Yerepouni Daily News
No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية
No Result
View All Result
Yerepouni Daily News
No Result
View All Result

Վռամ Մուղնեցյան. Մեր երկրին անհրաժեշտ են ոչ միայն գիտության էնտուզիաստներ, այլ նաև գիտական լուրջ դպրոցներ, որոնց զարգացումը ենթադրում է լուրջ ֆինանսական ներդրումներ

June 4, 2013
in Հարցազրոյցներ
0
Վռամ Մուղնեցյան. Մեր երկրին անհրաժեշտ են ոչ միայն գիտության էնտուզիաստներ, այլ նաև գիտական լուրջ դպրոցներ, որոնց զարգացումը ենթադրում է լուրջ ֆինանսական ներդրումներ

Երիտասարդ գիտնականի ամբիոն

Վռամ Մուղնեցյանը ֆիզմաթ. գիտությունների թեկնածու է (պաշտպանել է 2008 թ.-ին), աշխատում է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում՝ որպես գիտաշխատող: Թեկնածուական ատենախոսության վերնագիրն է` «Կիսահաղորդչային նանոառուցվածքների էլեկտրոնային և օպտիկական հատկությունների վրա փոխադարձ դիֆուզիայի և արտաքին դաշտերի ազդեցության տեսական ուսումնասիրություն»։

Իրեն գիտնական չի համարում, քանի որ «գիտության ինչ-ինչ հարցերի շուրջ ուսումնասիրություններ կատարել, դեռևս չի նշանակում՝ լինել գիտնական: Գիտության մեջ ինձ գրավող բազմաթիվ հանգամանքներից կնշեմ համամարդկայնությունը, ազնվությունը և նորը բացահայտելու հաճույքը»:

 Նախասիրություններից նշում է լավ երաժշտությունը, զբոսանքը, գրականությունը խոհարարական ինքնագործունեությունը «և այն ամենը ինչը մեր կյանքին գեղեցկություն է ավելացնում»։

Վռամ, ի՞նչ գիտական խնդիրների վրա եք աշխատել։

Իմ կատարած գիտական աշխատանքների մասին կարելի է պատկերացում կազմել՝ ելնելով իմ հոդվածների ցանկից, որոնցից հիմնականները կարելի է գտնել համացանցում (տես օր. www.adsabs.harvard.edu): Աշխատանքները վերաբերում են կիսահաղորդչային նանոկառուցվածքների ֆիզիկական հատկությունների ուսումնասիրմանը: Այս կառուցվածքներն արդեն լայնորեն կիրառվում են թե՛ բժշկությունում, թե՛ ռազմական և տիեզերական տեխնիկայում, թե՛ ինֆորմացիոն տեխնոլոգիաներում և թե՛ պարզապես կենցաղում:

Միջազգային գիտական համագործակցություններից ի՞նչ կնշեք։

Մեր գիտական խումբը համագործակցում է մի քանի արտասահմանյան խմբերի ներկայացուցիչների հետ, որոնց շարքում կան մեր բնագավառում հայտնի գիտնականներ:

Իսկ ինչպե՞ս եք գնահատում ներքին համագործակցության մակարդակը։

Ներքին համագործակցությունը բավարար մակարդակի չէ, բայց դրա պատճառները հիմնականում օբյեկտիվ են, օրինակ՝ ֆինանսավորման պակասը, ինչն արգելակում է գիտական մեծ ծրագրերի նախաձեռնումը:

Ի՞նչ գիտական մրցանակներ և դրամաշնրհներ եք ստացել, որքանո՞վ են դրանք կարևոր։

Ներկայում իրականացնում ենք ԳՊԿ-ի կողմից շնորհված «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր–2011»-ը: Այս ծրագրերի կարևորությունը կախված է դրանց ուղղվածությունից և փորձաքննության անաչառության աստիճանից:

Ձեր աշխատանքներում քանի՞ համահեղինակ է ընդգրկված, և ո՞րքան մասն է դրանցում Ձեր անձնական ներդրումը։

1-3 համահեղինակ: Դժվար է կոնկրետ գնահատական տալ ամեն մի համահեղինակի կատարած աշխատանքին, սակայն կարող եմ հաստատ ասել, որ մեր խմբում ամեն համահեղինակ ունի իր ուրույն ներդրումը գիտական այս կամ այն աշխատանքում:

Որո՞նք են Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառները։

Պատճառը, ամենայն հավանականությամբ, մեր երկրի ոչ ժողովրդավարական լինելու մեջ շահագրգիռ օտարերկրյա ուժերն են և դրանց կողմից սատարվող դրածոները, ովքեր զբաղեցնում են ամենաբարձր պաշտոններ: Արդյունքում ունենք ժողովրդավարության ցածր աստիճան, ոչ մրցակցային, հիմնականում ներմուծման վրա հիմնված, հետևաբար և ոչ գիտելիքահեն տնտեսություն: Լուծումն իհարկե ժողովրդավարության աստիճանի բարձրացումն է և տնտեսության իրական ազատականացումը։ Չնայած, իրականացման եղանակները չգիտեմ 🙂

Ի՞նչ կասեք մրցանակների ու խրախուսական մրցանակաբաշխությունների մասին։

Մրցանակները կդառնան գիտության զարգացումը խթանող հանգամանք, եթե դրանք խրախուսեն գիտության այնպիսի ոլորտներ, որոնց բերած օգուտի մասին կխոսեն նախապես կատարված խորը վերլուծությունները և որոնց մեջ կատարված կլինեն լուրջ ներդրումներ: Հակառակ դեպքում, այդ մրցանակների օգուտը միայն գիտության մասին խոսելու առիթ լինելն է:

Գիտական աշխատանքների լիարժեք գնահատականի համար ինչի՞ն առավելություն տալ՝ տպագրությունների քանակի՞ն, թե՞ հղումների թվին։

Ընդամենը կասեմ, որ հղումներն ավելի լավ են խոսում գիտնականի կատարած աշխատանքի որակի մասին:

Ինչպե՞ս կվերաբերվեք այն բանին, եթե մրցանակաբաշխություններում կիրառվի տպագրությունների ամսագրերի նորմավորված ազդեցության գործակիցը՝ ըստ բնագավառնեի, այսինքն` ազդեցության գործակիցը բաժանվի տվյալ բնագավառի առավելագույն ազդեցության գործակիցի վրա։

Լավ առաջարկ է, քանի որ տարբեր բնագավառներում ազդեցության գործակիցները տարբեր կերպ են ձևավորվում: Սակայն ազդեցության գործակիցը դեռևս շատ քիչ է՝ լուրջ հետևություններ կատարելու համար:

Փորձարարները բողոքում են, որ կիրառվող չափորոշիչներն անհավասար պայմանների մեջ են դնում տեսաբաններին և փորձարարներին, ու քանի որ մեզ մոտ նյութական բազան շատ վատ վիճակում է, ապա շահում են տեսաբանները։ Ի՞նչ կասեք այդ մասին։

Փորձարարական աշխատանքներին տրվող դրամաշնորհը պետք է այնքան գումար նախատեսի, որ փորձարարական խումբը կարողանա անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերել: Երևի, դրամաշնորհի բյուջեն բոլորի համար նույնը չպետք է լինի: Բացի այդ, ես կարծում եմ, որ հատկապես փորձարարական գիտությունը միայն դրամաշնորհներով հնարավոր չէ զարգացնել: Այստեղ պետք է որոշակի ուղղություններ ընտրել ու մեծ ներդրումներ անել այդ ուղղությունների մեջ, հրավիրել լավագույն մասնագետների և այլն:

Ինչպե՞ս գնահատել կոլաբարացիաների շրջանակներում կատարված աշխատանքները։ h-ինդեսքն այս դեպքում օգտակա՞ր է։

Չեմ կարող պատասխանել: h-ինդեքսը երևի ամենալավ բանն է, ինչ ունենք ձեռքի տակ, սակայն դա էլ շատ հեռու է իդեալական լինելուց:

Գիտության ոլորտի զարգացման ի՞նչ ուղիներ եք տեսնում։

Ըստ երևույթին՝ գիտության կոմերցիալիզացիա արտասահմանում աշխատող հայ գիտնականների և տնտեսագետների ներգրավմամբ (հայերին կարելի է ներգրավել ավելի քիչ ծախսերով), երկարաժամկետ ներդրումներ: Ճիշտ քաղաքականություն իրականացնելու դեպքում, համոզված եմ, որ արտասահմանում աշխատող հազարավոր հայ գիտնականներ կվերադառնան հայրենիք:

Ինչպե՞ս եք վերաբերվում գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը։

Գիտությունն է մարդու համար, և ոչ թե մարդը գիտության 🙂 Մեր երկրին անհրաժեշտ են ոչ թե միայն էնտուզիաստներ, այլև լուրջ գիտական դպրոցներ, որոնց զարգացումը ենթադրում է լուրջ ֆինանսական ներդրումներ: 

Վերջին տարիներին դրական միտումներ տեսնո՞ւմ եք։

Ցավոք, ներկայում իշխանությունների և գործարարների կողմից կատարվող քայլերն, ըստ իս, ավելի նման են ինքնագովազդի, քան սրտացավ վերաբերմունքի: Թե՛ պետությունը, և թե՛ իրենց գիտությանը սատարող հռչակած մեր գործարարները պատրաստ չեն՝ երկարաժամկետ ներդրումներ անելու գիտության մեջ:

Գիտական աշխարհում կա՞ կոռուպցիա։

Չեմ կարծում, որ այս խնդիրը լայն տարածում ունի: Գոնե մեր գիտական խմբում նույնիսկ դրա հոտը չկա: Համենայնդեպս, եթե կա այսպիսի խնդիր, ապա այն ավելի գլոբալ խնդիրների ածանցյալ է և ինքնըստինքյան կվերանա, երբ Հայաստանում սկսեն կոնկրետ վճարել կոնկրետ աշխատանքի դիմաց:

Իսկ գենդերային խնդի՞ր։  

Կարծում եմ՝ գիտությունն այն ոլորտն է, որտեղ այս խնդիրը նվազագույն չափով է արտահայտված:

Ինչպե՞ս եք վերաբերում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc)  համակարգի Հայաստանում ներդնելուն։

Ոչ թե այդ համակարգը պետք է ներդնել արհեստականորեն կամ արագորեն, այլ պետք է ստեղծել այնպիսի պայմաններ (օրինակ, ինչպես սիրում են թմբկահարել մեր բարձրաստիճան պաշտոնյաները՝ գիտելիքահեն տնտեսություն), որոնցում կսկսեն հայտնվել այնպիսի գիտական կենտրոններ, որոնց հարկավոր կլինեն “PostDoc” կատարող եռանդով լի երիտասարդներ:

Հայաստանո՞ւմ եք պատկերացնում Ձեր մասնագիտական հետագա աճը, թե՞ արտասահմանում։

Հայաստանում՝ արտասահմանի հետ անմիջական համագործակցության պայմաններում:

Ձեր մաղթանքնե՞րը՝  հայկական գիտական հանրությանը։

Նորաթուխ թեկնածուներին, ովքեր առաջարկում են իրենց «միակ ճիշտ» լուծումները՝ գիտության զարգացման հարցում, կմաղթեի՝ դուրս գալ գիտնականի բարդույթից: Իսկ մյուսներին կմաղթեի վճռականություն, էնտուզիազմ և Հայաստանում լիարժեք գիտական կյանքով ապրելու հնարավորություն:

 

Մանե Հակոբյան

 

 

 

Previous Post

ՀՀ ԳԱԱ «Ակադեմիա» մրցանակի անդրանիկ դափնեկիր Վազգեն Սարգսյանը` երիտասարդական գիտական մրցանակաբաշխություններում կիրառվող չափորոշիչների մասին

Next Post

ԹԱՔՍԻՄԸ ԿՐՆԱՅ ԴԱՌՆԱԼ ԹՈՒՐՔԻՈՅ ԹԱՀՐԻՐԸ

  • About Us
  • Contact Us

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.

No Result
View All Result
  • Հայերէն Լուրեր
  • Յօդուածներ
  • Հարցազրոյցներ
  • Մարզական
  • Այլազան
    • Գաղութահայ Կեանք
    • Զանազանք
    • Մշակութային
  • Արեւելահայերէն Լուրեր
  • English
    • Art & Entertainment
    • Health
    • International Press
    • Markets & Economy
    • Science & Technology
    • Social
    • Sports
    • World News
      • Africa
      • America
      • Asia
      • Australia
      • Europe
      • Middle East
  • أخبار باللغة العربية

© 2021 Yerepouni News - Website by Alienative.net.