https://www.lragir.am-Մեր զրուցակիցն է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը
Սև լճի հատվածում նորից կանխվել է Ադրբեջանի զինուժի առաջխաղացման փորձը, լարված է նաև Երասխի հատվածում, ունենք զոհեր: Ի՞նչ ռազմավարական նշանակություն ունի Սև լիճը, ինչու է Սև լճի տարածքում սադրանքների գնում:
Ըստ էության, այդ հատվածը ռազմավարական իմաստով շատ կարևոր է, որովհետև բարձունք է և թույլ է տալիս վերահսկողություն սահմանել նաև հարակից տարածքների նկատմամբ: Եթե քարտեզին ուշադիր ենք նայում, ապա այդ հատվածից մինչև Նախիջևան ամենանեղ հատվածն է` Հայաստանի տարածքով անցնող: Հավանաբար, նաև այդ նպատակն ունի: Բայց դրան զուգահեռ ակտիվանում է Երասխը, որովհետև եթե Սև լճի ուղղությամբ կա ռազմական ակտիվություն, նույնը եղավ նաև Երասխի մասով: Այսինքն մեկը Նախիջևանի սկզբի հատվածն է, մյուսը՝ ամենակարճ տարածքն է, որն ընկած է Սև լճից դեպի Նախիջևան հատվածում: Սա նշանակում է, որ իրենց նպատակը հնարավորինս ճնշելն է, սեղմելն է այդ հատվածը երկու կողմից և, բնականաբար, իրենք չեն հրաժարվել այդ միջանցքի գաղափարից: Հավանաբար այս ամենն արվում է այդ նպատակով: Ադրբեջանը չի հերքել միջանցքի գաղափարը, դա մենք ենք հերքում, որովհետև նման սահմանում չկա նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում: Մենք տեսանք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից Ֆրանսիան նույնպես հրապարակայնորեն մերժեց այդ տարբերակը՝ այն համարելով բավականին բացասական միջազգային փորձի օրինակով՝ հիշելով Դանցիգի միջանցքը:
Ալիևը նախօրեին անտրամաբանական է համարել Ռուսաստանի կողմից Հայաստանին զենք մատակարարելու հայտարարությունը: Նաև հայտարարել է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղություն կլինի, եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ընդհանրապես, նրա հայտարարություններն ի՞նչ նպատակ էին հետապնդում:
Սա փաստում է այն մասին, որ Ադրբեջանի պատկերացրած և մեր պատկերացրած խաղաղությունը ամենևին ներդաշնակ չեն մեկը մյուսի հետ: Ինչ վերաբերում է Ռուսաստանից Հայաստանին սպառազինություն մատակարարելուն, հիշեցնեմ, որ Ռուսաստանը նաև իրենց էր սպառազինություն մատակարարում այս տասնամյակների ընթացքում: Ինչպես ձևակերպում էին՝ «կոմերցիոն նպատակներով վաճառվող» այդ զենքն օգտագործվեց նաև Արցախում, այսօր էլ օգտագործվում է Հայաստանի դեմ: Այստեղ կարող է թվալ, թե դրանով նա դեմ է դուրս գալիս կամ քննադատում է Ռուսաստանին, բայց խորքում, քանի դեռ Ռուսաստանը մինչ այս պահը և հավանաբար առաջիկայում չի ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման փաստը Ադրբեջանի կողմից, դա անուղղակիորեն նպաստում է ադրբեջանական ագրեսիային: Այնպես որ այդ իմաստով, Ալիևի խոսքը, կարելի է ասել, քաղաքական սեթևեթանք է:
Ինչու ենք մենք Սև լճի հատվածում մեր և ադրբեջանցիների զբաղեցրած դիրքերը ելման դիրքեր համարում: Արդյոք դա ռուսական կողմից որպես սահմանազատման, սահմանագծման հիմք առաջարկվող գիծն է, թե ոչ:
Նախ հասկանանք, թե որն է պատճառը. եթե Ռուսաստանը ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականության խախտման փաստը Ադրբեջանի կողմից, ապա ինքը դաշնակցային հարաբերությունների շրջանակում պարտավոր էր լինելու պաշտպանել մեզ: Հիմա եթե Մոսկվան դա չի ճանաչել, չի ճանաչել նաև, որպեսզի ստեղծվի այս կոնֆլիկտային իրավիճակը: Իսկ եթե կա կոնֆլիկտային իրավիճակ, կա միշտ միջնորդելու հնարավորություն Ռուսաստանի համար: Այս իմաստով Ռուսաստանին ձեռնտու է, որպեսզի կոնֆլիկտը վերահսկելիության սահմաններում միշտ լինի, որ ինքը միշտ ունենա հնարավորություն ու լծակ ազդելու կոնֆլիկտի վրա, այդ թվում նաև միջամտելու իմաստով: Սա հենց դրանով էլ պայմանավորված է:
Ամեն դեպքում, միանշանակ է, որ թշնամին պետք է դուրս շպրտվի մեր տարածքներից, նաև հաշվի առնելով, որ դրա հետևանքով մեր սահմանամերձ համայնքները նշանառության տակ են: Ինչքա՞ն կարելի է ձգել այս պարանը, մինչև ո՞ւր:
Այդ պարանն ինչքան ձգվի, վերջում պոկվելու է: Հետևաբար, մեր հակազդեցությունը պետք է լիներ շատ ավելի վաղ: Ես հիշեցնեմ, որ եթե նրանք մայիսին գալիս և տեղակայվում էին, մենք հայտարարություններով ու կոչերով էինք սահմանափակվում, որ դուրս գան: Հիմա է, որ պաշտպանության նախարարը խոսում է սահմանը հատած յուրաքանչյուր ադրբեջանցու ոչնչացնելու մասին: Բայց այստեղ մի կարևոր հարց է առաջանում. այն դիրքերը, որտեղ նրանք հիմա տեղակայված են, համարվո՞ւմ են Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող իրավական տեսանկյունից, թե՞ դրանք մեր տարածքներն են, որոնց պաշտպանությունը պետք էր կազմակերպել շատ ավելի վաղ: Դրա համար, եթե հիմա դրանք համարում են ելման դիրք, նրանց ելման դիրքերը շատ ավելի հետ են եղել, քան այսօր այն դիրքերը, որտեղ ադրբեջանցիները տեղակայվել են:
Այս լարվածությունը լայնածավալ ռազմական գործողությունների կվերածվի՞:
Մենք ցանկացած զարգացման պետք է պատրաստ լինենք: Նույնը ասվում էր նաև Արցախի պարագայում, որ չի լինի ծավլային հարձակում, բայց մենք տեսանք, որ օրերից մի օր դա եղավ: Սա խոսում է մեկ բանի մասին, որ եթե մենք ուզում ենք կանխել նոր պատերազմը, մենք պետք է կարողանանք դա կանխատեսել և պատրաստ լինել պատերազմի, որ ստանանք այն ցանկալի խաղաղությունը, որի մասին մենք տասնամյակներ շարունակ խոսում էինք, բայց այդպես էլ չստացանք: Ինչ վերաբերում է թշնամուն, ապա հաստատապես նա պետք է հայկական տարածքներից դուրս շպրտվի: Թե դիվանագիտական դաշտում է պետք այդ աշխատանքը տանել, թե նաև ռազմական: