ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
Պատերազմի առաջին փուլը, կարծես թէ, աւարտուել է: Հակառակորդն, օգտագործելով օդում տեխնոլոգիական առաւելութիւնները, ունեցաւ որոշակի յաջողութիւններ, բայց նրա յարձակողական թափն, առայժմ, յամենայնդէպս, կոտրուել է: Յաջողութիւններն էլ բաւականին յարաբերական են, եւ բացարձակապէս համաչափ չեն թափուած ջանքերին ու ծախսուած միջոցներին, իսկ ամենակարեւորը՝ յայտարարագրուած նպատակներին եւ ժամկէտներին: Ոչ 24, ոչ էլ 48 ժամում Արցախը «գրաւել» չյաջողուեց, եւ վաղ թէ ուշ Ադրբեջանի քաղաքացիները հարցնելու են՝ «բա ի՞նչ եղաւ ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու խոստումը»: Կարծում եմ, բոլորի համար պարզ է, որ այդ նպատակն ընդհանրապէս անիրագործելի է թէ՛ ռազմական եւ թէ՛ քաղաքական տեսանկիւնից:
Միւս կողմից, ամենասխալ բանն է պատերազմի ժամանակ հակառակորդին թերագնահատելը՝ Էրդողանը եւ Ալիեւը շատ մեծ խաղադրոյք են դրել այս հակամարտութեան վրայ, որպէսզի մօտ ժամանակներս իրենց նպատակներից հրաժարուեն: Ադրբեջանն ունի ներուժ համալրելու իր բանակը թէ՛ նոր զինծառայողներով (ներառեալ թուրք յատուկ ջոկատայիններին եւ վարձկաններին), թէ՛ զինտեխնիկայով, այդ թւում՝ Իսրայէլից եւ Թուրքիայից ներմուծուած: Կարծում եմ նաեւ, թուրք զինծառայողները, որոնք կռւում են Արցախում, պատշաճ պատրաստութիւն են անցել ՆԱՏՕ-ում: Այնուամենայնիւ, սպասուող մարտերում հայկական ուժերի շանսերն (կարելիութիւնները-Խմբ.) ակնյայտօրէն գերադասելի են, մանաւանդ որ մեր ժամկէտային ու պայմանագրային զինծառայողներին միացել են լաւ կազմակերպուած, փորձառու, տեղանքը հրաշալի իմացող «հին կռուած տղաների» ջոկատները:
Այնպէս որ պատերազմի «վերջնական ելքի» վերաբերեալ ես ոչ մի կասկած չունեմ: Պարզապէս պէտք է տրամադրուել, որ դա կարող է երկար տեւել: Ասելով «տրամադրուել», ես նկատի ունեմ, որ շաբաթներ կամ գուցէ ամիսներ պատերազմական ռեժիմով (դրութեամբ-Խմբ.) պէտք է ապրեն պետական կառոյցները, տնտեսութիւնը, հասարակութիւնը, աշխարհասփիւռ հայութիւնը: Չյոգնել, չհիասթափուել, ամենօրեայ գործն անել մշտական խանդավառութեամբ՝ դա համեմատաբար հեշտ է անել նրանց, ովքեր արդէն մի պատերազմ տեսել են եւ դիմացել են շատ աւելի դժուար պայմաններին:
Թող միամիտ կամ «իդէալիստական» չթուայ, բայց վստահ եմ, որ կայ եւս մի գործօն, որը մօտեցնում է յաղթանակը՝ այդ գործօնը ներքին համերաշխութիւնն է: Ոչ միայն մի կողմ թողնել թշնամանքը եւ կասկածամտութիւնը, այլեւ 10 միլիոն հայերով ջերմ եւ հոգատար լինել իրար նկատմամբ: Համոզուած եմ, որ դա հզօր ուժ է: Ինչպէս նշեց մեր սիրելի հոգեւորականներից մէկը՝ մեր երկրին հաշտութեան օրակարգ է պէտք: Իսկապէս որ, դա՛ է յաջողութեան բանալին:
«ԱՌԱՒՕՏ»