ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՊԱՏՄԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ ՌԻՉԱՐԴ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ՎԱՀԷ ՄԱԿԱՐԵԱՆ
«Ժառանգութիւն» կուսակցութեան առաջնորդ Րաֆֆի Յովհաննիսեանի հայրը՝ ամերիկեան համալսարանի դասախօս, պատմական գիտութիւնների դոկտոր Ռիչարդ Յովհաննիսեանը, կրկին Հայաստանում է: Նա այս օրերին մասնակցում է Ցեղասպանագէտների ֆորումին, որ բացուեց երկու օր առաջ՝ ՀՀ նախագահի գլխաւորութեամբ:
Երէկ նրա հետ զրուցեցինք իր որդու՝ Րաֆֆի Յովհաննիսեանի, եւ թոռան՝ Կարին Յովհաննիսեանի քաղաքական, ստեղծագործական գործունէութեան, սխալների, տարբերութիւնների, հանրութեանն օգտակար լինելու մասին:
Պարոն Յովհաննիսեանը, ինչպէս պարզուեց, երկուսին էլ ազատ է թողել իրենց որոշումներում եւ որեւէ մէկին չի յորդորում նմանուել իրեն կամ հակառակը՝ չկրկնել այն, ինչ արել է ինքը: Յիշեցնենք, որ Ապրիլին նրա թոռը՝ Րաֆֆիի որդի Կարինը, ով գրող ու նաեւ ռեժիսոր է, ներկայացրեց «1915» ֆիլմը Ցեղասպանութեան մասին: Թէ ինչով է զբաղուած նա հիմա, Ռ. Յովհաննիսեանն ասաց. «Վերջին ֆիլմից յետոյ չգիտեմ ինչ է անում, հիմա գիտեմ, որ Աւստրալիա գնաց, այնտեղ ցուցադրուեց, գիտեմ, որ սա շատերի սպասուածը չէ, սա աւելի հոգեբանական մօտեցում է, բայց ոչ բոլորի համար: Խորիմաստ պէտք է դիտես, գուցէ եւ երկու անգամ դիտես, որպէսզի կարողանաս ըմբռնել, թէ հեղինակներն ու ռեժիսորներն ինչ մեսիջ կ՛ուզէին փոխանցել»:
ՎԱՀԷ ՄԱԿԱՐԵԱՆ.- Դուք քանի՞ անգամ էք դիտել այդ ֆիլմը եւ արդեօք ըմբռնե՞լ էք այդ մեսիջը:
ՌԻՉԱՐԴ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Երկու անգամ, եւ ես կարծում եմ, որ ըմբռնել եմ, անպայման ամէն ինչի հետ համաձայն չեմ, կ՛ուզէի գուցէ աւելի պարզ լինէին որոշ բաներ, որովհետեւ ողջ հասարակութեան համար սա մատչելի եւ ըմբռնելի չէ:
ՎԱՀԷ ՄԱԿԱՐԵԱՆ.- Ձեր թոռն աւելի շատ ձեր, այսինքն պապի՞ գիծն է առաջ տանում, թէ՝ հօր:
ՌԻՉԱՐԴ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Ինքը տարբեր է, ես պատմաբան եմ, ինքը պատմաբան չէ, ինքն աւելի շատ գեղարուեստով է զբաղուած…
ՎԱՀԷ ՄԱԿԱՐԵԱՆ. – Ձեր որդին՝ Րաֆֆի Յովհաննիսեանը, Ա-րեւմտեան Հայաստանում կարծես փորձում է որոշակի գործունէութիւն ծաւալել, յաճախակի այցելում է այնտեղ…
ՌԻՉԱՐԴ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Ի՞նչ գործունէութիւն… այցելում է, սիրում է, ինքը ուզում է օգնել նրանց, բայց ես չեմ կարող դա յստակ գործունէութիւն համարել. գիտեմ, այնտեղ դեռ հայեր կան, ինքը ուզում է, որ հայերէն դասընթացներ բացուեն, բայց ես չէի ասի, թէ այսպէս որոշուած, համապարփակ մի ծրագիր կայ:
ՎԱՀԷ ՄԱԿԱՐԵԱՆ. – Ձեր կարծիքով՝ Րաֆֆի Յովհաննիսեանը Հայաստանում սպառե՞լ է իր քաղաքական գործունէութիւնը:
ՌԻՉԱՐԴ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Դա ժողովուրդը պիտի որոշի, ինքն իր կեանքը նուիրեց այստեղ, ես չգիտեմ, կը կարծեմ, որ որոշակի ներշնչում տուեց ժողովրդին, փորձեց ժողովրդին հասկացնել, որ իր ձայնը կարող է լսելի դարձնել, բայց չգիտեմ ապագայում ինչ գործունէութիւն կը ծաւալի կամ ինչ օգտակարութիւն կարող է ցոյց տալ, դա իր որոշումն է եւ ժողովրդի որոշումն է:
ՎԱՀԷ ՄԱԿԱՐԵԱՆ.- Դուք ինչպէ՞ս էք ցանկանում:
ՌԻՉԱՐԴ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Իմ ցանկութիւնը կարեւոր չէ. իմ ցանկութիւնը այն էր, որ դեռեւս սկզբից էլ արտասահմանում մնար եւ աւելի ակտիւ ձեւով Հայ Դատին ծառայէր, որովհետեւ ինքը չափազանց հմուտ է լեզուների մէջ, դիւանագիտական աշխատանքում եւ այլուր, եւ այստեղ, ինձ թւում է, որ կարողութիւնները սահմանափակ են:
ՎԱՀԷ ՄԱԿԱՐԵԱՆ. – Դուք, որպէս աւագ սերնդի ներկայացուցիչ, երբ համեմատում էք ձեր թոռան եւ որդու գործունէութիւնները, ո՞րն է աւելի շատ ձեզ ուրախացնում, ո՞րն է աւելի արդիւնաւէտ եւ օգտակար թւում:
ՌԻՉԱՐԴ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Ո՞րն է աւելի օգտակար՝ նարի՞նջը թէ խնձորը… պտուղները տարբեր են, գործունէութիւնները տարբեր են: Նայած ում համար, գեղարուեստական սերմերը՝ թոռնիկի համար, իսկ մարդիկ, ովքեր մտածում են Հայաստանի մասին, քաղաքական կեանքի մասին, ժողովուրդների իրաւունքների մասին, ի հարկէ, հայրը…
ՎԱՀԷ ՄԱԿԱՐԵԱՆ.- Դուք խորհուրդներ փորձո՞ւմ էք տալ ձեր թոռանը, որ չկրկնի հօր կամ պապի սխալները, օրինակ…
ՌԻՉԱՐԴ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Ոչ, բացարձակապէս, սա իրենց կեանքն է, ես իմ կեանքն ապրել եմ եւ շատ գոհ եմ իմ կեանքից եւ եթէ նորից աշխարհ գայի, ես չէի փոխի որեւէ բան: 50 տարուց աւելի ես ուսանողների հետ շփում եմ ունեցել, ինձ մեծ բաւականութիւն է տուել, միաժամանակ Առաջին Հանրապետութեան պատմութիւնն եմ գրել չորս հատորով, երբ որ դա այստեղ արգելուած էր այդ ժամանակ, ու ես ինքս բաւարարուած եմ…
ՎԱՀԷ ՄԱԿԱՐԵԱՆ.- Այդ դէպքում խորհուրդներ տալի՞ս էք, որ հետեւեն ձեր կամ ձեր որդու օրինակին:
ՌԻՉԱՐԴ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Ոչ… գիտէ՞ք, խորհուրդ տալն օգուտ չէ, քո հայրը կարող է քեզ ասել. «Տղա՛ս, գնա, բժիշկ եղիր», բայց դու կարող ես բժիշկ չդառնալ, դու պիտի հետեւես Նրան, ինքը քեզ առաջ կը մղի:
ՎԱՀԷ ՄԱԿԱՐԵԱՆ՝ Լրագրող, աւարտել է Երեւանի Պետական համալսարանը (բակալաւր, մագիստրատուրա): «Հրապարակ» թերթում եւ hraparak.am կայքում աշխատում է 2014թ.ից: Մինչ «Հրապարակ»ը՝ թղթակցել է տարբեր լրատուամիջոցների: