ԵՐԵՒԱՆ, «Լրագիր».- Լրատուամիջոցներու եւ հասարակական կազմակերպութիւններու ներկայացուցիչներու հետ ունեցած զրոյցին ընթացքին վարչապետ Նիկոլ Փաշինեան անդրադարձաւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերող փաստաթուղթի բովանդակութեան եւ Ռուսիոյ առաջարկին։
«Երբ մենք ասում ենք առաջարկն ընդունելի է Հայաստանի համար, մենք չենք ասում, որ առաջարկը 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի պատկերացումներին: Մենք դրանով ուզում ենք ի ցոյց դնել, բայց ոչ թէ ձեւական, այլ իրականում ի ցոյց դնել, որ ուզում ենք գնալ լուծումների: Մենք հանդէս էինք եկել առաջարկութիւններով` զօրքերի հայելային յետքաշում: Ռուսաստանի Դաշնութիւնը դրանից յետոյ հանդէս էր եկել առաջարկներով, որը լիարժէք մեր առաջարկների տրամաբանութեանը չէր համապատասխանում, բայց ՌԴն փորձ էր արել եւ փորձ է անում Ադրբեջանի եւ մեր դիրքորոշումներից ինչ-որ միջին բան դուրս բերել: Եւ ես ուզում եմ բարձր գնահատել ՌԴ նախագահի անձնական ջանքերը, ՌԴ արտաքին ու պաշտպանութեան նախարարութեան ջանքերը», ըսաւ ան:
Ըստ Փաշինեանի` դիւանագիտական աշխատանք կայ, սակայն զայն հրապարակային դարձնելով` պէտք է ամէն ինչ վերսկսիլ զերոյէն: Ան դիտել տուաւ, որ զօրքերը ետ քաշելու գաղափար կայ, բայց հարցական է, թէ՝ ի՛նչ սկզբունքով եւ ո՛ր տարածքներէն, եւ թէ ինչպէ՛ս երաշխաւորել, որ այդ ետ քաշուած զօրքերը պիտի չսկսին իրենց հին կամ նոր դիրքերը զբաղեցնել: Ան նշեց, որ հաւանական է, որ Ռուսիա գաղափար մը կու տայ այս մասին, որպէսզի չվերսկսին ռազմական գործողութիւնները։
Պատասխանելով այն հարցումին, թէ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները կ՛ենթադրե՞ն Ատրպէյճանի տարածքային ամբողջականութեան ընդունում՝ Փաշինեան ըսաւ․ «Արցախի հարցը տարածքի հա՞րց է, մեր ընկալմամբ` Արցախի հարցը տարածքի հարց չէ, իրաւունքի հարց է: Եւ տարածքի հետ կապ չունի: Եւ մենք ասում ենք, որ Արցախի հարցը նենգափոխուել է, նաեւ դա նկատի ունենք: 1991 թուականին ԱՊՀ փաստաթղթերով Հայաստանն ու Ադրբեջանն իրար տարածքային ամբողջականութիւնը ճանաչել են: Դա նշանակել է, որ Ղարաբաղի հարցը չկա՞յ»։
Անդրադարձ կատարուեցաւ նաեւ Ատրպէյճանի պահանջած Զանգեզուրի միջանցքին։ «Անունը դրել են Զանգեզուրի միջանցք ու ասում են` եթէ այդ միջանցքը չտաք, մենք պատերազմով կը ստանանք: Մենք պէտք է այս փաստը դնենք միջազգային հանրութեան աչքի առաջ», ըսաւ Փաշինեան՝ աւելցնելով. «Բայց մենք շահագրգիռ ենք տարածաշրջանային հաղորդակցութիւններու բացման հարցում, որովհետեւ Հայաստանն 30 տարի գտնւում է շրջափակման մէջ: Յաջորդ խնդիրը երթուղիների խնդիրն է, որը նրբութիւններ է պարունակում: Եւ եթէ սոււվերենութեան (գերիշխան) շրջանակներում է տեղի ունենում, եւ Հայաստանն ասում է` ես պատրաստ եմ ապահովել Նախիջեւանի եւ Արեւմտեան Ադրբեջանի միջեւ ճանապարհ, կը ներէք, բայց Հայաստանն է որոշում, թէ ինչ ճանապարհով է ապահովում այդ երթեւեկութիւնը: Հակառակ պարագայում ի՞նչ սուվերենութիւն: Այսինքն` Ադրբեջանն ուզում է որոշել` ինքն ինչպէս մտնի, ինչպէս դուրս գա՞յ: Չի լինելու այդպիսի բան»:
Փաշինեան յայտնեց, որ խօսքը Թուրքիա-Ատրպէյճան կապի մասին է, մեծ միջազգային ճանապարհի մասին է: Թէեւ կը թուի, թէ Ատրպէյճան-Նախիջեւան կապի մասին է խօսքը, բայց իրականութեան մէջ նոր միջազգային ճանապարհի մասին է: «Եւ բնականաբար Հայաստանը պէտք է շահագրգիռ լինի, որ նոր միջազգային ճանապարհն անցնի իր տարածքով: Ես այսօր շատ դիսկուրսներ (խօսակցութիւններ) եմ տեսնում, որոշ վերլուծութիւնները տեսնելով` չեմ հասկանում, թէ ինչո՛ւ Հայաստանը պէտք է հրաժարուի ճանապարհ տալ: Այսօր աշխարհում բոլոր երկրները պայքարում են մի բանի համար, որ ճանապարհները, երկաթուղիները, գազամուղերը, նաւթամուղերն անցնեն իրենց տարածքով», նշեց ան:
Փաշիեան անդրադարձաւ նաեւ 16 Նոյեմբերի մարտական գործողութիւններուն ընթացքին անյայտ կորսուած 24 զինուորներուն՝ նշելով, որ անոնք գերի տարուած են։ «Չճշդուած տուեալների համաձայն` աւելի մեծ թուով զինուորներ են գերեվարուել: Մի մասը, որ մտածում էինք` զոհուած են, իրականում գերեվարուած են` չճշդուած տեղեկութիւնների համաձայն», յայտնեց ան։