ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայերն անխոնջ աշխատել են՝ փորձելով հասնել արդարության և ցեղասպանության ճանաչման, և հենց նրանց ջանքերի շնորհիվ է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանտա Փաուերը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումից հետո հրապարակած տեսաուղերձում, հաղորդում է «Արմենպրես»-ը:
Փաուերը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին և արտգործնախարարին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումին մասնակցության հրավերի համար՝ նշելով, որ ԱՄՆ-ի համար մեծ պատիվ է ֆորումին մասնակցելը:
Փաուերի խոսքով՝ նա իր կարիերայի ընթացքում հանդիպել է Հայոց ցեղասպանությունը վերապրածներին, ինչպես նաև հայերի նոր սերունդներին և սփյուռքահայությանը, ովքեր «անխոնջ աշխատել են՝ փորձելով հասնել արդարության և Ցեղասպանության ճանաչման, ինչպես նաև ունենալ ժողովրդավարական, բարգավաճ Հայաստան»:
Փաուերը նշել է, որ ԱՄՆ-ում բնակվող մոտ 2 միլիոնանոց ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների մեծ մասը Ցեղասպանությունը վերապրածների սերունդներն են:
«Շնորհիվ նրանց անդադար ջանքերի 2021 թ.-ին նախագահ Բայդենը դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, ով պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը», – ասել է Փաուերը:
Նա նաև նշել է, որ ցեղասպանության վտանգը 21-րդ դարում չի պակասել:
«Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ շատերը մտավախություն ունեն, որ զանգվածային դաժանությունները և ցեղասպանությունը դառնում են ավելի շատ, ոչ թե ավելի քիչ հավանական: Մենք գիտենք, որ այն մարդիկ, ովքեր ձգտում են ցեղասպանություն իրագործել, տեխնոլոգիաների կարիք չունեն: Օսմանցիները ժամանակակից տեխնոլոգիայի կարիք չունեին 1.5 միլիոն հայերի անապատով քայլերթի տանելու կամ կոտորելու համար», – նշել է նա՝ շեշտելով, որ միևնույն ժամանակ տեխնոլոգիաները կարող են ապատեղեկատվությունն ավելի մեծ լսարանի հասցնել և սրել պառակտումը:
Փաուելը նշել է, որ ցեղասպանությունը կանխելու համար հարկավոր է թույլ չտալ
«չար նպատակներով տեխնոլոգիայի օգտագործումը» վերահսկողությունը մեծացնելու, նոր նորմեր սահմանելու միջոցով, որպեսզի ստեղծվեն այնպիսի արտադրանք և հարթակներ, որոնք մարդու իրավունքների ոտնահարում թույլ չեն տա:
«Դա նաև նշանակում է հանրային և մասնավոր ճնշում գործադրել տեխնոլոգիական ընկերությունների վրա՝ չափավորելու բովանդակությունը և կանխելու ատելության խոսքի տարածումը կամ բռնության հրահրումը», – ասել է Փաուերը:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարը նշել է, որ ցեղասպանություն իրագործողները փորձում են վերացնել ցեղասպանությունը վերապրածների պատմությունները, հիշողությունները, իսկ նրանք, ովքեր փորձում են ավելի լավ աշխարհ ստեղծել, պարտավոր են վերցնել այդ պատմությունները և տանել իրենց հետ՝ հարգելով անցյալը և փորձելով կանխել ցեղասպանության կրկնությունը: