«Հայաստանում առնվազն երկու մարդ՝ նախագահն ու պաշտպանության նախարարը, պետք է համարեն, որ վաղը կարող են սկսվել ռազմական գործողություններ: Այսինքն` մենք պետք է զգոն լինենք, մենք պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած շրջադարձի: Այլ կերպ հնարավոր էլ չէ». այսպիսի հայտարարություն է արել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ռուսաստանցի հեռուստալրագրող Վլադիմիր Պոզների հեղինակային «Պոզներ» հաղորդմանը՝ ապրիլի 27-ին:
«Շուրջ մեկ տարի առաջ Դուք հարցազրույց եք տվել արգենտինական ամսագրին, որտեղ Ռուսաաստանի՝ վերջին ժամանակներս Ադրբեջանին 2 մլրդ դոլարի զենքի վաճառքի մասին հարցին ի պատասխան՝ Դուք նշել եք, որ «դա մեզ համար ցավալի թեմա է, և մեր ժողովուրդը խիստ մտահոգված է փաստով, որ մեր ռազմավարական դաշնակիցը զենք է վաճառում Ադրբեջանին… Ես համոզված եմ, որ Հայաստանը բավարար ուժ և կարողություն ունի՝ իր սահմանները պաշտպանելու: Չնայած հանգամանքին, որ Ռուսաաստանը զենք է վաճառում Բաքվին, չեմ կասկածում, որ Ռուսաստանը մեզ համար դժվար պահին կստանձնի իր պարտավորությունները: Երբ Դուք ասում եք Հայաստանը ունի բավար ուժ և կարողություն, Դուք պատերազմը հավանական համարո՞ւմ եք»,- հարցրել է Պոզները՝ ինչին ի պատասխան Սերժ Սարգսյանն ասել է՝ «իհարկե»:
Հաղորդավարը հետաքրքվել է՝ արդյոք Վլադիմիր Պուտինի՝ ապրիլի 24-ին Երևան այցի ժամանակ Սերժ Սարգսյանը նրա հետ զրուցել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին, ինչին ի պատասխան՝ ՀՀ նաախագահն ասել է. «Մենք Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ բազմիցս ենք խոսել այդ թեմայով: Չենք կարող չխոսել: Հարցի էությունը սա է՝ մենք ունենք մարտունակ բանակ, մարտունակ բանակ ունենալու համար անհարժեշտ է ունենալ բազմաթիվ միջոցներ, Հայաստանը շատ միջոցներ չունի, սակայն ունի մարտունակ բանակ, և Հայաստանի թիվ մեկ ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է: Դա նշանակում է, որ Ռուսաստանը ցուցաբերել և ցուցաբերոմ է ռազմատեխնիկական աջակցություն: Վստահ եմ, որ, Աստված մի արասցե, ինչ-որ բան պատահի, Ռուսաստանը կցուցաբերի աջակցություն: Ես վերջերս ասել եմ և նորից ասում եմ՝ սա հավասարակշռության խախտման հարց չէ, սա հոգեբանական պահ է. երբ հայ զինվորը, հայ սպան գիտի, որ իր վրա կրակում են զենքից, որ գնել են Ռուսաստանից, դա ծանր պահ է: Ես վստահ եմ, որ Ռուսաստանի գլխավոր շտաբում և ղեկավարությունում տեղյակ են, շատ լավ պատկերացնում են՝ ինչի կարող է հանգեցնել հավասարակշռության խախտումը: Ես հուսով եմ, որ այդ հաշվարկները ճիշտ հաշվարկներ են: Ես հուսով եմ, որ ղեկավարները, որոնք ընդունում են այդ որոշումները, ամեն ինչ հաշվարկել են մինչև վերջ: Դա շատ կարևոր է: Մենք ի՞նչ ճանապարհով կարող ենք արգելել Ռուսաստանին զենք վաճառել Ադրբեջանին, ի՞նչ կերպ: Նեղանա՞լ: Այս մասին ամեն անգամ և բարձր խոսե՞լ: Վիճե՞լ: Ի՞նչ է՝ դա օգո՞ւտ կբերի»:
Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը՝ Պոզները հարցրել է՝ արդյոք Հայաստանի համար դրանում իրական որևէ իմաստ կար՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանն այժմ տնտեսական որոշակի դժվարություններ է ապրում, և Ռուսաստանի տնտեսական դրությունը այսպես թե այնպես ազդում է Հայաստանի տնտեսության վրա:
«Տնտեսական իրական իմաստ կա: Եվ իմաստն այն է, որ տասնամյակներով, եթե ոչ ավելի երկար, ստեղծվել են տնտեսական հարաբերություններ: Մեր ապրանքները պահանջված են ռուսական շուկայում: Եվ ես չեմ կարծում, որ մենք կարող ենք մեր կոնյակը վաճառել Փարիզում [հատկապես եթե այն անվանեք կոնյակ – Պոզներ]: Բայց մեր կոնյակը պահանջված է ռուսական շուկայում: Եվ կարելի է բերել շատ օրինակներ»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ այդ քայլով ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացման մտավախություն չունի:
Նա նշել է, թե չի կարծում՝ այսօր գոյություն ունեցող քաղաքական իրադրության պատճառով ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ընտրություն անելու անհրաժեշտություն կա:
«Մենք պայմանավորվել էինք, որ Եվրամիության հետ մեր հարաբերությունները պետք է ծառայեն Հայաստանում բարեփոխումների իրականացմանը: Եվ դա քաղաքականություն չէ, որի նպատակը մեզ մեր բնական տարածքից պոկելն է: Եվ այդ իսկ պատճառով կարծում եմ` գիտեք, որ շատ հայտարարություններ եղան, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը խոչընդոտ չէ Եվրամիության հետ համագործակցության համար: Ի դեպ, մենք վերջերս ամերիկյան կողմից ստացել ենք առաջարկ` բարելավելու ԱՄՆ-ի հետ մեր առևտրային ռեժիմը»- ասել է ՀՀ նախագահը:
Անդրադառնալով Հայաստան–Սփյուռք հարաբերություններին, Պոզները նշել է, որ Հայաստանում տեղեկացել է, որ բնակչության 98%-ը հայեր են:
«Այսինքն` սա շատ մոնոէթնիկ երկիր է, ինչը հազվադեպ է, և ինչը ձեզ ազատում է միգրացիայի, բախումների հետ կապված խնդիրներից, ինչն առկա է շատ երկրներում: Բայց կա այլ խնդիր: Հայաստանում ապրում է ընդամենը 3 մլն հայ, իսկ 8 մլն-ն էլ բնակվում է ինչ-որ տեղ: Եվ դուք այդ Սփյուռքի մասին ասել եք, որ դա մեր ցավն է, միաժամանակ դա մեր հպարտությունն է, այդ ռեսուրսի անգամ 10 տոկոսի օգտագործումը կարող է Հայաստանը դարձնել ամենաբարեկեցիկ պետություններից մեկը, առայժմ դա մեզ չի հաջողվում: Գլխավոր պատճառը` ինչո՞ւ չի հաջողվում»,- հարցրել է Պոզները:
«Նախքան այս բարդ հարցին պատասխանելը, ես ցանկանում եմ վերադառնալ առաջին մտքին, որի մասին դուք խոսում էիք, որ Հայաստանը մոնոէթնիկ երկիր է: Իսկ դուք երբեք ձեզ հարց չե՞ք տվել` ինչո՞ւ է Հայաստանը մոնոէթնիկ: [Ոչ, չեմ տվել – Պոզներ]: Ես ինքս ինձ համար գտել եմ պատասխանը: Հնարավոր է` ոչ ճիշտ: Որովհետև Ցարական Ռուսաստանը վստահ էր կայսեր նկատմամբ հայերի հավատարմության հարցում: Եվ դրա համար էլ չկար Հայաստանը այլ ազգերով բնակեցնելու անհրաժեշտություն, որպեսզի նրանք հենասյուն լինեն ռուսական բանակի համար: Կարծում եմ, որ մենք այնուհանդերձ, դեռ չենք հասել այն հաջողություններին, որոնք կարող էին խթանել մեր հայրենակիցներին ավելի մեծ մասնակցություն ունենալ մեր առջև կանգնած խնդիրների լուծման հարցում: [Դուք այդպիսի նպատակ դնո՞ւմ եք – Պոզներ]: Իհարկե, այդ իսկ պատճառով մենք ունենք նաև Սփյուռքի նախարարություն: Մենք շատ ենք ցանկանում, որ այդ նեուժն օգտագործվի: Կարծում եմ` յուրաքանչյուր հայի երազանքն է, որ բոլորը հավաքվեն Հայաստանում, թեև դա ոչ մի կերպ հնարավոր չէ, ցավոք: Բայց մենք բոլորս շատ ենք ցանկանում»,- ասել է Սերժ Սարգսյանը: