ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
«Սա իմ երկրորդ այցն է Արցախ: Առաջին այցս, որ կատարած եմ հինգ տարի առաջ` 2014-ի գարնանը, զուտ զբօսաշրջային էր` ճանաչողական: Այս անգամ առիթ ունեցայ Արցախը` հայոց պատմական հայրենիքի ազատագրուած, հերոսական հատուածը նորովի ճանաչելու` գտնուելով գիտակրթական մտքի այս օճախի հիւրընկալ յարկի ներքոյ»: Այդ մասին լիբանանահայ անուանի հրապարակագիր, աստուածաբան, Արաբական ծոցի երկրների Աստուածաշնչային ընկերութեան ընդհանուր քարտուղար, դոկտոր Հրայր Ճէպէճեանը յայտարարել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Պէյրութի տպագրատանը 2018թ. հրատարակուած իր նոր գրքի` «Սփիւռքահայ կեանքեր ինչպէս որ ես տեսայ» ճամբորդական նոթերի ու յօդուածների հատորի շնորհահանդէսին, որ կայացել է սեպտեմբերի 30-ին` Արցախի պետական համալսարանում (Արպհ): Հեղինակի հաղորդմամբ, գրքի այս հերթական հանրային ներկայացմանը նախորդել են ՀՅԴ Լիբանանի Կենտկոմի օրկան «Ազդակ» օրաթերթի խմբագրատանը, ապա եւ Երեւանի պետական համալսարանում օրերս անցկացուած շնորհահանդէսները: Նա յայտնեց նաեւ, որ հրատարակութեան յօդուածաշարը տարբեր տարիների մեծաւ մասամբ հրապարակուել է «Ազդակ»-ի էջերում, որի մշտական հեղինակներից է ինքը, ինչպէս նաեւ` սփիւռքի եւ մայր հայրենիքի մի շարք այլ պարբերականներում: Ի դէպ, ինչպէս նշուեց միջոցառմանը, գրքի արցախեան շնորհահանդէսն իրականացուել է հէնց «Ազդակ»-ի խմբագրութեան, անձամբ խմբագրապետ Շահան Գանտահարեանի երաշխաւորութեամբ եւ առաջարկութեամբ, բնականաբար` նաեւ ԱրՊՀ ղեկավարութեան սիրալիր, հիւրընկալ աջակցութեամբ:
Հաշուի առնելով, որ Արցախի մայր բուհի գլխաւոր մասնաշէնքը ներկայումս հիմնանորոգման ընթացք է ապրում, ուստի միջոցառումը կազմակերպուեց ժամանակաւոր վարչական շէնքի առաջին յարկի` նման հանրային միջոցառումների համար առժամանակ յարմարեցուած մարզասրահում` մեծ թուով ուսանողների, ինչպէս նաեւ փրոֆեսէօրա-դասախօսական անձնակազմի անդամների, հրաւիրեալ պետական եւ կրօնական կառոյցների, տեղական լրատուամիջոցների ներկայացուցիչների մասնակցութեամբ: Շնորհահանդէսը վարում էր համալսարանի նախագահ, յայտնի բառարանագէտ, բանասիրական գիտութիւնների թեկնածու, դոցենտ Արմէն Սարգսեանը: Նախքան ձեռնարկը` համալսարանի նախագահն իր աշխատասենեակում սիրով ընդունել եւ առանձնազրոյց էր ունեցել դոկտոր Ճէպէճեանի հետ` մտքերի փոխանակում կատարելով Արցախ-սփիւռք կրթական կապերի արդի վիճակի, դրանց հետագայ աշխուժացման ուղիների ու միջոցների, յարակից այլ հարցերի շուրջ, ընծայել նրան իր հեղինակած «Ղարաբաղի բարբառի բառարան» ստուարածաւալ, յիրաւի, կոթողային աշխատութիւնը:
