Մելինե Անումյան
Թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու
Ըստ ընդունված ստուգաբանության` սուֆիզմը կամ սուֆիականությունը առաջացել է արաբերեն սուֆ` բուրդ բառից, քանի որ ճգնավոր սուֆիները կրում էին քուրձ: Սակայն պարսիկ հանրագիտակ գիտնական Բիրունու տեսակետի համաձայն` այն առաջացել է հունարեն սոֆոս` իմաստուն բառից, որը, թերևս, արհեստականացված ստուգաբանություն է:
Սուֆիզմը կրոնափիլիսոփայական, միստիկական ուսմունք է իսլամում, որը ծագել է 8-րդ դարում Արաբական խալիֆայության մշակութային կենտրոններում` Բաղդադում, Բասրայում և այլն: Սուֆիզմի մասին պարզ պատկերացում կազմելու համար նախ և առաջ անհրաժեշտ է խոսել այն հասարակության մասին, որում սուֆիզմն առաջացել է:
Պետք է նշել, որ մուսուլմանական համայնքն իր գոյության առաջին տասնամյակներում ձեռքի տակ չուներ հասարակական կյանքի կարգավորմանն ուղղված նորմերի որևէ ժողովածու: Մուհամմադ մարգարեի կյանքի օրոք նման ժողովածուի կարիք չէր էլ զգացվում, քանի որ յուրաքանչյուր խնդիր լուծվում էր աստվածային հեղինակություն վայելող Մուհամմադի կողմից: Սակայն վերջինիս մահից հետո իրերի դրությունը փոխվեց: Ղուրանը, որը զերծ չէր հակասություններից, չէր տալիս բոլոր հարցերի պատասխանները: Ղուրանը պահանջում էր լրացում, իսկ նման լրացման միակ աղբյուր կարող էին լինել մարգարեի մերձավոր զինակիցների հուշերն այն մասին, թե ինչ էր ասում մարգարեն համանման իրադրության դեպքում: Մուհամմադի մահին հաջորդած առաջին տարիներին նման մարդկանց գտնելը, բնականաբար, դյուրին էր, բայց հետագայում տարված նվաճողական պատերազմները և երկպառակտչական պայքարը զգալիորեն նոսրացրին նմանատիպ մարդկանց շարքերը: Սկզբնաղբյուր հանդիսացող մարդկանց գտնելը հետզհետե ավելի էր բարդանում: Երբեմն ստիպված էին լինում գոհանալ տեղեկություններով, որոնք տալիս էին այն մարդիկ, ովքեր` իրենք էլ այս կամ այն ավանդությունը լսել էին արդեն ոչ թե անձամբ Մուհամմադից, այլ նրա զինակիցներից: Այդպիսով, նման ավանդությունների` հադիսների (hadis- Մուհամմադ մարգարեի խոսքը) գրանցումը ձեռք է բերում անփոխարինելի նշանակություն: Ի հայտ է գալիս մի նոր մասնագիտություն` մուհադիսների մասնագիտությունը, որոնք ամփոփում էին հադիսները: Բնականաբար, հադիսն արժանահավատ էր համարվում ապացուցվելուց հետո միայն: Հադիսի ստույգ լինել-չլինելու երաշխիք էր հանդիսանում, այսպես կոչված, իսնադը (isnat / isnad- բառացի թարգմանվում է՝ վերագրում), որը ենթադրում էր բոլոր փոխանցողների անունների ճշգրիտ թվարկում: Առաջին մուհադիսները մեծ հեղինակություն էին վայելում ժողովրդի կողմից, սակայն հետագայում ի հայտ են գալիս հադիսները կեղծող մուհադիսներ, որոնք տեղեկությունները խեղաթյուրելով` դրանք ծառայեցնում էին իշխանավորների շահերին:
Այնժամ հասարակ ժողովրդի խավից ելնում են մեկ այլ տիպի մուհադիսներ, որոնք առաջ են քաշում հետևյալ դրույթը. վստահության է արժանի միմիայն այն մուհադիսը, որը ոչ միայն հաղորդում է հադիսները, այլև հավատարիմ է մնում դրանց: Հավատարմության տակ հասկանում էին Մուհամմադի կյանքի ընդօրինակումը, որն ապրել էր ճգնավորի պես: Այս տիպին պատկանող մուհադիսների շրջանում սկսում է զարգանալ ճգնակեցությունը: Թեև այդ ժամանակ «սուֆի» եզրը դեռ գոյություն չուներ, սակայն հենց այս տիպին պատկանող մուհադիսներին էլ պետք է ընկալել որպես սուֆիզմի գաղափարախոսության հիմնադիրների: Այս ասկետիկ ուղղությունը սկսում է տեսական հիմնավորումներ փնտրել իր ուսմունքի համար: Վաղ շրջանի սուֆիզմին (8-11-րդ դարեր) բնորոշ է պանթեիզմը, որի տարրերը պահպանվեցին նաև հետագայում: Սուֆիզմը կրել է նաև բուդդայականության, նեոպլատոնականության, քրիստոնեության և զրադաշտականության ազդեցությունը:
9-րդ դարում մշակվել են սուֆիզմի գաղափարախոսության հիմնական կատեգորիաները, համաձայն որոնց` Աստված գոյություն ունեցող ամեն ինչի սկզբնապատճառն է, սակայն Աստված վեր չէ իր ստեղծածից. Աստծո էությունը թափանցել է բոլոր իրերի մեջ: Սուֆիզմում հիմնականը Աստծու միստիկական ճանաչման գաղափարն է: Ըստ սուֆիզմի, Աստված այն ամբողջականությունն է (քուլ), որից առանձնացել են բոլոր մնացած մասերը: Վերջիններս, սակայն, ձգտում են վերամիավորվել ամբողջականի հետ: Մարդը կարող է հասնել վերամիավորման` ձուլվել
Աստծո հետ՝ միայն թարիքան` ինքնակատարելագործման ճանապարհն անցնելով: Մուրիդը (նորադարձը) թարիքան անցնում է մուրշիդի` հոգևոր ուսուցչի ղեկավարությամբ: Միստիկական ինքնակատարելագործման ճանապարհը բաժանվում է 3 հիմնական էտապների`
1.շարիա
2.թարիքա
- հաքիքա
Առաջին էտապը` շարիաթի, այսինքն` բացարձակ օրենքի գործադրումը, պարտադիր էր ոչ միայն սուֆիի, այլև յուրաքանչյուր ուղղադավան մուսուլմանի համար: Համաձայն սուֆիզմի` իսլամի հիմնական դոգմաները յուրացրած և հասունացած մուսուլմանի առջև միայն կարող էր բացվել թարիքան (բառացի` ճանապարհը, ուղին):
Թարիքա տերմինն առաջացել է դեռևս 9-րդ դարում և ենթադրել տարբեր բարոյահոգեբանական մեթոդներ, որոնց օգնությամբ սուֆին կարող էր հասնել իր վերջնական նպատակին, այն է` անէանալ Աստծո մեջ: Աստծուն միաձուլվելու գերագույն միստիկական վիճակը կոչվում էր հալ (hal- բառացի՝ վիճակ, դրություն): Թարիքան բաղկացած էր 7 կանգառներից, որոնք կրում էին մաքամ (makam-բացի կանգառ իմաստից, ունի նաև պաշտոն իմաստը) անվանումը: Այդ մաքամներից յուրաքանչյուրն իրենից ներկայացնում էր տվյալ փուլին հատուկ հոգեկան վիճակ:
Ճանապարհի սկիզբ կամ առաջին մաքամ էր համարվում թաուբան` ապաշխարհանքը: Այն դեպքում, երբ շարիաթում թաուբա նշանակում էր մեղքի գիտակցում ու զղջում, սուֆիական հասկացողությամբ այն ավելի խորքային էր դառնում: Համաձայն սուֆիզմի, տվյալ էտապում փոխվում էր մարդու կողմնորոշումը. նրա բոլոր մտքերն ուղղվում էին Աստծուն:
