Ռուբէն Յովակիմեան
«Երկչոտի վախը վտանգից առաջ է,
Թուլամորթինը՝ վտանգի ընթացքին, իսկ
քաջը սրսփում է վտանգից յետոյ»:
Ժ․Պ․ Ռիխտեր
Ընդունուած շատ հին իրականութիւն է, որ ազնիւ եւ քաղաքական գործիչ եզրերը անհամատեղելի եւ իրար բացառող են: Նրանք չեն կարող համահունչ ապրել, որի ապացոյցները բազում են՝ խորհրդարանի մթնոլորտը եւ ոչ միայն այդ: Պիտի կրկնեմ Եւրախորհուրդում եղած այն անհանդուրժելի եւ նողկալի անցքը, որի վկան եղանք, երբ հայկական հարցի քուէարկութեանը մասնակցող հայ ԱԺ պատգամաւոր «Պատիւ ունեմ» դաշինքի անպատիւ անդամը՝ Հայկ Մամիջանեանը, քուէարկեց ՀՀ դէմ՝ ազերիների օգտին: Կարելի է՞ կուլ տալ նման նողկալի արարք: Սխալ չի ասել Էրազմ Ռոտերդամցին, թէ «Բոլորին հաճելի է սեփական կեղտի հոտը»: Դժուար է հաշտուել հայրենիքի դէմ նման ստոր արարքի հետ :
Ամէն զինուորի մէջ զօրավար է ապրում՝ ըստ Բոնապարտի, համեմատաբար (analogie) ամէն աբեղայի մէջ՝ կաթողիկոս, մեծահարուստ՝ իւրաքանչիւր մուրացիկի, թագաւոր կամ թուրք՝ որոշ տեսակի հայերի մէջ: Մեղա՜՜՜յ ․․․Մեղա՜՜՜յ, չեմ կարող հաւատալ :
Անըմբռնելի եւ նոյնքան զարմանալի է այն կարծիքը, թէ ինչ֊ինչ պատճառներով, մեր հասարակութեան մի մասը վարակուած է եւ տառապում է հայատեաց ախտով: Այդ ցաւալի երեւոյթի մասին գրել նշանակում է կրկնել այն, ինչ որ արդէն վաղուց ասուած եւ մոռացուած է: Կարիք կա՞յ յիշեցնել դարերի ընթացքին եղածները, մինչեւ իսկ 44- օրեայ դժոխքի օրերին յայտնաբերուածները: Դժուար՝ մինչեւ իսկ նողկալի է սեփական հասարակութեան մէջ ընդհանրացուած ցաւերի ախտաճանաչումը: Կարելի է բախտաւոր համարել նրանց, որ դեռ չեն հասկացել եւ կը հասկանա՞ն արդեօք, որ արդի ներքին եւ արտաքին տիրող խաժամուժի պայմաններում մեր լինել֊չլինելու խնդիրն է դրուած, եւ ոմանք, վաղուց ի վեր երկրի գլխաւոր թշնամին համարելով Փաշինեանին, մեզ հասած ոչ-հաւաստի լուրերի, նոր հոկտեմբեր 27-ի նման անյաջող փորձ են արել եւ կրկին պատրաստւում են նախատեսուած ապրիլ 5\6ի ցոյցը վերածել իշխանափոխութեան քայլերի՝ քոչի կլանը վերականգնելու միտումով: Ճիշտ է ասուած, թէ երբ շունը գայլ է խեղդում, ոհմակը ի վերջոյ այդ շանը ուտում է, իսկ մեր երկրի իշխանութեան տենչով տառապող ոհմակը բաւական մարդաշատ է եւ ընդդիմադրի պիտակի տակ՝ առք ու փառքով տեղաւորուած, թէ՛ խորհրդարանում եւ թէ՛ այլ եւ այլ իրաւական ու մամուլի աթոռներին: Հակապետական գործունէութիւնը եւ ռեւանշի բազում տեսակները, որոնց հիմնական ատաղձը, տեղին թէ անտեղի, իշխանաւորներին վատաբանելն է, անպատշաճ եւ գռեհիկ դիմելաձեւով, նրանց արմատական նպատակն է:
Սխալ չի լինի, թերեւս տիրող արդի վիճակը համարել մեր պետականութեան ամենադժուարին փուլը, երբ պէտք է դիմակայել՝ թէ՛ ներքին եւ թէ՛ արտաքին քանդող ուժերին եւ անհերքելի է, որ եթէ պատերազմը դեռ չի դադարել եւ սահմանային սադրանքները անվերջ են, ապա ներքին ճակատում՝ վերջին նստաշրջանի կատակերգութիւնը իր անկարգապահ եւ աւերիչ բնոյթով, որ աւելի քան վեց ամիս տիրում է ԱԺ֊ում, տանում է կործանումի: Ընդդիմադիր այրերը չհասկացան, թերեւս անընդունակ են կամ չեն ցանկանում հասկանալ, որ իրենց խափանիչ քայլերով աւելի յետաձգեցին օրինական ընտրութիւնները՝ մէջտեղ հանելով արտահերթի անհրաժեշտութիւնը, մինչդեռ մենք խաղաղ եւ խելացիօրէն համախմբուելու կարիքը ունենք:
Ի վերջոյ խաւարի մէջ է մեր մօտ ապագան եւ վաղուայ համար որեւէ երաշխիք չունենք հաշուի առնելով թուրք֊ազերի ստոյգ ախորժակը մեզ կուլ տալու առումով եւ արդի ռուս֊ուկրաինական բախումները դրական ելք չեն կարող ունենալ մեզ համար եւ մեր սահմանագծի սադրանքները, որ վերջանալու միտում չունեն, եւս դրա հետեւանք են եւ աւելին՝ որքան արեւմուտքը ԱՄՆ հովանաւորութեամբ շատ զինի Կիեւին, նոյնքան աւերածութիւնն ու զոհերի թիւը կը բազմապատկուեն, որ մենք եւս անբաժին չենք մնայ, երբ Պուտին֊Ալիեւ յարաբերութիւնները իրարամերժ չեն, թերեւս թուրք մեծ եղբօր միջնորդութեամբ:
Ո՞վ եւ ո՞ւմ պէտք է խօսք հասկացնի, երբ սեղանի վրայ են խոշոր ծաւալի խնդիրներ կամակորների միջեւ, եւ մենք պարտաւոր ենք ծայրայեղ զգոյշ լինել իրար յօշոտելուց, քանզի այն կարող է մեր ոչնչացման սկիզբը լինել, ուստի պաշտպանողական կատարեալ նոր զէնքերի ձեռքբերումը պէտք է դառնայ ոչ միայն նպատակ, այլ իրականութիւն: Փոխարէնը, տիրում է զգօնութեան պակաս եւ վտանգը դեռ բոլորի կողմից չի ընկալուած լրջօրէն:
Ցաւալի է, որ վերջերս Խրամորթ եւ Փառուխ գիւղերում եղած ոտնձգութիւնների առիթով ԱԺ֊ում հարց տրուեց, թէ ինչո՛ւ սահմանը պաշտպանուած չէր: Եթէ հարցադրումը նոյնիսկ ճիշտ եւ տեղին է, պէտք չէ մոռանալ, որ տարիների ընթացքին այդ նոյն սահմանը պաշտպանուած էր պահածոյի դատարկ տուփերի շարանով եւ ոչ ոքի չէր անհանգստացնում, քանզի թանկ չէր եւ եղած գումարները ներդրւում էին անձնական ապարանքների կառուցմանը: Այս ասելով համամիտ եմ այն կարծիքին, որ անցեալով չեն դատում ներկան, ուստի ներկայի հետ ապագայի հոգսերով անհանգստանալը բոլորի միաբան գործն է, որպէսզի սահմանամօտ գիւղերում եւ ՀՀ տարածքում կրակոց չլինի, եւ պէտք չէ մոռանալ եւ անընդհատ կրկնել, որ սահմանին եղած դէպքերը պատահական չեն, այլ մանրակրկիտ ծրագիր, որ կարող է տարածուել դէպի ՀՀ, եթէ բոլոր ջանքերը չդնենք Արցախի կարգավիճակը պարզեցնելու, գիտակցելով, որ այն մեզանից չի կախուած եւ խանգարող տարրերը բազում են տարատեսակ եւ մեզ անհասանելի:
Վերջերս սկսել են տարբեր խմորումներ տարածել նախ Արցախը ռուսականացնելու մասին, որոնց կողքին պակաս չեն հակառուսական մտորումները, որ երբեւէ մեր օգտին չեն, եւ ինչպէս բելոռուս նախագահն էր լրբօրէն ասել, թէ «Հայերը գնալու տեղ չունեն եւ ո՞ւմ են պէտք»:
Վտանգը միշտ առկայ է եղել եւ շարունակում է կախուած մնալ մեր գլխավերեւում, եւ ողբերգական է, որ ամիսներ անց մեր ԱԺ֊ում ոչ մէկ հարցի շուրջ շինիչ քննարկում չի եղել, բացի իրար հայհոյելուց եւ շիշ նետելուց: Աւա՜՜ղ:
2-4-2022 – Սեն Ռաֆայել