մենք ունենք նոյն պատկերը: Սա` ի միջի այլոց, իսկ հիմա փորձենք հասկանալ, թէ Լեյլա Ստեփանեանը ինչպէ՛ս է ապացուցում, որ մեզնից այդքան հեռու գտնուող Փոլինեզեան կղզիների առեղծուածային մշակոյթը հայկական է: Մեր լեզուաբան հեղինակը բնականաբար իր գործնթացը սկսում է լեզուաբանութիւնից: Հայ – փոլինեզեան լեզուական ընդհանրութիւնների մասին ուսումնասիրութիւններ չեն եղել, միայն Աճառեանն իր նկատած ակնյայտ ընդհանրութիւններն անուանել է պատահական նմանութիւններ:
Զատիկ կղզու գիրը կոչւում է Ռոնգոռոնգօ, այդպէս էին կոչւում նաեւ գրառուած տախտակները: Ռոնգոռոնգօ-ն բնիկների լեզուով թարգմանւում է «խօսող», որի հայերէն զուգահեռն է առոգել բառը, որը մեր հին լեզուով նշանակում է առոգանել, ասել, արտասանել, որն էլ հէնց բացատրում է «խօսող տախտակներ» անուանումը: Ռոնգոռոնգոն կարդում էին միայն քրմերը, հետագայում այս գրերը ոչ ոք չէր կարդում:
Ռապանուերէն լեզուի տարիքը նորագոյն հետազօտութիւնների արդիւնքում գնահատւում է մօտ 40-50 հազար եւ աւելի տարի (հայերէնի տարիքը գնահատւում է 6-8 հազար տարի): Այս լեզուն շատ վաղ է անջատուել միւս փոլինեզեան լեզուներից, եւ ընդհանրապէս Զատիկ կղզու նիւթական եւ հոգեւոր մշակոյթը աչքի է ընկնում բացառիկ պահպանողականութեամբ եւ հնատպութեամբ: Ռապանուերէն լեզուն գոյատեւել է ծայրայեղ մեկուսացուածութեան պայմաններում, չի կրել ոչ մի օտար լեզուի կամ մշակոյթի ազդեցութիւն:
Պատկերացում կազմելու համար նշեմ Վահան Սէթեանի գրառումը. «Ես գիտէի ռապանուերէն հայերէն 10 ընդհանուր բառեր, բայց պարզուեց, որ Լեյլա Ստեփանեանը գտել է 2000-ից աւելի ընդհանրութիւններ»: Տեղեկատուութեան համար նշեմ, որ ռապանուերէն լեզուի բառարանը ընդգրկում է 6000 բառ, որից ռապանուերէն հայերէն բառային ընդհանրութիւնների քանակը առայժմ հասնում է 3000-ի:
Այր ու կին
Tamaaroa (tama roa) բառակապակցութիւնը ունի արական, տղայ, արու իմաստը: Ռապանուերէն aroa բառն ակնյայտօրէն համապատասխանում է բնիկ հայերէն առն (այր) արմատին, նաեւ ռապանուերէն ariari- ամուր, ուժեղ, հայերէն` առնական: Tamahahine (tama ha hine), իգական, աղջիկ, մարի, էգ: Ռապանուերէնում ha hine բառը ունի կին իմաստը, այն համափոլինեզեան արմատ է, որտեղ h/k հերթագայութեան շնորհիւ գրւում է նաեւ kine, որը նոյնական է հայերէն կին բառի հետ: Այսպիսով, ռապանուերէն այր ու կին բառերը նոյնական են հայերէնի նոյն բառերի հետ:
Աղջիկ իմաստը ռապանուերէնում արտայայտում է uha-բառը-էգ, կին, դուստր, աղջիկ: Այս բառը համընկնում է հայերէնի իգական սեռի ցուցիչ` ուհի ածանցի հետ: Այսինքն ռապանուերէնը դա խիստ վաղնջական հայերէնն է, երբ ածանցները օգտագործւում էին որպէս առանձին բառեր, բացի այս` ուհի ածանցը հայերէնում համարւում է իրանական փոխառութիւն:
Լեզուների մերձաւոր ցեղակցութեան սահմանման համար առաջնային նշանակութիւն ունեն նաեւ քերականական ընդհանրութիւնները, որոնք նոյնպէս մանրամասն վերլուծւում են գրքի քերականութեան բաժնում:
Տեղանուանական եւ դիցանուանական ընդհանրութիւններ
Փոլինեզեացիները տիրապետում էին ապշեցուցիչ աստղագիտական գիտելիքների, Զատիկ կղզու արեւմտեան մասում է գտնւում «աստղերին հետեւելու քարանձաւը», որը, ըստ բնիկների վկայութեան, հիմնական աստղադիտարանն էր: Կարծում եմ կարիք չկայ կրկնելու Հայաստանը որպէս հնագոյն աստղագիտական կենտրոնի մասին բազմաթիւ գիտնականների կարծիքները: Զատիկ կղզու առաջին քարոզիչների վկայութեամբ, կղզու բնակիչների տներում պահւում էին մարդկանց եւ կենդանիների փոքրիկ արձանիկներ: Պարզւում է, որ այդպիսի սովորութիւն կար նաեւ հեթանոսական Հայաստանում: Ըստ որում` փոլինեզեացիներն իրենց այդ արձանները եղեգնեայ փռոցներով փաթաթելու սովորութիւն ունէին: Այդպիսի սովորութիւն կար եւ հեթանոսական Հայաստանում, ինչպէս գրում է Խորենացի:
Որեւէ տարածքի հնագոյն բնակչութեան ազգային պատկանելիութեան մասին ճիշդ եզրայանգումների համար խիստ կարեւոր են այդ տարածքի հնագոյն տեղանունները, քանի որ մարդկանց տեղաշարժերի ժամանակ վերաբնակիչները իրենց նոր բնակավայրը, գետերը, լճերը, լեռները անուանակոչում են նախորդ հայրենիքի անուններով: Հեղինակը բերում է բազմաթիւ տեղանունների օրինակներ, որոնք գրեթէ նոյնական են Հայկական Լեռնաշխարհի տեղանունների հետ, նշենք դրանցից մի քանիսը.
Vahanga փոլինեզեական կղզանուն եւ Վահագն հին հայոց դիցանուն,
Nairai կղզանուն Փոլինեզեայում-Նայիրի Երկիր` Հայկական Լեռնաշխարհում,
Tonga կղզեխմբի անուանումը Արեւմտեան Փոլինեզեայում-հայկական Տոնգա լեռնաբլուր`
Պոնտական լեռնահամակարգում,
Marutea կղզանուն Փոլինեզեայում-Մարութա լեռ Սասունի լեռներում:
Հավաիկի
Փոլինեզեական աւանդութիւնների համաձայն, նախնեաց առասպելական հայրենիքը կոչւում է Հավաիկի: Համընդհանուր նախահայրենիքի` Havaiki, Havaii, Avaiki, Havai, անունը սրբօրէն փոխանցուել է սերնդէ սերունդ, այդ անունով են կոչել կղզիախմբի ամենախոշոր կղզին: Փոլինեզեական բանահիւսական աղբիւրները նշում են, որ շատ դէպքերում առաջնորդները բնակութեան համար փնտռում, գտնում էին այնպիսի տարածքներ, որոնք յիշեցնում էին նախկին առասպելական հայրենիքը` Հավաիկին, «Առաջնորդը ոտնատակ տուեց նոր երկրի սարերը, ձորերը, լճերը, գետերը, մարգագետինները: Երբ նա տեսաւ իր առջեւ այնպիսի վայրեր, որոնք յիշեցնում են Հավաիկին, նա տուեց նրանց անուններ իր հայրենիքի յիշատակին:… Այսպէս նա միացրեց անցեալը ներկայի հետ…»:
Հավաիկի բառի ստուգուբանութեան համար բառը բաժանւում է Hava արմատի եւ iki ածանցի, վերջինս ռապանուերէնում ունի փոքրացնող եւ փաղաքշական նուազական իմաստ, ինչպէս եւ` հայերէնում: Պարզւում է, որ Hava անուանումը նոյնական է տեղական դիցարանի գերագոյն աստուած Haua անուան հետ, որի զուգահեռը գտնում ենք շումերական սեպագիր արձանագրութիւններում յիշատակուող Haia աստծուն: Այս երկու աստուածները նման են ոչ միայն անուններով, այլ նաեւ` բնութագրերով եւ գործառոյթներով, երկուսն էլ տիեզերական են: Իսկ քանի որ Էնկի-Հայա աստուածը նոյնացւում է հայոց անուանադիր նախնի Հայկի հետ, նոյնանում են նաեւ փոլինեզեան Haua եւ հայկական Հայկ աստուածները: Իսկ թէ ի՛նչ է նշանակում Haua աստծոյ անունը եւ ինչպէս է կոչուել նախաստեղծ երկիրը (Հայկական Լեռնաշխարհը), որը անշուշտ խիստ կարեւոր եւ հետաքրքիր է, կ՛իմանաք` կարդալով քննարկուող գիրքը: Միայն կարող եմ կարճ բնութագրել եզրակացութիւնը, որին յանգում է հեղինակը. այն խիստ կարեւոր է առաջին հերթին հայագիտութեան, ինչպէս նաեւ` ընդհանուր աշխարհաճանաչման համար. «Ահա թէ որն է նախաստեղծ Դրախտը այսօրուայ քարտէսի վրայ կղզու տեսքով որոնող ուսումնասիրողների սխալը. Դրախտը առաջնաստեղծ կղզին էր` Հաւաիկի/Հավիկ/Հաւք/Հայք/Հարք, որի շուրջը եւ որից յետոյ ծնուել ու հազարամեակներ յետոյ իրար են միացել բազմաթիւ կղզիներ` կազմելով մայր ցամաք, որտեղ Հայ (Ար-Ա.Հ.) աստուածը արարեց նախաստեղծ մարդուն»: Կարծում եմ այս եզրակացութիւնը վերջին տարիների հայագիտութեան եւ ընդհանրապէս աշխարհաճանաչողութեան ամենախոշոր նուաճումն է:
Այժմ` հսկայ արձանների մասին, որոնք մեծ քանակութեամբ տեղադրուած են Զատիկ կղզում: Այս արձանները կոչւում են moai, որը նշանակում է «արձան»: Պարզւում է, որ բառի moa արմատը նշանակում է նաեւ ընտանի թռչուն, հաւ, որով էլ այն անմիջականօրէն կապւում է մարդ թռչունի կամ Հայամարդու հետ: Այսինքն Զատիկ կղզու հսկայ արձանները պատկերում են բնիկների նախնիներին` Հայամարդուն: Իսկ ինչ վերաբերւում է արձանների հսկայակերպ լինելուն, յիշենք, որ փոլինեզեացիները իրենց համարում էին հսկաների սերունդներ, բացի այդ` չմոռանանք, որ Հայ նշանակում է նաեւ հսկայ:
Արա
Փոլինեզեան բարդ ու հարուստ դիցարանը գլխաւորում են 4 գերագոյն աստուածները, որոնցից մէկն է Oro (Օրօ)-ն է: Հեղինակը ցոյց է տալիս, որ Oro-ն նոյն հայկական Արան է, որը նոյնական է եւ իր անունով եւ իր բնութագրերով:
Ցանկացած երկրի տեղանունների մէջ շատ մեծ դեր ունեն յատկապէս լեռնանունները, որոնք յաճախ կրկնում են եկուորների նախահայրենիքի լեռնանուններին:
Rano Raraku. այս լեռը նոյնպէս ներկայացնում է խոշոր հրաբխային զանգուած, հսկայ խառնարանով եւ լանջերին քարհանքներով, որտեղ կերտւում էին հսկայական արձանները` Հայամարդերը, եւ որոնց բաւականին մեծ քանակութիւն տեղադրուած են հէնց այս լերան շրջակայքում:
Լեռնանուան Raraku նախաձեւից փոլինեզեան լեզուներին բնորոշ k/t համապատասխանութեան արդիւնքում ստանում ենք Rano Raraku= Rano Raratu, իսկ ա նախաձայնի յաւելումով Rano Araratu` հայերէն Լեառն Արարատ(ու):
Ներկայացնել ամբողջ գիրքը մի վերլուծական յօդուածում, այն էլ` այնպիսի մի գիրք, որը յագեցած է խորը, նրբագոյն եւ տրամաբանական ստուգաբանութիւններով ու վերլուծութիւններով, գրեթէ անհնար է, այդ պատճառով էլ մենք այստեղ կանգ կ՛առնենք եւ փորձենք ներկայացնել հեղինակի վերջնական եզրակացութիւնները:
Գրքում ներկայացուած նիւթերը հաստատում եւ ապացուցում են.
– Փոլինեզեան լեզուների եւ հայերէնի միջեւ բացայայտուած դիցաբանական, տեղանուանական, բառային, քերականական եւ այլ արտալեզուական ընդհանրութիւնները բաւարար հիմք են տալիս փոլինեզեացիների առասպելական նախահայրենիքը Հայկական Լեռնաշխարհում տեղադրելու համար, այսինքն Հայկական Լեռնաշխարհն այն ելակէտային տարածքն է, որտեղից փոլինեզեացիների նախահայրերը ճանապարհուել են «ծագող Արեւին ընդյառաջ»:
– Հիմնական բառապաշարի եւ քերականութեան` որակ կազմող ընդհանրութիւնները, երկու լեզուների կառուցուածքների ներքին օրինաչափութիւնների ու զարգացման միտումների նոյնութիւնը վկայում են, որ փոլինեզեան լեզուներից ամենապահպանողականը` ռապանուերէնը, վաղնջական հայերէնն է, այսինքն ռապանուերէնը հայերէնի համար ուղղակի սկզբնաղբիւրի արժէք է ներկայացնում:
– Դրախտը առաջնաստեղծ կղզին էր`
Հաւաիկի/Հավիկ/Հաւք/Հայք/Հարք, որի շուրջը եւ որից յետոյ ծնուել ու հազարամեակներ յետոյ իրար են միացել բազմաթիւ կղզիներ` կազմելով մայր ցամաք, որտեղ Հայ աստուածը արարեց նախաստեղծ մարդուն»: Առաջնաստեղծ ցամաքը կամ աշխարհածնութեան կենտրոնը Հայկական Լեռնաշխարհն է:
Իսկ այժմ, թէ ի՛նչը ստիպեց գրել այս վերլուծականը: Յարգելի՛ հայ ընթերցող, սա մի հրաշալի գիրք է, որը կարդացւում է ամենաբարձր աստիճանի կլանուածութեամբ: Գիրքը հրատարակուել է 2015-ին, արդէն բաւական է անցել, եւ ցաւօք գրեթէ ոչ մի արձագանգ չկայ: Մի՞թէ Հայաստանում չկայ ոեւէ հայագէտ, որ իր կարծիքը յայտնի այսքան կարեւոր հայագիտական գրքի մասին: Իսկ գուցէ մեր հայագէտներին հայագիտութիւնը այլեւս չի՞ հետաքրքրում: Խօսքը գնում է վաղնջական հայերէնի մասին, որի տարիքը գնահատւում է 40-50 հազար տարի, շնորհիւ այս ուսումնասիրութեան` հնարաւոր է դառնում հասկանալ ու ստուգաբանել հայերէն բազմաթիւ բառեր, տեղանուններ, դիցանուններ, ցոյց է տրւում, որ բազմաթիւ փոխառութիւններ յայտարարուած բառեր` բուն հայերէն են:
Կարծում եմ, որ այս գիրքը ոչ միայն ցանկացած հայագէտի համար պէտք է դառնայ ուսումնասիրման կարեւոր տարածք, այլ այն պէտք է ընդգրկել բարձրագոյն ուսումնական ծրագրերում որպէս հնագոյն հայերէնի ձեռնարկ:
ԱՐԱ ՅՈՎՀԱՆՆԷՍԵԱՆ
ՅՈՎՀԱՆՆԷՍ ԱԶԻԶԲԷԿԵԱՆ