Երկրորդ մաքամ էր համարվում վաբաան` շրջահայացությունը, որը ենթադրում էր խիստ տարբերակումներ մտցնել հալալի և հարամի միջև: Երրորդ փուլ կամ մաքամ էր զուհդը` ժուժկալությունը, որն ուներ տարբեր երանգներ. ժուժկալել առատությունից, ամեն անցողիկից, այսինքն այն ամենից, ինչը կարող էր հեռացնել աստծուց: 10-րդ դարում «զուհդ» հասկացությունն ավելի լայն իմաստ է ձեռք բերում` շքեղությունից հրաժարումից հասնելով մինչև յուրաքանչյուր ցանկության բացակայության:
4-րդ մաքամը կամ կանգառն էր համարվում աղքատությունը (ֆաքրը), որը հետագայում բացի նյութական բարեկեցության բացակայությունից ձեռք է բերում նաև հոգևոր աղքատության իմաստ: Մուհամմադին վերագրվող «Աղքատությունն իմ հպարտությունն է» խոսքերի ազդեցությամբ՝ ֆաքրը ընկալվում էր որպես ոչ այնքան նյութական աղքատություն, որքան՝ Աստծո առաջ մարդու աղքատ լինելու մասին գիտակցում, քանի որ մարդը չուներ որևէ բան, որ չբխեր Աստծուց:
Եվ քանի որ զուհդն ու ֆաքրը ենթադրում էին տհաճ ապրումներ, դրանցից բխում էր հաջորդ փուլը` սաբրը (համբերությունը), որը սուֆիի գլխավոր առաքինությունն էր: Այս եզրն ուներ տարբեր բնորոշումներ, որոնց հանրագումարը հանգեցնում էր հետևյալ գաղափարին. սուֆին պետք է հնազանդորեն ընդուներ այն ամենը, ինչին դժվար էր դիմանալ:
6-րդ մաքամը կամ կանգառն էր համարվում թավաքքուլը` Աստծուն ապավինումը, ըստ որի` մարդը թոթափում էր վաղվա օրվա հետ կապված բոլոր տեսակի հոգսերը` ապավինելով Աստծուն: Այս մաքամից էլ կարելի է բացատրել «Սուֆին իր ժամանակի որդին է» արտահայտության առաջացումը: Թավաքքուլի մասին գաղափարը ենթադրում էր լիովին հրաժարում սեփական կամքից և շատ վտանգավոր էր, քանի որ հանգեցնում էր մարդու յուրաքանչյուր գործունեության դադարեցման: Այդ-իսկ պատճառով արդեն 11-րդ դարում ի հայտ եկան հակափաստարկներ այս գաղափարի դեմ, ըստ որոնց` Աստծո կողմից ընձեռնված միջոցներով գործող մարդը կատարում է Աստծո կամքը:
7-րդ և վերջին էտապն էր ռիդան` հնազանդությունը, այսինքն այն հոգեվիճակը, որի դեպքում սուֆին ոչ միայն հնազանդորեն ընդունում է ճակատագրի հարվածները, այլև չի էլ մտածում վշտերի մասին, քանի որ նրա բոլոր մտքերն ուղղված են իր գերագույն նպատակին: Ռիդա մաքամով էլ ավարտվում է թարիքաթը, և ճանապարհորդն արդեն պատրաստ է հաքիքաթի համար:
Պետք է նշել, որ որոշ չափով հոգեբան հանդիսացող սուֆիների ուշադրությունից չէր կարող վրիպել նաև կարճատև տրամադրությունները կամ պոռթկումները, որոնք նշանակվել են «հալ» (վիճակ) տերմինով: Ենթադրվում էր, որ ի տարբերություն մաքամի` հալին սեփական ջանքերով հասնելն անհնարին էր: Այն Աստծու ողորմածությունն էր և անհետանում էր նույնքան արագ, որքան որ առաջացել էր: Ամբողջ թարիքան անցած սուֆին հասնում է իր անձի լիակատար ոչնչացմանը` ֆանային, և լիովին լուծվելով Աստծո էության մեջ՝ հասնում իր գլխավոր նպատակին` հաքիքաթին (իրական, ճշմարիտ կեցությանը) և ներըմբռնողաբար` ինտուիտիվ կերպով, ճանաչում Աստծո էությունը և իր համամասնակցությունը:
Վերոշարադրյալից պարզվեց, որ սուֆիները շատ կարևոր դեր են վերապահում էքստազին: Դրան հասնելու համար նրանք ձգտում են գտնել օժանդակ միջոցներ, որոնցից մեկն էլ գործիքային երաժշտությունն էր, որը զուգակցվում էր գեղարվեստական խոսքի հետ: Երաժշտություն լսելը կրում էր սամա (արաբերեն` լսել) անվանումը, որի իրական նպատակը, սակայն, էքստազ առաջացնելն էր: Սաման կիրառվում էր ոչ միայն դերվիշական համայնքի հավաքներում, այլև, այսպես կոչված, մաջլիսներում` դռնբաց ժողովներում, որոնք անցկացվում էին շաբաթվա որոշակի օրեր, որոշակի վայրերում: Հավաքը բացվում էր Ղուրանից որևէ հատվածի ընթերցմամբ, ապա շեյխերը սկսում էին քարոզ կարդալ, որը հերթագայվում էր երգեցողությամբ: Սամայի կիրառումը խիստ քննադատության էր ենթարկվում ուղղադավան աստվածաբանների կողմից, բայց և այնպես, սաման հաղթանակեց ու զարգացավ: Ուշագրավ է, որ սուֆիները այդ նպատակով նույնիսկ պրոֆեսիոնալ երգիչ-երգչուհիների էին բերում մաջլիսներ: Այդպիսով` պոեզիան դառնում է անհրաժեշտ ատրիբուտ` սուֆիական զրույցի համար:
Սուֆիները, կիրառելով բանաստեղծական հատուկ սիմվոլիկա, հատկապես սիրային քնարերգության ձևով արտահայտել են կրոնամիստիկական գաղափարներ ու զգացմունքներ: Այս կամ այն չափով սուֆիզմի հետ է կապված միջնադարյան Արևելքի գրեթե բոլոր անվանի բանաստեղծների գրական ժառանգությունը: Սուֆիզմը որոշ ազդեցություն է գործել նաև ոչ մուսուլմանական գրականությունների վրա: Սուֆիզմի որոշ տարրեր են նկատվում տրուբադուրների գրականության մեջ, ինչպես նաև` հայ գրական մտքի վրա (Կոնստանդին Երզնկացու սիրերգությունը, Սայաթ-Նովայի թուրքական խաղերը և այլն):
Սուֆիզմը առաջին հերթին քաղաքային բնակչության միջին և չքավոր խավերի գաղափարախոսությունն էր, այն հակադրվում էր ուղղափառ իսլամին, կոչ անում հրաժարվել կեղծ բարեպաշտությունից` մարդու գործունեության և հավատի գլխավոր չափանիշ ընդունելով բարոյական մաքրությունը: Այդ պատճառով մուսուլմանական ուղղափառ հոգևորականությունը հալածում էր սուֆիզմի կողմնակիցներին: 11-րդ դարում ալ-Ղազալին ձևափոխեց սուֆիզմը և համապատասխանեցրեց ուղղափառ իսլամին:
Հնարավոր չէ պատկերացում կազմել միջնադարյան Արևելքի մշակութային կյանքի մասին` առանց սուֆիական գրականության ուսումնասիրման: Սուֆիական գրականության դասականները շարունակել են ազդեցություն ունենալ արևելյան գրականության մյուս ուղղությունների վրա ընդհուպ մինչև 20-րդ դարի սկիզբը: Սուֆիզմի գաղափարախոսությունը մինչ օրս էլ տարածված է մուսուլմանական աշխարհում: