ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստանի վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեան Անվտանգութեան խորհուրդի նիստին Հայաստան-Ատրպէյճան սահմանային իրադրութեան լարուածութեան թօթափման նպատակով առաջարկեց Սոթք-Խոզնավար հատուածէն քաշել թէ՛ հայկական, թէ՛ ատրպէյճանական զինուժերը, տանիլ մշտական տեղակայման վայրեր, տեղակայել միջազգային դիտորդներ` Ռուսիոյ կամ ԵԱՀԿի Մինսքի խումբի համանախագահող երկիրներու ներկայացուցիչներու ներգրաւումով:
Ան այս առաջարկը ներկայացուց օրուան առաջին կէսին Գեղարքունիքի մարզի Կութ գիւղի սահմանային տարածքներ այցելելէ ետք։
«Իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում սադրանքն անխուսափելիօրէն կարող է վերածուել լայնածաւալ բախման: Այդ նպատակով ես առաջարկում եմ իրավիճակի դիւանագիտական խաղաղ հանգուցալուծում եւ հանդէս գալիս բաց առաջարկով` ուղղուած միջազգային հանրութեանն ու Ադրբեջանի իշխանութիւններին: Առաջարկը հետեւեալն է` պայմանաւորւում ենք, որ շատ արագ երկու կողմերի Զինուած ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից: Ընդհանրապէս այդ տարածքներից Զինուած ուժերի ներկայացուցիչները վերադառնում են մշտական տեղակայման վայրեր, իսկ այդ տարածքներում տեղակայւում են միջազգային դիտորդներ` Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներգրաւուածութեամբ: Որից յետոյ միջազգային հովանու ներքոյ տեղի ունենայ սահմանային կէտերի ճշգրտման աշխատանք։ Տուեալ դէպքում կրկին իմ պատկերացումն այն է, որ Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող դիտորդներ պէտք է ներգրաւուած լինեն ու այս գործընթացը պէտք է տեղի ունենա Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան գործունէութեան ներքոյ: Սա է առաջարկը, սա է իմ առաջարկած պլանը: Եթէ Ադրբեջանն իրօք խնդիր ունի սահմանային կէտերի ճշգրտման հետ, ապա այս պլանը մերժելու որեւէ պատճառ պէտք է չունենայ: Մենք մեր կողմից համոզուած ենք, վստահ ենք, որ բոլոր միջազգային դիտորդներին կարող ենք մեր դիրքորոշումը, տեսակէտը հիմնաւորել: Գուցէ իրենք էլ ունեն վստահութեան իրենց բաժինը, բայց խօսքը դրա մասին չէ, խօսքն այս փուլում իրավիճակը դէէսկալացիա (մագլցումի առաջքը առնելու) անելու մասին է եւ դիւանագիտական խաղաղ հանգուցալուծման հասնելու մասին: Եւ սա կարող է համարուել, կարող ենք համարել պաշտօնական առաջարկ` ուղղուած Ռուսաստանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին եւ իհարկէ նաեւ Ադրբեջանին: Այնպէս որ, ես յոյս ունեմ, որ այս առաջարկը կ՚ընդունուի», ըսաւ Փաշինեան։