Ռուբէն Յովակիմեան
(շարունակութիւն)
Ասում են կարօտը խօսել չգիտի,
Բայց իմ կարօտը արտասուել գիտի․․․
Ասում են կարօտը զգալ չգիտի,
Բայց իմ կարօտը համբերել գիտի,
Նա ներել գիտի ու սիրել գիտի,
Ամէն մի բառը ու ամէն տառը
Նա յամառօրէն վերլուծել գիտի…
Բայց ես էլ կ’ասեմ,
Որ իմ կարօտը, տանջուել գիտի...
Պ. ՍԵՒԱԿ
Ասում են Հայաստանը չքուելու ենթակայ՝ անդունդի եզրին է([1]), բայց այլ է իրականութիւնը, եթէ նոյնիսկ մեր չարաբաստիկ հարեւանների ախորժակի համեմատ ինչ որ վտանգ նախատեսելի է, միայն թէ հայրենի պետական այրերը պէտք գիտենան դիմակայել մարտահրաւէրներին եւ կարծում եմ այդ ուղղութեամբ հնարաւոր ջանք չի խնայւում ճիշտ քայլեր անելու. թերեւս ամէն ինչ մեր ցանկութեամբ չի կարող լինել: Սակաւ են երկրները, որ իրենց ուզածի պէս են ընտրում սեփական վիճակը:
Արդէն մամուլը լայնօրէն տեղեկացնում է, թշնամու պարբերաբար իրագործած հրադադարի խախտումների մասին սահմանամերձ տարածքում, բայց Երեւանում խուճապի նշոյլ անգամ չկայ, այն դարձել է սովորական եւ ուշադրութեան չի արժանանում: Երբեւէ Երեւանի փողոցները այնքան մարդաշատ չեն եղել մեքենաների ու զբօսաշրջիկների ներկայութեամբ, ինչպէս սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, երբ կեանքը եռում էր ամառուայ սաստիկ տաքութիւնից յետոյ: Առիթ ունեցայ մի քանի ռուսի հետ զրուցել, եւ բոլորը հիացած էին մեր բազում ճաշատեսակների բուրմունքից ու համից, երկրի բնական պայմաններից, որ հասկանալի է տափակ միալար հսկայական տարածքներին վարժ մարդիկ տեսնում էին լեռնային բազմաբնոյթ տեսարաններ եւ Մասիս սարս իր աննախադէպ տեսարանով, իսկ նրանցից մէկը, նոյնիսկ իր զաւակին բերել էր Դիլիջանի միջազգային դպրոցում գրանցելու, քանզի այդ դպրոցի դաստիարակման եւ ուսման համբաւը լայն տարածում ունի, որ մեզ համար հպարտանալու տեղիք է տալիս, միայն թէ, այն ելքի դուռ կարող է դառնալ մեր «անփորձ ուղեղների» արտագաղթի առումով, եթէ մերոնք կարողանան զերծ չմնալ գայթակղութիւնից եւ օտարամոլ զգացումներից:
Անհնար է չնկատել՝ արդի երեւանեան պայմաններում թատերական ներկայացումների հարուստ եւ առատ առկայութիւնը, օպերան ներառեալ, բազում համերգներ, որոնց կողքին կամերային թատրոնը կարողացել էր բեմ հանել երաժշտական դպրոցների սաներին, որոնք ճիգ չէին խնայում լաւագոյնների շարքին դասուելու, որ շնորհակալ, քաջալերիչ եւ օգտակար երեւոյթ է:
Մէկ այլ հաճելի երեւոյթ է գրքի շնորհահնդէսին լայն տարածումը, որ լինում են թէ՛ տեղացի եւ թէ՛ սփիւռքահայ հեղինակների լոյս տեսած գրքերի առիթով: Այդպէս էր, որ ներկայ գտնուեցի, Յորդանան բնակուող մտաւորական Թադէոս Եսայեանի՝ բանաստեղծութիւնների «ԸՆՏՐԱՆԻ ԲԵՐՔԱՀԱՒԱՔ» գրքի շնորհահնդէսին՝ բարեհաճ կազմակերպութեամբ Շաքէ Մանկասարեանի, Վահան Թէքէեան կենտրոնի մէջ, ուր նաեւ առիթ ունեցայ իմ խօսքը արտայայտելու տեղացի թէ սփիւռքից ժամանած ջերմ եւ զգայուն գրասէր մտաւոր հասարակութեան ներկայութեամբ:
Տեղին է լռութեան չմատնել նման մի այլ երեկոյ՝ կապուած իմ հեղինակած «ՄԵՐ ԽՈՀԵՐԻ ՀԵՏ» գրքի տպագրութեան առիթով՝ Լուսինէ Զաքարեան տուն-թանգարանի սրահում, մեղուի ժրաջանութեամբ տնօրէն Սուսաննա Դաւթեանի նախաձեռնութեամբ եւ կազմակերպութեամբ, որին մեր երախտագիտութիւնն ու կատարեալ գոհունակութիւնն ենք յայտնում: Ափ ի բերան էի, թէ ինչպէս նրբամարմին այդ կինը կարողացաւ մի քանի օրուայ ընթացքին ի մի բերել հայրենաբնակ թէ սփիւռքահայ գրասէր մտաւորականների՝մօտ 50-ի չափ, որոնց շարքին թղթակիցներ, երգի արհեստավարժ կատարողներ եւ ասմունքողներ: Ամէնքը կարողացան իրենց ազատ կարծիքը յայտնել մինչեւ իսկ բուն նիւթից շեղուելով երկրում տիրող վիճակը մեկնաբանելով: Պարզ է որ շարքային քաղաքացին արդէն ձանձրացել է որեւէ դատարկ գաղափարախօսութիւնից կամ վարկանիշից զուրկ ցուցարարների սին խօսքից եւ ամէն ոք սրտի վրայ կուտակուած բեռից ազատուելու կամ լիցքաթափուելու կարիք ունի, մանաւանդ գինեձօնի գաւաթի ընթացքին:
Աւելորդ չեմ համարում նշել եւ ընդգծել, որ «Լուսինէ Զաքարեան» տուն-թանգարանը իր տնօրէնի շնորհիւ նոր վերելք է ապրում, նոր շունչ ու հոգի է մտել չորս պատերից ներս, երբ ամէն տարիքի բազում այցելութիւններ առիթ են ունենում պարբերաբար ունկնդրել նախկին տանտիրոջ ձայնագրութեան անզուգական ելեւէջները: Փառք ու պատիւ:
Իւրայատուկ կառոյց է մեր երկրի հասարակութիւնը, ինչպէս այլ երկրներում: Այն բազմաբովանդակ է եւ բազմաշերտ: Բարձրակարգ մտաւորականի կողքին կան յղփացած կիսագրագէտ միջակութիւններ՝ Րաֆֆիի Քաւոր Պետրոսի հոգեբանութեամբ, որ սողոսկում են քաղաքական կամ «բիզնեսի» միջավայր, նաեւ պետական աթոռի, որոնց «սրբութեան սրբոց»ը կեղծն ու սուտն է եւ դրամի գոյնից զատ այլ երանգ չեն ճանաչում, բայց յաջողում են երբեմն բարձր դիրքերի տիրանալ իրենց մակաբոյծի բնոյթով: Կա նաեւ իր իւղի մէջ տապկուող լայն հասարակութիւնը, որ քարշ է տալիս իր ճակատագրի համաձայն ունեցած վիճակը եւ սպասում հրաշքների մի աչքը յառած արտագաղթի ճանապարհին, որ յաճախ ընտրութիւն չէ, այլ հետեւանք: Մինչ այդ թշնամին հիւսում է իր սարդոստայնը, իսկ մերոնք իրար յօշոտելու նորանոր ծրագրեր են յղանում: Վերջին 30 տարուան ընթացքին ոչ մէկ համահայկական հաւաքոյթ չի եղել, որ կլոր սեղանի շուրջը նստէին երկրի ու սփիւռքի բանիմաց անձինք խելք-խելքի տալով, թէ մեզ համար ի՛նչ ուղիներ կան ծառացած մարտահրաւէրներին անսխալ դիմակայելու: Մինչդեռ անթիւ են երկիր փրկող ու դաս տուողները՝ տիտղոսով դաւաճանների կողքին որոնցից փրկուելու միակ ուղին համազգայնօրէն սթափուելն է, որ ուշանում է ցաւօք:
31-10-22 -Սեն Ռաֆայել
[1]Այդ է գուժում հայրենի գրաւոր թէ բանաւոր ընդդիմադիր մամուլը, սեւն ու ճերմակը իրար խառնելով: