Գրեց՝ ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿԵԱՆ
1988 թուականի Փետրուարի 27-ից 29-ը Սումգայիթ քաղաքում տեղի ունեցաւ այն, ինչ որ տեղի էր ունեցել 1915 թուականին Արեւմտեան Հայաստանում։
Սումգայիթեան սպանդի օրերին, մոսկուացի մի խումբ ռուս գիտնականներ Գորբաչովին ուղղուած իրենց բաց նամակում գրել էին. «Ստալինեան գազանութիւններից յետոյ, մեր երկրում չի եղել մի այնպիսի բան, որն այսչափ ետ շպրտէր մեզ քաղաքակրթութիւնից դէպի վայրենութիւն»:
Այո՛, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչութեան սահմանադրական պահանջներին Ազէրիները հակադրեցին բիրտ ուժի եւ բռնութեան քաղաքականութիւնը:
Ռուս ականաւոր գիտնական, հայ ժողովրդի մեծ բարեկամ Անդրէյ Սախարովը ցաւով ու ցասումով գրել է. «… Ոչ մի խօսք ժողովուրդների բարեկամութեան մասին, եթէ մինչեւ սումգայիթեան դէպքերը, ոեւէ մէկի մօտ կասկած կար, ապա այդ ողբերգութիւնից յետոյ ո՛չ ոք բարոյական իրաւունք չունի պարտադրելու, որ Լեռնային Ղարաբաղը մնայ Ադրբեջանի կազմում»: (1988թ., Մոսկուա):
Պահոցային փաստաթղթերից ու հրապարակուած նիւթերից տեղեկանում ենք, որ 1988 թ. Փետր. 27-29-ը Ադրբեջանի իշխանութիւնները կազմակերպեցին Սում-
գայիթում բնակուող 18 հազար Հայերի ցեղասպանութիւնն ու տեղահանութիւնը, որ Սումգայիթում սպանուել է, ոչ թէ 26, այլ աւելի քան 400 Հայ, տուժել եւ խեղուել են առնուազը հազար հոգի, այդ թւում՝ երեխաներ, կանայք, տարեց մամիկներ ու պապիկներ։
Ականատեսների վկայութիւնները սահմռկեցուցիչ են. խելագար ամբոխը 16-ամեայ աղջնակին դէմ է առնում պատին, փորձում է բռնաբարել։ Աղջիկն ինքնապաշտպանութեան վերջին ճիգերն օգտագործելով ուզում է փախչել, բայց աւա՜ղ, դանակի բազմաթիւ հարուածներով սպանում են։
Կացնահարելով Արթօ Արամեանին, կտոր-կտոր են անում ու բակում այրում: Խելակորոյս մայրը որդուն ճանաչում է ոտքերից…
…Եւ մարդու գիտակցութեանն անյարիր, բազմաթիւ նմանատիպ վայրագութիւններ…
Խորհրդային Միութիւնը խաղաղ ժամանակներում երբեւէ չի վերապրել այն, ինչ տեղի ունեցաւ Սումգայիթում: Տասնից մինչեւ յիսուն եւ աւելի հոգինոց աւազակախմբերը սփռուեցին քաղաքով մէկ. ջարդում էին ապակիները, հրկիզում աւտոմեքենաները, բայց ամէնից գլխաւորը` փնտռում էին Հայերի:
Փետրուարի 28-ին մետաղեայ ձողերով, կացիններով, մուրճերով, ձեռքի տակ եղած այլ միջոցներով զինուած ջարդարարների թիւը զգալիօրէն աւելացաւ: Ամբոխը յստակ գիտէր իր անելիքը: Խմբերի բաժանուած, ներխուժում էին Հայերի բնակարանները, սպանում մարդկանց ոչ միայն իրենց տներում, այլեւ խելագար մոլուցքով դուրս էին բերում նրանց եւ փողոցներում ու բակերում հրապարակաւ ծաղրուծանակի ենթարկում: Դաժան տանջանքներից յետոյ, զոհերի վրայ բենզին էին լցնում ու ողջակիզում:
Հասան Մամեդովի ցուցմունքներից (դատական նիստի արձանագրութիւն, քաղ. Մոսկուա, ԽՍՀՄ գերագոյն դատարան, 18 Նոյեմբեր, 1988 թ.).-
«Միայն Փետրուարի 29-ին էր, որ Սումգայիթ մտան բանակային զօրքեր, սակայն նրանք ոչ թէ այդ պահից, այլ աւելի ուշ սկսեցին վերահսկել քաղաքը: Հայերի սպանութիւններն ու ջարդերը շարունակւում էին: Միայն երեկոյեան դէմ բանակային ստորաբաժանումները ձեռնամուխ եղան վճռական գործողութիւնների»:
«Կոմունիստ Սումգաիտա» թերթը (թիւ 57, 13.05.88 թ.) գրել է. «Բարդ իրավիճակի օրերին գործարանի (խողովակագլանման) արտադրամասում եղել են կացինների, դանակների եւ այլ առարկաների պատրաստման դէպքեր, որոնք կարող էին օգտագործուել խուլիգանամէտ տարրերի կողմից»:
1988 թուականի Փետրուարի 29-ին Կրեմլում կայացաւ Խորհ. Միութեան Կոմունիստական կուսակցութեան Կենտկոմի քաղբիւրոյի նիստը, որտեղ առաջին անգամ պաշտօնապէս, սակայն «յոյժ գաղտնի» նշուեց, որ Սումգայիթում զանգուածային ջարդերն ու կոտորածը իրականացուել են ըստ ազգային յատկանիշի, այսինքն բացառապէս հայազգի անձանց դէմ:
Սակայն ԽՍՀՄ պաշտօնական մարմինները շտապեցին արգելք դնել «Սումգայիթ» թեմայի վրայ, Հայերի զանգուածային ջարդերն արհեստականօրէն մասնատելով առանձին յանցագործութիւնների: Յանցագործութիւնները, որոնք ըստ ցեղասպանութեան մասին միջազգային համաձայնագրի, պէտք է որակուէին որպէս մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւն, որակուեցին իբրեւ «խուլիգանական դրդապատճառներով» կատարուած յանցագործութիւններ: Այլ կերպ ասած, քօղարկուեց տեղի ունեցած ցեղասպանութիւնը, իսկ նրա կազմակերպիչները հիմնայատակ «կորան» պաշտօնական մակարդակով:
* * *
32 տարի շարունակ հայ ժողովուրդն իր արդարացի ձայնով պահանջում է, որ Սումգայիթի հայերի դէմ ցեղասպանութեան կազմակերպիչներն ստանան իրենց արժանի պատիժը…
Աշխարհագրական դիրքի եւ բնակչութեան թուաքանակի համեմատ, այս 32 տարիների ժանակահատուածում, ոչ մի երկրի մասին այդքան չի խօսուել ու գրուել, որքան Լեռնային Ղարաբաղի մասին, որի հիմքում առկայ է ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹԻՒՆ բառն իր լիարժէք իմաստով. կը նշանակի 32 տարի ներքաշուած ենք պատերազմի մէջ, ուր մեր հակառակորդը դեռ չի վարժուել դէմ յանդիման կռուելուն, նա չի կարողանում ձերբազատուել իր վատ սովորութիւններից, այն է՝ խեղաթիւրել պատմութիւնը, սպանել Հայերին, հերոսացնել հայասպան դահիճներին։
ՉՊԱՏԺՈՒԱԾ ԵՂԵՌՆԸ
ՇԱՐՈՒՆԱԿՒՈՒՄ Է
Թուրքական ձեռագիրը փոխանցուել է Ադրբեջանին, հայատեաց քաղաքականութիւնը հասել է 21-րդ դար։
Սումգայիթի հայ բնակչութեան ցեղասպանութիւնը կանխաւ ծրագրուած էր… Գազանութիւնները մի խումբ խուլիգանների տարերային արարք չէին, ինչպէս փորձում էին այն ներկայացնել խորհրդային իշխանութիւններն ու դատական մարմինները: Ասուածի վկայութիւնն են հետեւեալ անհերքելի փաստերը.
– Ջարդերի համար նախատեսուած սառը զէնքերը պատրաստուել են քաղաքի արդիւնաբերական ձեռնարկութիւններում։
– Սումգայիթ քաղաքում ապրող Հայերի ֆիզիքական բնաջնջման նպատակով կազմուել են նրանց ցուցակները, իշխանութեան մարմինները ցուցաբերել են անգործութիւն։
– Հանրահաւաքներում ելոյթ են ունեցել ամբոխին քաջալերող յատուկ պատրաստուած սադրիչներ։ Տեղական ոստիկանութիւնը աջակցել է ջարդարարներին։
– Անջատուել են Հայերին պատկանող բնակարանների հեռախօսները, եւ այն թաղամասերի լոսաւորող լապտերները, որտեղ ընթանում էին ջարդերը։ Յստակ համակարգուել են աւազակախմբերի գործողութիւնները, ջարդարարներին բաժանուել են երկաթէ ձողեր, կտրուած խողովակներ, գետնաքարեր, բենզինով լցուած շիշեր եւ ալկոհոլային խմիչքներ…
– Զինեալ խմբերի կողմից փակուել են քաղաքի մատոյցները։ Տուժածներին օգնութիւն չի ցուցաբերուել քաղաքի բուժաշխատողների կողմից։ Վերացուել են յանցագործութիւնների հետքերը (ջարդուած խանութներ, բնակարաններ եւ այլ տարածքներ հապճեպ նորոգուել են) եւ արդարադատութիւնից թաքցուել են ցեղասպանութեան կազմակերպիչներն ու վայրագ գործողութիւններն իրագործողները։
Ունենալով բազմաթիւ փաստեր ու վկայութիւններ, մենք չենք կարողանում հասնել մեր արդար պահանջի վերջնակէտին՝ Հայոց ցեղասպանութեան ճանաչմանն ու Արցախի հիմնախնդրի կարգաւորմանը։
Մտահոգութեան տեղիք է տալիս՝ որտե՞ղ ենք թերանում, ինչպիսի՞ խանգարող հանգամանքներ կան, մի՞թէ կարելի է այսքան հանդուրժող լինել…
Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան բնակիչների ազատ ու անկախ ապրելու, ասել է թէ՝ իրենց երկրի տէրը լինելու արդարացի պահանջը գերտէրութիւնների համար դարձել է օրակարգի մշտական քննարկուող նիւթ, կը նշանակի աշխարհը հաշուի է առնում, որ ներկայացուող բոլոր փաստերը համապատասխանում են իրականութեանը։
Այլ կերպ, ո՛չ կը լինէր ԵԱՀԿ Մինսկի խումբ, ո՛չ էլ դիտորդական առաքելութիւններ, որոնք իրենց շարունակական այցելութիւններով, բազմիցս համոզուել են, որ Արցախը հայկական տարածք է, որ դարեր շարունակ, այնտեղ զտարիւն Հայեր են բնակւում:
Հարց է ծագում, եթէ այդպէս է, ինչո՞ւ Արցախը չի ճանաչւում որպէս ազատ ու անկախ երկիր…