ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վճռաբեկ դատարանի շենքի դիմաց հունիսի 4-ին մեկնարկեց բողոքի ակցիա:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»–ը, ակտիվիստները ՀՀ վճռաբեկ դատարանից պահանջում են անհապաղ նիստի օր նշանակել և ազատ արձակել ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին:
ՀՀ վճռաբեկ դատարանը մայիսի 25-ին վարույթ էր ընդունել Սամվել Բաբայանի գործով բողոքը:
Սամվել Բաբայանը մեղավոր էր
Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ դրդել էր մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ մասնակցել ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Բաբայանի գործով փաստաբան Ավետիս Քալաշյանը ապրիլի 26-ին դիմել էր ՀՀ վճռաբեկ դատարան: Փաստաբանը բողոքարկում է Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների նստավայրի դատարանի դատավճիռը Սամվել Բաբայանին 6 տարվա ազատազրկման դատապարտելու մասին, որը ՀՀ վերաքննիչ դատարանը թողել էր անփոփոխ: