Ռուբէն Յովակիմեան
«Երբ շատերն են միեւնոյն բանի
մասին մտածում , նշանակում է՝
այլեւս դադարել ենք մտածելուց»:
Էյնշտեյն
Վերջին բախումը մեր երդուեալ թշնամու հետ ողբալի դադար ունեցաւ, որ միակ հարցն է ո՛ւր ողջ հայութիւնը համակարծիք է, բայց նոյնքան ողբալի է երկրում տիրող քաղաքական վիճակը, երբ ընդդիմադրի անուան տակ համախմբուած արկածախնդիր մի քանի վրիպածներ աղմուկ աղաղակով փողոց են փակում, որոնք դեռ լաւ չգիտեն, որտեղի՛ց են գալիս եւ ո՛ւր են գնում, բայց վստահ են, որ նպատակը աթոռն է, որի շնորհիւ, եթէ գրաւեն, պիտի կարողանան վերականգնել թալանի համակարգը՝ թերեւս գլխաւորութեամբ ռոբի, որ թեկնածուական մտքեր է բարբաջում կամ այլ նմանակի։
Թանձրամիտ լինելու նշան չէ՞, արդեօք, երբ տասնամեակներ շարունակ քաղաքական գործիչի անուան տակ իրենց գոյութիւնը պահպանած անձինք չեն կարողանում կամ չեն ցանկանում հասկանալ, որ իրենց գնացքը արդէն գնացել է եւ անելիք այլեւս չունեն, ինչպէս նաեւ չեն ըմբռնել, որ հրաժարականի եւ դաւաճանի թնջուկը անընդհատ կրկնելով այլեւս ոչ ոքի չեն կարող հաւատացնել կամ համոզել ու զարմացնել, բացի մի քանի դրամով վճարուած ցուցարարներին։
Գիտե՞ն այդ 17+նախկինները մի քանի մեծաբերանների հետ մէկտեղ, որ այդ ողբալի կորուստի հեղինակ Ալիեւը, որի հետ բարոյապէս իրենք մեղսակից են, ծախսել է աւելի քան 48 միլիարդ դոլար հայ ժողովրդի դէմ իր ահաբեկչական պատերազմը յաղթելու համար, իսկ ինչո՞վ են մասնակցել իրենք՝ ջուրը պղտորելուց բացի:
Տեղեա՞կ են այդ սրտացաւ հայրենասէրները, որ այս օրերին Յունաստանը գնեց Ֆրանսայից 18 հատ RAFALE տեսակի գերհզօր մարտական օդանաւ 2 միլիարդ դոլար արժէքով` հաշուի առնելով թուրքերի կողմից սպասուող հնարաւոր վտանգները եւ աւազակաբարոյ ախորժակը, մինչդեռ մենք չունենք նման մի բան եւ մտածող կամ ձեռքը գրպանը տանող կա՞յ կառավարութեանը սատար լինելու համար, որպէսզի մենք եւս պատրաստ լինենք անակնկալ յաջորդ ենթադրեալ ողբերգութեանը դիմակայելու: Բացառուած չէ, որ մեր երկիրը ոտքի տակ մնայ եւ վարչապետի եզակի սխալը չէ՝ մեր միակ յոյսը Պուտինի վրայ դնելը, այլ բոլորն են մեղաւոր:
Ընդունում եմ, որ վարչապետը մեծ սխալ է գործել, որ աւելի քան երկու տարում չկարողացաւ երկրի գողօնը վերադարձնել, չնայած շատ խօսուեց եւ անհրաժեշտ մակարդակով զինել բանակը: Թերեւս աւելի մեղմ լինէր այդ ողբերգութիւնը, քանզի յաղթելու պատրաստ չէինք, իսկ թշնամին պատերազմի առիթով վճարել է տարբեր քաղաքական գործիչների եւ ընկերութիւնների՝ ԱՄՆ-ից , Թուրքիայից, Բրիտանիայից, Իսրայէլից, Ռուսաստանից, Վրաստանից, եւ Կանադաից, ինչպէս նաեւ Պակիստանից եւ Սիրիայից ահաբեկիչներ տեղափոխելու համար։ Իսկ մեր փրկիչները բոլոր հնարաւոր միջոցներով լուրեր տարածեցին, թէ վարչապետը հինգ միլիարդով ծախել է Արցախը՝ երբեմն յաւելումով, թէ փորձում է գնել Էյֆելի աշտարակը։ «Եկ, վարդապետ, եւ մի՛ խենթացիր»։
Այս չի՞ նշանակում է, թէ երկրում իսպառ բացակայ է քաղաքական, բարոյական, կենցաղային՝ տարրական կիրթ կեցուածքը, իսկ թաքստոցում պահ մտած մտաւորականութիւնը տագնապի մէջ է եւ ինչ անելը չգիտի, եւ նրանց մի մասը մոլորուած ընկել է նախկինների թակարդը, իսկ մի այլ մաս՝ միջոցներ է փնտրում, թէ ինչպէս երկրից հեռանալ այդ դժոխքին մասնակից չլինելու։
Ո՞վ եւ ինչպէ՞ս կարող է արդարացնել, երբ երկիրը փրկելու փողոցի թեկնածուն ապստամբութիւն անելու կոչեր է հնչեցնում եւ կատակերգութիւնն այնտեղ է, որ թերեւս հասկանալով իր արտասանած բառերի խղճուկ, անիմաստ եւ տգէտ լինելը, աւելացնում է թէ՝ առանց զէնքի, բայց վարչապետին պէտք է հեռացնել զօռով, եթէ իր կամքով չհեռանայ։ Երանելի անձ է նա, քանի տեղեակ չէ, որ ուրիշի ձեռքին խղճուկ խաղալիք է դարձել։
Այս փրկչի ո՞վ եւ ի՞նչ լինելը հասկանալու համար, թերեւս տեղին է յիշել, որ 44 դժոխային օրերին նա եղել է «մասնակից» յաղթանակի հասնելու ճիգերին՝ ընդհուպ հեռաձայնով եւ թելադրելով Արցախի սպայակոյտին՝ ապստամբել, չէզոքացնել նախագահին եւ իրենց ձեռքը վերցնել իշխանութիւնը։ Ահա թէ ո՞վ է ճգնում բազմել վարչապետի աթոռին, թէեւ ժամանակաւոր։ Վա῀յ մեզ։
Այս գորշ եւ քաոսային վիճակը յուշում է այն, որ տարբեր պատճառներով, երկրում քաղաքական եւ կենցաղային բարոյականութեան մակարդակի մեծ անկում է եղել վերջին տասնամեակներին եւ ոմանց համար քաղաքակրթութեան սահմանները վերացել են խորհրդարանի դահլիճից մինչեւ փողոցի եւ անհատական հարթակները, թէկուզ այս գնահատականը պարզունակ համարուի։
Մէկ հարց, որ թերեւս շատերին հանգիստ չի թողնում, այն՝ թէ այն զէնք ու զրահը, մարդկային ամբոխը, որ կուտակել էր թշնամին մեր քթի տակ, ինչո՞ւ կիսատ թողեց իր երազած Արցախը գրաւելը, կապի միջանցք թողնելով մեզ հետ։ Միթէ՞ հետագայի իր շնութիւնները վերսկսելու, թէ մեզ անհասանելի պատճառներով, բայց չմոռանանք մօտ օրերին Կարսում կայանալիք զինավարժութիւնը, որ երեխայի խաղալիք չէ եւ գաղտնի նպատակ ունի։
«Փրկութեան շարժում»-ի հոգատար հայրենասէրները լաւ կ’անեն այդ կարեւոր հանգամանքը աչքաթող չանել եւ զբաղուել աւելի լուրջ հարցերով, քանզի չկայ չարիքից պատսպարուած ոչ մէկ հայ, երբ թուրք եղբայրները դաւեր են հիւսում։
Հայ ԲՀԿ պատգամաւորի, «սոցիալիտ»ի պիտակով, ելոյթը Եւրախորհուրդի ամբիոնից Պուտինի դէմ՝ պաշտպանելով Նաւալնիի դատը, կարելի է համարել տհասութեա՞ն գագաթ, թէ՞ վրիպում կամ դաւադրութիւն։
Ժամն է հասունութեան եւ իրատեսութեան։
29-1-21
(Սան Ռաֆայէլ)