Շնորհահանդէսի բացման իր խօսքում նախագահը կարեւորել է, իր իսկ արտայայտութեամբ, «նշանաւոր հայագէտի այցն Արցախի պետական համալսարան» եւ նշել, որ Հրայր Ճէպէճեանն իր գործունէութեամբ ազգապահպան աշխատանք է իրականացնում, եւ որ սփիւռքահայ կեանքն ամփոփող այդ գիրքը նաեւ հեղինակի հայրենասիրական գործունէութիւնն է ներկայացնում: «Համոզուած եմ, որ սա մեր վերջին հանդիպումը չի լինելու, որովհետեւ մենք գործ ունենք մեծ հայրենասէրի հետ, որ իր առաքելութեամբ առաջին հերթին մեծ հայ է, այնուհետեւ` գիտնական, աստուածաբան եւ գրականագէտ», յաւելել է նա:
Միջոցառման մասնակիցներին այնուհետեւ հակիրճ ներկայացուել է Հրայր Ճէպէճեանի կեանքի ուղին ու բեղուն գործունէութիւնը: Նշուել է, որ նա անցած դարասկզբին օսմանեան Թուրքիայում Հայոց ցեղասպանութիւնը վերապրած տարագրեալ ընտանիքի ժառանգ է, փաստօրէն` երրորդ սերնդի ներկայացուցիչ, որ տասնամեակներ ի վեր հետեւողականօրէն ու նպատակասլաց լծուած է հայոց սփիւռքի հայեցի պահպանման, մեր ժողովրդի առջեւ ծառացած մարտահրաւէրների դիմագրաւման ու յաղթահարման շնորհակալ գործին, ինչի ցայտուն վկայութիւններն են նրա «Հայուն գոյապայքարի ճանապարհը» եւ «Սփիւռքահայ կեանքեր ինչպէս որ տեսայ» հատորները:
Շնորհահանդէսին բանախօսութեամբ հանդէս եկաւ համալսարանի դասախօս, բանասիրական գիտութիւնների թեկնածու Զարինէ Սառաջեանը` շեշտելով, որ «Սփիւռքահայ կեանքեր ինչպէս որ տեսայ» գիրքը «հեղինակի ապրածի ու տեսածի անմիջական տպաւորութիւններով ու վերլուծութիւններով յագեցած կենսափիլիսոփայութիւն է, որի առանցքում սփիւռքահայ մարդն է` իր խոհերով, տագնապներով, կարօտի ու նահանջի երգով, նահանջի դէմ պատնէշների որոնումներով»: Այնուհետեւ, նշելով, որ, նախնական պայմանաւորուածութեամբ, գրքի վերաբերեալ հիմնական բանախօսութեամբ պէտք է հանդէս գար համալսարանի դասախօս, բանասիրական գիտութիւնների դոկտոր-փրոֆեսէօր, անուանի գրականագէտ, բանաստեղծ Սոկրատ Խանեանը, նա յայտնեց, որ Արցախի գրական ընտանիքի նահապետը, ում 90-ամեայ յոբելեանը նախատեսւում է նշել առաջիկայ յունուարին, առողջութեան յանկարծակի կտրուկ վատթարացման պատճառով ի վիճակի չի եղել մասնակցելու միջոցառմանը, սակայն, այնուամենայնիւ, գամուած լինելով անկողնուն եւ յաղթահարելով ցաւերը, Արցախի հանրապետական հիւանդանոցի իր հիւանդասենեակում իրեն թելադրել եւ ինքը գրի է առել նրա ողջոյնի ու գնահատանքի խօսքը դոկտոր Հրայր Ճէպէճեանին, ուստի, կատարելով իր վաղեմի ու սիրելի դասախօսի խնդրանքը, այդ գրառումը սիրով ներկայացնում է շնորհահանդէսի մասնակիցներին: Այդ տեղեկատուութիւնը, ինչպէս նաեւ յարգարժան փրոֆեսէօրի ուղերձը ձեռնարկի մասնակիցներն ընդունեցին բուռն, երկարատեւ ծափահարութիւններով: Ապա գրքի մասին խօսք ասացին Արցախի հանրային հեռատեսիլի եւ ձայնասփիւռի խմբագիր Վարդուհի Բաղդասարեանն ու Հայ Աւետարանչական եկեղեցու Արցախի դիւանի ներկայացուցիչ, վերապատուելի Աւետիք Խաչատրեանը:
Իբրեւ ամփոփում հնչած ելոյթների` վերջում հանդէս եկաւ դոկտոր Հրայր Ճէպէճեանը: Գոհունակութիւն ու շնորհակալութիւն յայտնելով իր ժողովածուի եւ անձի նկատմամբ ցուցաբերուած քննախոյզ ու ջերմ վերաբերմունքի համար` նա նշեց, որ այս վաղօրօք ծրագրուած ու նախապատրաստուած հանդիպումը որքան էլ որ սպասելի էր իր համար, նոյնքան եւ հաճելիօրէն անսպասելի էր իր բովանդակային խորը ընդգրկմամբ, համահայ արդի իրողութիւնների իր` հեղինակային դիտարկումների ու եզրայանգումների եւ բանախօսների ընկալումների համահունչ զուգորդմամբ: Անդրադառնալով սփիւռքի գաղութների ներկայ վտանգայարոյց կացութեանը եւ բանաձեւելով հայկական սփիւռք հասկացութիւնը` նա ասաց. «Ես ամէնուր ապրում եմ Ցեղասպանութեան արհաւիրքը, ցաւն ու դժբախտութիւնը: Սփիւռքը Ցեղասպանութեան հետեւանք է: Աշխարհում շատ կան հայեր, եւ ես շատ եմ ցանկանում ամէն տեղ հայկական իրականութիւն տեսնել»: Յաւարտ իր խօսքի, դոկտոր Ճէպէճեանը նշեց, որ այս այցելութիւնների հետ մէկտեղ պէտք է մտածել, թէ ինչպէս ամրապնդել յարաբերութիւնների շղթան եւ ինչպէս կարելի է աւելի մօտիկից համագործակցել Հայաստան-Արցախ-սփիւռք եռամիասնութեան շրջանակներում: Այնուհետեւ գրքի հեղինակը պատասխանեց սփիւռքի առնչութեամբ շնորհահանդէսի մասնակիցների` ուսանողների, հիւրերի ու լրագրողների մի շարք հարցերի:
Նոյն օրուայ երկրորդ կէսին, նախքան կը մեկնէր Արցախից, դոկտոր Հրայր Ճէպէճեանը հանդիպումներ ունեցաւ ՀՅԴ Արցախի կենտկոմի «Ապառաժ» պաշտօնաթերթի խմբագրատանը` գլխաւոր խմբագիր Արա Պուլուզեանի, ապա եւ ԱՀ արտաքին գործոց նախարարութիւնում` նախարար Մասիս Մայիլեանի հետ: Զրոյցների ընթացքում շօշափուեցին Արցախ-սփիւռք տեղեկատուական եւ այլ բնոյթի փոխգործակցութեան հետագայ աշխուժացման ու խորացման հարցեր:
Ստորեւ` հիւանդանոցից Սոկրատ Խանեանի յղած ողջոյնի ու գնահատանքի ուղերձը դոկտոր Հրայր Ճէպէճեանին եւ Զարինէ Սառաջեանի բանախօսութիւնը:
Ես, որ արդէն բոլորել եմ 90-ս, եւ կեանքիս 70 տարիների ընթացքում սփիւռքահայ կեանքը եղել է իմ ուշադրութեան կենտրոնում, ուղղակի մէկ շնչով կարդացի միանգամայն աննախադէպ քո հաւաքածուն:
Ժանրային առումով միանգամայն նորութիւն են ժողովածուում զետեղուած քո նիւթերը, որովհետեւ դու ոչ թէ սովորական կերպով ես ներկայացնում քո տեսածն ու լսածը, այլ քո նկարագրածին շաղախում ես քո տագնապների, յոյսերի ոսկէ փոշին, ընթերցողին տանում դէպի կորստի ցաւի եւ լաւատեսութեան սահմանները:
Շատ հաճելի տպաւորութիւն թողեց քո գրքի խմբագրի` ընկերալեզուաբանութեան դոկտոր Արտա Ճէպէճեանի խօսքը: Այդ նշանակում է, սիրելի՛ Հրայր, որ դու իրականում ունես կեանքի մի այնպիսի ընկերուհի, որի համար առաջինն ես ընթերցում քո գրածը եւ միշտ քո թիկունքին զգում ես իմաստուն հայուհու շշունջները:
Գրքի առաջաբանը, որ գրել է յայտնի գրականագէտ Սուրէն Դանիէլեանը, յստակօրէն ներկայացնում է քո նորայայտ ժողովածուի բովանդակութիւնը, նպատակը եւ հիմնական ասելիքը: Սուրէն Դանիէլեանն իր ներածական խօսքն անուանել է «Սփիւռքը` 6 տարիների բարձրադիր պատուհաններից» եւ գիրքդ գնահատել որպէս սփիւռքի իմացական եւ ճանաչողական նոր բաւիղների գեղարուեստական պատկերը:
Ճիշդն ասած` ես եղել եմ եւրոպական մի շարք երկրներում` Հունգարիայում, Ռումանիայում, Նորվեկիայում, Աւստրիայում, ուր Վիեննա քաղաքում մուտք եմ գործել Մխիթարեան միաբանութեան մայր տաճար, այսօր տագնապում եմ, որ նոր սերունդը գնում է դէպի ուծացում: Միաժամանակ, որպէս քո գրքի ընթերցող, հաւատացած եմ, որ մի քանի դար շարունակ դեռեւս սփիւռքը կը պահպանի հայոց լեզուն, իր հայկական շունչը, ոգին, առանձնապէս այն առումով, որ ունենք Լիբանան, ունենք Հայ դատ եւ քեզ նման տաղանդաւոր, սրտացաւ հայորդի, որի կրծքի տակ ոչ միայն սփիւռքի պատկերն է, այլեւ միասնական, ամբողջական հայկական ընթացքը դէպի դարեր` թիկունքում ունենալով մայր Հայաստանն ու ազատ Արցախը:
ՍՈԿՐԱՏ ԽԱՆԵԱՆ
Բ.Գ.Դ., փրոֆեսէօր
ԱՀ գիտութեան վաստակաւոր գործիչ
«Մեսրոպ Մաշտոց», «Մարշալ Բաղրամեան»
շքանշանների ասպետ
Արցախի հանրապետական հիւանդանոց
Օտար Ափերում Հային Հայ Պահելու Բանաձեւը
Յարգելի՛ դոկտոր Ճէպէճեան,
Ողջունում ենք ձեզ ու շնորհակալութիւն յայտնում Արցախ այցելելու եւ Արցախի պետական համալսարանում այսպիսի հետաքրքիր ու պահանջուած հանդիպում կազմակերպելու համար:
Յարգելի՛ ներկաներ, դոկտոր Հրայր Ճէպէճեանի «Սփիւռքահայ կեանքեր ինչպէս որ տեսայ» գիրքը հեղինակի ապրածի ու տեսածի անմիջական տպաւորութիւններով ու վերլուծութիւններով յագեցած կենսափիլիսոփայութիւն է, որի առանցքում սփիւռքահայ մարդն է` իր խոհերով, տագնապներով, կարօտի ու նահանջի երգով, նահանջի դէմ պատնէշների որոնումներով:
Գիրքը խորապէս կրում է ազգային շեշտեր, սակայն հեղինակը, որպէս ատաղձ ունենալով ազգայինը, գնում է նաեւ դէպի համամարդկայինը, այդ է պատճառը, որ հեղինակի սփիւռքահայ կեանքերը որքան հարազատ են հայ ընթերցողի համար, նոյնքան էլ, համոզուած եմ, հարազատ պէտք է լինի օտարազգի ընթերցողի համար, մանաւանդ որ սփիւռքահայութեան կենսապատումը պատմական ճակատագրի բերումով շաղկապուած է այն բազմաթիւ երկրների, բնակավայրերի բնակիչների հետ, որոնք սիրով հիւրընկալեցին եւ ապաստան տուեցին թուրքի եաթաղանից փրկուած տարագիր հայութեանը:
Հրայր Ճէպէճեանի գիրքը յագեցած է ժամանակակից սփիւռքի առջեւ ծառացած խնդիրներով ու տագնապներով, որոնցից առաջնահերթը հայապահպանութիւնն է ու նրա կարեւորագոյն երաշխիքներից մէկը` հայոց լեզուի պահպանումը: Այս խնդիրը սփիւռքահայ մեր բոլոր մտաւորականների գործերի առանցքային գիծն է եղել ու է: Բնորոշ է, որ Հրայր Ճէպէճեանի գիրքը հէնց բացւում է, «Ինչ հաճելի է հայերէն լսել» խորագիրը կրող նոթագրութեամբ, որի հերոսներն այն լուսաւոր կէտերն են, որոնք իրենց հայկական արժէքային համակարգով լաւատեսութիւն են ներշնչում հեղինակին եւ ցրում նորօրեայ սփիւռքահայի` ազգային աւազանից նահանջելու տագնապներից ծնուող խաւարը: Հեղինակը գրքի հէնց առաջին էջից հնչեցնում է հայկական դպրոցների, հայալեզու մամուլի սակաւաթիւ լինելու, մայրենի լեզուով չխօսելու տագնապները: Սա ուղենշում է գրքի միւս բաժինների հետագայ ասելիքը, որտեղ ծանրակշիռ տեղ ունի հայկական մշակոյթի, ազգային արժէքների, հայի պատմական պահանջատիրութեան, քրիստոնէական արժէքների հանդէպ ունեցած հեղինակի հայրենանուէր ու ազգասիրական դաւանանքը:
«Հայ դպրոցը հայերէն կը սորվեցնէ, բայց հայերէն խօսիլը պէտք է առօրեայ դառնայ հայ տուներուն մէջ», «Շատ քիչ են հայ ընտանիքները, որոնք հայերէն կը խօսին տան մէջ… Սփիւռքահայ մեր կեանքերուն խոշոր քաշքշուքն է այս իրականութիւնը, հայերէն խօսողներուն թիւը հետզհետէ կը նուազի… Բայց չէ՞ որ հաճելի է հայերէն լսելը»:
Այս յուսահատական տագնապների կողքին, Հրայր Ճէպէճեանը որպէս երեւոյթի հակառակ երես` լաւատեսական ու քաջալերող կողմ, ներկայացնում է նուիրեալ հայորդիների` Հելտալիայի եւ Ստեփան-Նորայրի կերպարները, որոնց համար «ոչ միայն հաճելի է հայերէն լսելը, այլ նաեւ` ապրիլն ու վկայելը…»:
Եւ գրողը հպարտութեամբ եզրայանգում է` ընթերցողից չթաքցնելով իր ակնյայտ համակրանքն իր հերոսների հանդէպ. «Հելտալիան եւ Ստեփան-նորայրը երկու տարբեր սերունդներու մէկական ներկայացուցիչներ են, որոնց համար հայերէն լսելը հաճելի է, բայց նաեւ` շատ աւելին: «Շատ աւելին» ժառանգին ու արմատին անդրադարձն է: Բայց նաեւ կապուածութիւնը հայը պիտի պահէ արթուն եւ հպարտ: Հոն հայերէն խօսիլը ոչ միայն հաճելի պիտի ըլլայ, այլ նաեւ` տեւական եւ գործածական: Եւ հայը այսօր պէտք ունի շատ աւելիին», այսպէս է ձեւակերպում օտար ափերում հային հայ պահելու բանաձեւը:
Հրայր Ճէպէճեանի «Սփիւռքահայ կեանքեր ինչպէս որ տեսայ» գիրքը արժէքաւոր է իր արծարծած գաղափարներով, հարցադրումներով, պատումի ոճով ու լեզուով, այն պահանջուած է մեր ժամանակների ընթերցողների համար, եւ հեղինակի գործը արժանի է դրուատանքի:
ԶԱՐԻՆԷ ՍԱՌԱՋԵԱՆ
Բ.Գ.Թ, ԱրՊՀ դասախօս
Արցախի գրողների եւ ժուռնալիստների
միութիւնների անդամ