ՅԱԿՈԲ ԲԱԴԱԼԵԱՆ
19 Մայիսին տեղի ունեցած ԵՏՄ երկրների վեհաժողով-տեսակոնֆերանսում ՌԴ նախագահ Պուտինն, անդրադառնալով գազի գնի վերաբերեալ Հայաստանի եւ Բելառուսի հարցադրումներին, նշել է, որ ԵՏՄ տարածքում գազի միասնական գնագոյացման մասին խօսելը վաղ է: Ըստ Պուտինի, այդ մեխանիզմի (գործիքակազմ- Խմբ.) համար պէտք է աւելի խորը ինտէգրացիա (համարկում-Խմբ.), ինչն այժմ գոյութիւն չունի: Նա յայտարարել է, որ եթէ Հայաստանի եւ Բելառուսի դիրքորոշումը այդ հարցում անփոփոխ է, ապա ԵՏՄ հնգամեայ ռազմավարութիւնից այդ կէտը արժէ հանել եւ ռազմավարութիւնն ընդունել առանց դրա:
ՌԴ նախագահը փաստօրէն յայտարարում է գազի հարցում զիջման գինը՝ աւելի խորը ինտէգրացիայ, ինչն այլ կերպ թերեւս կը նշանակի քաղաքական կապիտուլեացիայ (անձնատուութիւն- Խմբ.): Ըստ ամենայնի, ՌԴ նախագահի պայմաններից մէկը միասնական արժոյթն է, եւ Ռուսաստանը կարող է ռուբլու հիմքով միասնական արժոյթի պայմանով համաձայնել գազի միասնական գնին:
Մի բան անկասկած է, որ Մոսկուան դնում է կոշտ պայման՝ կամ գազի էժան, այսպէս ասած ներռուսական տրամաբանութեամբ ձեւաւորուող միասնական գին ստանալու համար եւրասիական պետութիւնները պէտք է հաւասարուեն ռուսական ռեգիոններին (շրջաններու-Խմբ.), կամ նրանց հանդէպ կը շարունակուի կիրառուել այն մօտեցումը, որ կայ մինչ այժմ:
Ի՞նչ պատասխանի են ի վիճակի Երեւանն ու Մինսկը: Թէեւ, այստեղ ի հարկէ Մինսկին դիտարկելով այդ հարցում պոտենցիալ (հաւանական-Խմբ.) դաշնակից, Երեւանը թերեւս որեւէ լուծման հարցում հաշուարկ չպէտք է կապի Բելառուսի հետ: Լուկաշենկոն այդ իմաստով բաւականին անկանխատեսելի է, ըստ այդմ Երեւանը պէտք է փնտրի իր լուծումները, մի կողմից Ռուսաստանի հետ աշխատանքը շարունակելով, միւս կողմից աշխուժացնելով աշխատանքը այլընտրանքային հնարաւորութիւնների ուղղութեամբ: Ի վերջոյ, ՌԴ հետ աշխատանքի արժանապատիւ արդիւնք ստանալ հնարաւոր է այն դէպքում, երբ կայ այլընտրանք, եւ Մոսկուան գիտէ, որ դա կայ:
Այդ իմաստով յատկանշական է նախօրէի տեղեկութիւնը, որ Իրանում Հայաստանի դեսպան Թումանեանը հանդիպել է այդ երկրի ԱԳՆ Եւրասիայի վարչութեան ղեկավարին, եւ զրոյցի ընթացքում շօշափուել է նաեւ գազի եւ էներգետիկ (ուժանիւթ- Խմբ.) այլ նախագծերի հարցը: Երեւանն անշուշտ պէտք է ձգտի իրանական գազային այլընտրանքի շուրջ համաձայնութեան, միաժամանակ սակայն փնտրելով երկրի ներսում այլընտրանքային, վերականգնողական էներգիայի կարողութիւններ:
Մեծ հաշուով, Հայաստանի համար ռազմավարական հեռանկարը պէտք է լինի հէնց դա, այլ ոչ թէ Ռուսաստանի հետ էժան գազի գնագոյացման մեխանիզմի հասնելը: Աւելին, Ռուսաստանի հետ այդօրինակ համաձայնութեան հասնել հնարաւոր է միայն մի դէպքում, երբ Մոսկուան գիտէ, որ համաձայնութիւն փնտրողը ամէեւին կախուած չէ այդ համաձայնութիւնից:
Միւս կողմից, հայ ժողովրդի, հայաստանեան կառավարութեան, միաժամանակ նաեւ հանրութեան առաջ սկզբունքօրէն կարեւոր հարց է՝ պատրա՞ստ է Հայաստանը ինքնիշխանութեան սկզբունքով չվարանել ռուսական պահանջների առաջ, անգամ եթէ տեսանելի ապագայում չլինի համարժէք ծաւալի որեւէ այլընտրանք:
Այստեղ Հայաստանի կառավարութիւնը, քաղաքական ուժերն ու հանրութիւնն ունեն բաց երկխօսութեան լուրջ անհրաժեշտութիւն:
«ԼՐԱԳԻՐ»