Ռուբէն Յովակիմեան
«Ստի հացը հաճոյքով է ուտւում,
միայն թէ բերանդ աւազով է լցւում»:
Աւետարան
Սուտը եւ կեղծիքը շատ աւելի տարածուած եւ գործօն են, քան իրականութիւնն ու ճշմարտութիւնը, մանաւանդ միջազգային յարաբերութիւններում, քաղաքական դաշտում եւ մասնաւորապէս մամուլում, որ համատարած արատ է եւ որեւէ երկիր արտօնեալ չէ: Շատ հեռուն չփնտրելու համար, այս առաւօտ (20-3) «ՊԱՅՔԱՐ»֊ի առաջին էջի վրայ ազդարարում են թէ Արցախի վնասուած գազի վերակառուցումը սկուուած է, մինչդեռ օրեր առաջ աշխատանքները աւարտուած լինելու պաշտօնական հաստատում եղաւ եւ դեռ ի՞նչ կարծիքներ կ՝ունենանք:
Արդար լինելու համար՝ չեմ կարծում, թէ լուրը յայտնող լրագրողը ստելու հաճոյքը վայելելու փորձ է արած, բայց աներկբայ է, որ անփոյթ պատասխանատւութեան ծնունդ է երեւոյթը, որ տիրում է ամէնուր եւ երբեմն կարեւոր բնագաւառներում, որ ցաւալի է, բայց իրական: Ստում են ոչ բոլորը, բայց շատերը՝ պետական եւ քաղաքական գործիչները, նրանց յարակից պատգամաւորներն ու փաստաբանները, դատաւորներն ու ընդդիմադիր խմբաւորումները, մինչեւ իսկ երկրի ղեկավարը եւ այս նուաստ ցանկից պէտք է անջատել միայն երեխաներին, որ դեռ չեն ճաշակել ու վայելել ստախօսութեան պտուղները:
Շաբաթներ է, որ Ուկրաինայում տիրող դժոխքը գրաւել է երկրագնդի ուշադրութիւնը, խօսում եւ մեկնաբանում են շատերը՝ պաշտօնական վերադաս մարմիններ եւ բանից անտեղեակներ, միայն թէ տարբեր կողմերից հասնող լուրերը՝ միեւնոյն դիպուածի մասին, մեծ ի մասամբ լինում են իրականութիւնից շատ հեռու՝ կեղծ տեղեկութիւններ եւ որպէս մի նմուշ՝ ռմբակոծուել էր տարիներով լքուած մի ծննդատուն, բայց մի կողմի մամուլը այն ներկայացնում էր որպէս ոճիր նորածինների նկատմամբ, մինչ հակառակ կողմը փաստարկում էր, որ այդ կիսաւեր շէնքում տեղաւորուած էր մարտական ջոկատ, եւ ոչ մէկ երեխայ է գտնուել այնտեղ: Մէկ այլ համազօր դրուագ․ գիշերով քար ու քանդ են անում առեւտրի կենտրոն, եւ տուժող կողմը յայտարարում ութ զոհ, միեւնոյն ժամանակ յարձակուողը փորձում է հաւատացնել, որ այն զինամթերքի պահեստ էր: Որին հաւատալ կամ մերժել՝ դժուար է որոշել, բայց մի բան կասկածի ենթակայ չէ, որ ճշմարտութեան մի ոտքը հակառակորդի դաշտումն է:
Աւելորդ չեմ համարում նշել, որ Զելենսկին իր կոչով աշխարհասփիւռ ազգակից հրեաներին հայցում է, որ ծաւալուն պատժամիջոցների հետ մէկտեղ սատարել եւ ապահովել իր յաղթանակը այս անհաւասարակշիռ պատերազմում, եւ պատահական չէ, որ բարձրաստիճան դիրք ունեցող՝ ծագումով հրեաների բանակը գործի է անցել հակառուսական ելոյթներով տարբեր երկրներում, եւ օրերս Ֆրանսայի արդարադատութեան նախկին նախարարը կոչ էր անում նիւրնբերգեան դատարանի նմանուող ատեան ստեղծելու անհրաժեշտութիւնը, ուր Պուտինը լինի դատապարտեալը, քանզի նա Հիտլերի արդի կրկնօրինակն է: Այսու չի նշանակում, որ տրամադիր ենք մեղմացնել, քաջալերել եւ արդարացնել Պուտինի արարքները, քաւ լիցի, քանզի որեւէ պատերազմ ստեղծում է անմեղ զոհեր եւ անթիւ հաշմանդամներ՝ զանց չառնելով անհաշիւ աւերումները, բացի այդ նոյն Պուտինը, լինելով մեր «փրկիչ» դաշնակիցը, թոյլ տուեց թուրք֊ազերի հրոսակներին, սիրիացի ջիհադական վարձկանների մասնակցութեամբ, քառասուն չորս օրուայ դժոխային օրերին քար ու քանդ անել ազատագրուած Շուշին եւ մերձակայ տարածքները մարդկային զոհերով մէկտեղ: Պատժամիջոցի քայլ չէ՞ր այդ, մեր մի թիզ չզիջելու յամառութեան դիմաց:
Նման պղտոր մթնոլորտում տրամաբանութիւնից զուրկ եւ անհասկանալի է, որ հայրենաբնակների մի մասը դեռ հաւատում է, որ մեր վերջնական ապագան ռուսների հետ է՝ վասալի կարգավիճակով, այլ տարբերակ չեն տեսնում եւ չկայ, միեւնոյն ժամանակ իրար բզկտելը առկայ է՝ որպէս ապացոյց խորհրդարանում տիրող մթնոլորտը՝ մինչդեռ պարզ է եւ երկար ժամանակ է, որ անընդմէջ կրկնուում է, թէ մեր միակ փրկութիւնը միաւորման մէջ է[1], առնուազն վերապրելու տեսակով:
Սուտ չէ, որ մենք փոքր ենք, աւելի ճիշտ՝ փոքրացել ենք, բայց կան մեզանից աւելի փոքրեր, որ կարողացել են, տարբեր արհաւիրքների դիմակայելով եւ առանց իրենց ինքնուրոյնութիւնը փոխելու, ստեղծել միջավայր, որ յարիր է իրենց թէ՛ անցեալին եւ թէ՛ ներկային[2] մի առաւել պայմանով, որ նրանք ազերի կամ թուրքի դրացի չեն: Չգիտեմ ինչո՛ւ մենք այդ տեսակէտով յաջող ընտրութիւն չունեցանք եւ արդի Երեւանի փողոցներում քայլելով քիչ են մեր ինքնութիւնը յիշեցնող տարրերը, մանաւանդ տարբեր բնագաւառներում բուսած նորաձեւ կենցաղը՝ տիրակալ հեռախօս, հագուստ֊կապուստ, արուեստ եւ անյայտ ծագում ունեցող կրթական համակարգ՝ մասնաւոր համալսարաններով եւ տարբեր տեսակի դպրոցներով, որ ամէնուր դրսից եկածի հոտ է բուրում, որոնց պտղաբերութիւնը այն է, որ որոշ մակարդակի աշակերտներ, ըստ կրթութեան մարմնի պնդումին, անկարող են նոյնիսկ կարդալ, հուսկ մանկավարժներին վերապատրաստելու քայլեր են արւում, իսկ գաւառական սխալախօսութիւնը գրեթէ համատարած բնոյթի է:
Խոշորների խաժամուժի նմանուող խաղերի ընթացքին փոքրերն են, որ ոտքի տակ են մնում, ինչպէս այն եղաւ մեր երկրում, Վրաստանում եւ դժոխքի վերածուած՝ ոչ այնքան փոքր Ուկրաինայում, եւ տեսնենք, թէ ո՛վ է լինելու յաջորդը եւ մոռացութեան գիրկը չնետենք Աֆղանստանը, Իրաքն ու Սիրիան, որ դարձել էին նոր զէնքերի փորձադաշտ՝ բազում մարդկային կորուստներով եւ աւերուած բնակավայրերով:
Մեր պետական այրերի դերն ու պարտականութիւնն է՝ տիրող սուտ եւ կեղծ մթնոլորտում նաւարկել խելացիօրէն եւ զգուշութեամբ, քանզի խօսքը մեր լինել-չլինելու մասին է, եւ մի քանի անգամ չափելով է, որ որեւէ որոշում պիտի ընդունուի, մանաւանդ երբ գործ ունենք ազերի֊թուրք ճիւաղների հետ, իսկ նրանք պատրաստ են մեզ յօշոտել, քանզի չեն դադարում կրկնել թէ, ոչ միայն Արցախը, այլ նաեւ Սիւնիքը, Սեւանը եւ նոյնիսկ Երեւանը հայկական չեն:
Տխմարութիւնը անսահման է եւ նրա դէմ պայքար չկայ:
22-3-2022 ֊ Սեն Ռաֆայել
[1]Չարենցի ականջը կանչի:
[2].Յիշենք Բելգիան, Սինգապուրը, Լիւքսեմբուրգը, Անդորրան եւ այլն: