Առաջին աշխարհամարտից հետո Օսմանյան կայսրության իշխանությունների` Հայոց ցեղասպանության պատասխանատուներին դատապարտելու նախաձեռնությունն առաջին հերթին պայմանավորված էր պատերազմում հաղթանակած պետությունների դիրքորոշումը մեղմելու ցանկությամբ, քանի որ կայսրությանը վերջնական կործանում էր սպառնում: Բացի այդ` Թուրքիայի նոր իշխանությունները մտադիր էին պատասխանատվության ենթարկել առանց հիմնավոր պատճառի երկիրը պատերազմի մեջ ներքաշած և աշխարհամարտի տարիներին բազմաթիվ տնտեսական չարաշահումներ կատարած երիտթուրքերին: Երբ արևմտահայերի զանգվածային կոտորածների լուրը տարածվել էր աշխարհով մեկ, Անտանտի երկրները 1915 թ. մայիսի 24-ին նոտա էին հղել Բարձր Դռանը` հայտարարելով, որ Օսմանյան կայսրության այդ նոր ոճրագործություններն ուղղված են մարդկության դեմ, և դրանց համար պատասխանատու են կառավարության բոլոր անդամները և տեղական իշխանությունները: Թեև պատերազմից հետո դաշնակից պետությունները փորձեցին կոտորածների պատասխանատուների նկատմամբ կիրառել միջազգային իրավունքի սկզբունքները, սակայն այդ նախաձեռնությունը հաջորդ ամիսներին հետզհետե թուլացավ և, ի վերջո, զոհ գնաց քաղաքական խարդավանքներին:
Տեղի տալով համաշխարհային հանրության ճնշմանը, Օսմանյան կայսրության` միմյանց արագ հաջորդող կառավարությունների ներկայացուցիչները, որոնք հիմնականում կազմվում էին պատերազմի տարիներին երիտթուրքերի կողմից հալածված Ազատություն և համաձայնություն կուսակցության անդամներից, փութացին պատժել հայերի տեղահանության և կոտորածների հեղինակներին: Այդ շտապողականությունը պայմանավորված էր նաև Ցեղասպանության հանցագործներին օսմանյան դատարանում դատելու ցանկությամբ, քանի որ դրանց` որևէ միջազգային դատարանում քննվելու դեպքում կարող էին ի հայտ գալ այնպիսի փաստեր, որոնք թուրքերը կցանկանային կոծկել:
1919-1921 թթ. Ստամբուլի ռազմական արտակարգ ատյաններում հայերի տեղահանության և կոտորածների մեղադրանքով կայացան 63-ից ավելի դատական գործեր, այդ թվում` երիտթուրքական կուսակցության և կառավարության անդամների, պատասխանատու քարտուղարների և կայսրության տարբեր շրջանների կառավարիչների:
Միություն և առաջադիմություն կուսակցության անդամների դատաքննությանն անդրադառնալիս պետք է հաշվի առնել հետևյալ երկու հանգամանքները© նախ` դատավարության ժամանակ Օսմանյան կայսրության իշխանությունները« ի դեմս սուլթան Մեհմեթ 6-րդի ու վարչապետ Դամաթ Ֆերիթ փաշայի վարչակազմի ներկայացուցիչների« ձգտել են հայերի զանգվածային կոտորածները կազմակերպելու մեջ մեղավոր ճանաչել միայն սահմանափակ զանգվածի` հանձինս Իթթիհաթ վե թերաքքի կուսակցության վերնախավի ու նրա ղեկավարած կառավարությանը« և երկրորդ© իրենք` երիտթուրքերը ու նրանց կողմնակիցները« ընդհակառակը« ամեն կերպ փորձել են չվարկաբեկել կուսակցության անունը` ձգտելով մեղքը բարդել ոչ թե կազմակերպության, այլ միայն առանձին անհատների վրա:
Այսպես` 1919 թ© հունվարի 28-ին Ալի Քեմալը, ով շատ չանցած զբաղեցնելու էր հանրակրթության, ապա` ներքին գործերի նախարարի պաշտոնները, «Սաբահ» օրաթերթում գրում էր© «4 կամ 5 տարի առաջ կատարվեց պատմության մեջ նախադեպը չունեցող ոճիր« մի հանցագործություն« որը սարսափ հարուցեց համայն աշխարհում: Եթե ուզում ենք պատկերացում տալ այդ ոճրագործության մասշտաբի և պայմանների մասին« ապա պետք է խոսենք ոչ թե 5-ից 10« այլ` 100 հազարավոր հանցագործների մասին: Արդեն բացահայտվել է« որ իրականում էլ այդ ողբերգությունը ծրագրված է եղել Իթթիհադի կենտրոնական կոմիտեի ընդունած որոշումների հիման վրա»:
Իսկ 1919 թ© մարտի 17-ին ներքին գործերի նախարար Ջեմալն «Ալեմդար» օրաթերթին տված հարցազրույցում փորձում էր առաջ քաշել թուրք հասարակ ժողովրդի և իր կառավարության անմեղության վարկածը: Ներքին գործերի նախարարը խոսում էր նաև իր կառավարության կողմից իթթիհադականներին պատժելու անհրաժեշտության մասին© «©©©կառավարությունը« նախ և առաջ« պարտավոր է մաքրել այն կեղտաբիծը« որ թողել է Միություն և առաջադիմություն կուսակցությունը օսմանականության վրա: Դրա համար էլ կառավարությունն անհրաժեշտ դատաքննություն է իրականացնելու տեղահանության և կոտորածների ողբերգությունների հեղինակների նկատմամբ: Միություն և առաջադիմություն ասելով` չենք հասկանում օսմանյան ազգ: Իթթիհաթ վե թերաքքի կուսակցությունը բոլորովին այլ ավազակախմբից էր բաղկացած: Տեղահանության և կոտորածների պատճառով ոչ մի պատասխանատվություն չի ընկնում օսմանյան կառավարության և ազգի ուսերին: Կառավարությունն ու ժողովուրդը պատասխանատու կդառնան միայն այն դեպքում« եթե չդատապարտվեն տեղահանության և կոտորածների հեղինակները»:
Հարկ է արձանագրել« որ ընդհանրապես հայերի տեղահանության ու կոտորածների մեղադրանքով իրականացված դատաքննությունների արդյունքում Ռազմական արտակարգ ատյանների դատական կազմերը մահվան դատավճիռներ արձակելիս ավելի «շռայլ» են գտնվել փախուստի մեջ գտնվող դատապարտյալների հանդեպ: Այսպես` հայերի տեղահանության և կոտորածների մեղադրանքով հարուցված մոտ 63 դատական գործերի արդյունքում կայացվել է ընդհանուր թվով 20 մահապատժի դատավճիռ: Հատկանշական է« որ այդ մահապատիժներից միայն 3-ն են ի կատար ածվել« իսկ մնացած 17-ն ընդունվել են հեռակա կարգով« քանի որ դատապարտյալները գտնվել են փախուստի մեջ: Մահապատժի ենթարկված դատապարտյալները հետևյալ անձինք են` Բողազլըյանի գավառապետ Մեհմեթ Քեմալը (Յոզղատի դատավարություն)« Երզնկայի ժանդարմերիայի հրամանատար Հաֆըզ Աբդուլլահ Ավնին (Երզնկայի դատավարություն) և Բաբերդի կառավարիչ« հետագայումª Ուրֆայի գավառապետ Բեհրամզադե Նուսրեթը (Բաբերդի դատավարություն): Ներկա գտնվող ամբաստանյալների վերաբերյալ մահապատժի դատավճիռներ կայացնելուց խուսափելը պայմանավորված էր նաև դատավարությունների ձևական բնույթով: Սուլթանական կառավարությանը հայերի տեղահանության ու կոտորածների պատասխանատուներին դատելուն է մղել առավելապես ոչ թե արդարությունը վերականգնելու ցանկությունը« այլ պատերազմում հաղթանակած պետությունների վրա նման տպավորություն թողնելու ձգտումը: Դա է ապացուցում նաև Հայոց ցեղասպանության ոճրագործներին մահապատժի ենթարկելու ժամանակացույցը: Այսպես` Յոզղատի դատաքննության արդյունքում դատին ներկա գտնված մեղադրյալի վերաբերյալ մահապատժի որոշում է կայացվել« քանի որ Յոզղատի դատավարությունն առաջինն էր հայերի տեղահանության և կոտորածների մեղադրանքով հարուցված դատական գործերի շարքում« և անհրաժեշտ էր Եվրոպայի առաջ արդար դատավարություններ կազմակերպելու տպավորություն թողնել: Ինչ վերաբերում է Հաֆըզ Աբդուլլահ Ավնիի և Բեհրամզադե Նուսրեթի մահապատիժներին« ապա նրանց մահվան դատավճիռներն արձակվել են Սևրի դաշնագրի կնքման նախօրեին և հաղթանակած տերությունների դիրքորոշումը մեղմելու նպատակ են հետապնդել:
Սուլթանական կառավարությունն այդպես էլ ոչ մի քայլ չի ձեռնարկել` հեռակա կարգով մահվան դատապարտվածներին գտնելու և վերջիններիս մահապատիժներն ի կատար ածելու ուղղությամբ:
Կայսրության տարբեր շրջանների հայերի տեղահանության և կոտորածների դատական գործերի առնչությամբ կարելի է արձանագրել նաև հետևյալ օրինաչափությունը. եթե առաջին դատավարությունների դեպքում դատարանը համեմատաբար խիստ պատիժներ է սահմանել մեղադրյալների նկատմամբ, ապա հետագա դատաքննությունների ժամանակ նկատելի է ամբաստանյալների ազատ արձակման դեպքերի աճ: Այս առումով, բնականաբար, նշանակալի դեր է կատարել երկրում ազգայնական շարժման ծավալումը և պարտվողական տրամադրությունների թոթափումը:
Հարկ է նաև արձանագրել, որ թեև հայերի կոտորածների հետաքննությունը շրջան առ շրջան իրականացնելը գործնական տեսանկյունից ավելի նպատակահարմար է եղել, սակայն, ըստ էության, տեսականորեն այդ դատավարությունները կարող էին ամփոփվել նաև մեկ դատական գործի շրջանակներում և ավարտվել մեկ ընդհանուր դատավճռով, քանի որ խնդրո առարկան միևնույն ոճրագործությունն էր: Մինչդեռ դա Ռազմական արտակարգ ատյանին ժամանակ շահելու և դատավարությունները դաշնակից պետությունների առաջ շահարկելու հնարավորություն էր տալիս: Դատավարությունների ընթացքում երկրում փոխվել է նաև քաղաքական իրադրությունը: Արդեն հիմնականում ազգայնականներով ներկայացված օսմանյան վերջին խորհրդարանի պատգամավորները 1920 թ. փետրվարի 20-ին հանդես են եկել վարչապետ Դամաթ Ֆերիթ փաշայի դեմ դատական գործ հարուցելու առաջարկով, քանի որ վերջինս բավականին հետևողական էր հայերի կոտորածների պատասխանատուներին բացահայտելու և պատժելու հարցում: Քեմալականների ճնշումների պատճառով Դամաթ Ֆերիթը 1920 թ. հոկտեմբերի 17-ին հարկադրված է եղել հրաժարական տալ: Նրան փոխարինել է քեմալականների հանդեպ բարյացակամ տրամադրված Թևֆիկ փաշան: Վերջինիս պաշտոնավարման ընթացքում` 1920 թ. նոյեմբերի 8-ին, ձերբակալվել են Բաբերդի դատավճիռն արձակած դատավորները:
Հարկ է նշել, որ մինչ այդ էլ Ռազմական արտակարգ ատյանի դատավորները, դատախազները և դատարանում որպես վկա հանդես եկած անձինք ահաբեկումների էին ենթարկվում երիտթուրքերի կողմից, որոնց մեծ մասը դեռ շարունակում էր պաշտոններ զբաղեցնել Ռազմական, Ներքին և Արդարադատության նախարարություններում, սակայն դատավորների ձերբակալման դեպքն աննախադեպ էր: Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել: 1921 թ. փետրվարի 2-ին դատավոր Նեմրութ Մուստաֆա փաշան դատապարտվել է 7, դատարանի անդամներից Ռեջեփ փաշան և Ռեջեփ բեյը` 5-ական, իսկ Ֆեթթահ բեյը` 3 ամիս ազատազրկման: Իսկ հայերի բնաջնջման համար մահապատժի ենթարկված ընդամենը 3 ոճրագործներից 2-ը` Մեհմեթ Քեմալը և Բեհրամզադե Նուսրեթը, հերոսացվել են քեմալականների կողմից:
Երիտթուրքերի դատավարություններում արդարությունն ամբողջովին չի վերականգվել: Սույն դատական գործերի օրինակից ելնելով` կարելի է եզրակացնել, որ ցեղասպանության հանցագործները չպետք է դատվեն իրենց երկրի դատարաններում: Յուրաքանչյուր ցեղասպանության հանցագործություն պետք է դատապարտվի միջազգային դատարանում: Թերևս միայն այդ դեպքում արդարությունը լիովին կվերականգնվի:
Վերջում հիշեցնենք Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Ջեմալի արտահայտած այն միտքը, թե «Կառավարությունն ու ժողովուրդը պատասխանատու կդառնան միայն այն դեպքում, եթե չդատապարտվեն տեղահանության և կոտորածների հեղինակները»:
Քանի որ Հայոց ցեղասպանության պատասխանատուների մեծ մասն այդպես էլ մնաց անպատիժ, իսկ սահմանափակ թվով հանցագործների դատապարտումն էլ առավելապես ձևական բնույթ կրեց, ապա կարելի է արձանագրել, որ սույն դատավարությունները կազմակերպած օսմանյան կառավարությունները ևս չեն ազատվել այդ պատասխանատվությունից:
Զեկուցումն ընթերցվել է 2013 թ. հոկտեմբերի 17-19-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները» խորագրով կազմակերպված հայագիտական միջազգային երկրորդ համաժողովում:
Մելինե Անումյան
Պատմական գիտությունների թեկնածու
Akunq.net