ԱՐՏԷՄ ՍԱՐԳՍԵԱՆ
Վերջապէս ընթերցողի սեղանին են «Հայոց Լեզուի Բարբառային Բառարան»ի եօթ հատորները: Բառարանը ներկայացնում է հայոց լեզուի 200ից աւելի բարբառների ու խօսուածքների բառամթերքը՝ ոճական արտայայտութիւններով, կայուն կապակցութիւններով եւ դարձուածներով: Բառարանի հեղինակներն են ՀՀ ԳԱԱ Հ. Աճառեանի անուան լեզուի ինստիտուտի բառարանագրութեան եւ բարբառագիտութեան բաժինների մի խումբ աշխատակիցներ (երախտաշատ հայագէտներ Թամար Չիլինգարեանը, Աշխէն Յակոբեանը, Գասպար Գասպարեանը, Ահարոն Գրիգորեանը եւ ուրիշներ): Բառարանն արդիւնք է տասնամեակներ տեւած հայերէնանպաստ արգասաբեր աշխատանքի: Բառարանի առաջաբանում թուարկուած են կազմողների անունները: «Հայոց Լեզուի Բարբառային Բառարան»ի աւելի քան 400 տպագիր էջերը (2550 էջից) կազմել է հայերէնագիտութեան մեծ երախտաւոր Թամար Չիլինգարեանը: Այդ իրողութիւնը վաւերացուած է ինչպէս բառարանի մուտքում, այնպէս էլ՝ առաջաբանում: Տիտղոսաթերթի վրայ հեղինակների եւ խմբագիրների անունները չեն ներկայացուած եւ տրւում են միայն 4րդ էջում: Մի վրիպում եւս, համառօտ ներկայացուող հեղինակների ցանկում նշւում են միայն Գասպար Գասպարեանի, Ահարոն Գրիգորեանի, Աշխէն Յակոբեանի անունները, այնուհետեւ «եւ ուրիշներ» ձեւակերպմամբ:
Եթէ աշխատանքի տպագրութեան պատրաստման 15 տարիների ընթացքում ուշադրութիւն դարձուէր այդ իրողութեանը, մէկ անգամ եւս կը շեշտուէր Թ. Չիլինգարեանի անունը, ինչպէս նաեւ կ՛աւելացուէին խմբագրական աշխատանք կատարած բոլոր արժանաւորների անունները՝ Ներսէս Մկրտչեան, Վարագ Առաքէլեան, Ամալիա Սարգսեան, Հմայեակ Օհանեան, Ալբերտ Խաչատրեան, Փայլունիկ Սարգսեան եւ այլք: Բառարանի հեղինակների վաստակը յստակօրէն արձանագրուած է հրատարակիչ եւ խմբագիր՝ տողերիս գրողի տպագրած համառօտ ներածականում. «Իր տեսակի մէջ բացառիկ այս բառարանը արդիւնքն է ՀՀ ԳԱԱ լեզուի ինստիտուտի բազում երախտաւորների՝ հայերէնագիտութեան համեստ ու անխոնջ մշակների տասնամեակներ շարունակ բծախնդրօրէն կատարած պրպտումների, վիթխարի հաւաքչական աշխատանքի, առանց չափազանցութեան՝ մայրենիին անմնացորդ նուիրումի»: Եթէ չլինէր լեզուի ինստիտուտի այն ժամանակուայ տնօրէն Լ. Շ. Յովհաննիսեանի յորդորը՝ բառարանագրական յուշարձանների հրատարակման գործընթացը սկսել այս բառարանից, բառարանի ձեռագիր հաստափոր թղթապանակները յիրաւի երկար ժամանակ կը մնային գզրոցներում եւ, ցաւօք, կը տրուէին մոռացութեան:
Կարծում ենք, ճիշդ վարուեցինք մեր հեղինակած եւ տակաւին ձեռագիր վիճակում գտնուող բառարանագրական աշխատանքները՝ «Գրաբարի Յաճախականական Բառարան», «Արեւմտահայերէնի Նոր Բառարան» եւ այլն, թողնելով ապագայի փորձութիւններին եւ իրագործմանը, սիրայօժար նախընտրեցինք տպագրութեան պատրաստել սոյն բառարանը: Տակաւին բառարանի առաջին հատորը տպագրութեան պատրաստելիս (շուրջ 15 տարի առաջ) բացայայտուեց, որ ոչ միայն բացթողումներ կային (պակասում էին մի շարք տառերով սկսուող բառայօդուածները), այլեւ առկայ էին առանձին գաւառաբարբառների բառամթերքի ոչ լրիւ քարտագրման եւ մատուցման դէպքեր: Հաւատարիմ մնալով հանդերձ առաջին հատորում ներկայացուած սկզբունքներին (ըստ հնարաւորին անաղարտ ներկայացնել այն, ինչ աւանդել են մեր լեզուի երախտաւոր մշակները), 7րդ հատորում ստիպուած ենք եղել վերստին կազմել փ, ք, օ, ֆ տառերով բառայօդուածները, քանի որ համապատասխան թղթապանակներ չգտնուեցին… իսկ դա 200 տպագիր էջից աւելի էր: Վերջապէս, ընթերցողների սեղանին դնելով մեր լեզուի բոլոր բարբառների եւ խօսուածքների հսկայական բառագանձն ամփոփող սոյն եզակի շտեմարանը, միաժամանակ վերստին շեշտում ենք, որ բառարանում երկու տասնեակից աւելի հայերէնագէտների խմբագրումից յետոյ էլ նկատւում են բացթողումներ, որոշ վրիպումներ եւ այլն: Ճիշդ են ասել, որ «լաւագոյնը լաւի թշնամին է…»:
Վերստին ուզում ենք յիշեցնել, որ բառարան կազմողները, առաջին հերթին Թամար Չիլինգարեանը, Աշխէն Յակոբեանը եւ այլք, լեզուի ներքին նուրբ զգացողութիւն եւ ճաշակ են ունեցել, աչքի են ընկել գնահատելի բարեխղճութեամբ: Աւելորդ չէ շեշտել, որ բառարանի եօթ հատորներն էլ լոյս են տեսել մեկենասութեան շնորհիւ, եւ, ցաւօք, սահմանափակ տպաքանակով: Ուզում ենք հաւատալ, որ ապագայում, յաւելելով անհրաժեշտ նոր նիւթեր, վերացնելով նկատած բացթողումները, մշակելով միասնական գիտական, բառարանագրական սկզբունքներ, հնարաւոր կը լինի պետական միջոցներով վերահրատարակելու այս, իրօք, կոթողային եւ լրամշակուած գործը՝ որպէս բարբառների եւ հայերէնագիտութեան մնայուն յուշարձան:
«Գրական Թերթ»