Ռուբէն Յովակիմեան
«Քաղաքականութեան հիմնական
նպատակն է բարեկամական մթնոլորտ
ստեղծել համախոհների շրջանակում՝
իրար չհանդուրժելով հանդերձ»:
Յունական
Ի՞նչ է քաղաքականութիւնը:
Մեր իմացականութեամբ՝ այն մարդկային մտքի արգասիք է: Բազում են մեկնաբանութիւններն ու բացատրութիւնները նրա մասին՝ տարբեր ու այլազան, հիացմունքից մինչեւ նողկանքի հասնող բոլոր տեսակի բուրմունքով: Այո, նա մեր առօրեայ կեանքի անբաժան մասնիկն է, եւ լինենք դէմ թէ կողմ, ապրելու ենք նրա հետ անբաժան եւ, եթէ որեւէ մէկը քաղաքականութեամբ զբաղուի, թէ ոչ, հոգ չէ, միեւնոյն է, վերջինս կը զբաղուի նրանով: Մէկ բան անխուսափելի է եւ փաստ, որ այն ներկայ է հասարակութեան բոլոր խաւերում ու ոլորտներում՝ ուզենք թէ չուզենք:
Քաղաքականութեան միջազգային ծաւալն իր ծանր կշռով ներգործում է մեծ ու փոքր երկրների՝ նրանց լինել-չլինելու, կենսական խնդրի վրայ եւ մեր երկիրը արտօնեալ չէ այդ լուծից ազատուելու, մանաւանդ որ մեր տեղային որոշ մարմիններ բանականութեամբ սաղմնային վիճակին մօտ են եւ շատ բան չեն ընկալել այդ ոլորտի նրբութիւններից՝ իւրացնելով սոսկ անհատական շահը ապահովելու խնդիրը: Աւա՜ղ․․․ ցաւալի է, բայց փաստ:
Հայրենի գործիչների ու մտաւորականների մի մասը շատ բարձր են հնչեցնում մե՛ր ժողովրդավար համակարգի պահանջները որդեգրելու մասին, միայն թէ նրանք երբեմն մոռանում են հաշուի նստել գոյութիւն ունեցող եւ տիրող վիճակի հետ: Ինչպէ՞ս կարող ենք հաշտուել վերջին ընտրութիւններից յետոյ մինչ օրս Ազգային ժողովում տիրող կացութեանը, ուր քաղաքակիրթ կեցուածքի նշոյլ անգամ չկայ, երբ մի աղջնակ՝ երիտասարդ կին պատգամաւորի տիտղոսով, ամբիոնից աղբանոցային լուտանք է թափում իշխանութեան եւ գործակիցների վրայ՝ մասնաւոր թիրախ ընտրելով վարչապետին, անկառավարելի լպիրշ եւ գոռոզ տիրակալի վարքով, որին երկրի «փրկիչ»-ներն են հեռակառավարում, եւ ըստ ինձ հասած տեղեկութիւնների՝ խորհրդարանում դեռ ոչ մէկ առաջարկութեան քննարկում չի եղել, քանի որ ռեւանշի ու իրար նսեմացնելու մթնոլորտն է տիրում: Եթէ կարելի է նշել, թէ իշխանութիւնները անում են այն, ինչ կարող են, ապա ընդդիմադիրների, իմ որակումը կը լինի՝ ոչ-կառուցողական եւ նոյնիսկ աւերիչ արգելակողներ, ուր բացակայ է երկխօսութիւնը, հուսկ կարեւորն այն է, որ չգիտենք, թէ որքան կը տեւի այս խեղկատակութիւնը եւ մինչեւ ո՞ւր պիտի հասնենք: Թող ներողամիտ լինեն այլ տեսակ գնահատողները, բայց դժուար է լինել լաւատես:
Մի այլ տարակուսանքների խնդիր է, թէ Թուրքիոյ հետ ի՞նչ կարգի յարաբերութիւն պէտք է հաստատել: Յայտնի է, որ թուրքական ապրանքների ներմուծումը, որ հասնում էր 250 միլիոն ԱՄՆ դոլարի, իջել է 50-ի՝ արգելքի պատճառով: Ոմանք ջանք չեն խնայում այդ արգելքը չեղարկելու՝ հիմնաւորելով, թէ բազմաթիւ ընտանիքների եկամուտը նուազել է, որ մասամբ ճիշտ է, բայց այդ հոգատար անձինք ոչինչ չեն անում նոյն ապրանքը մեզ մօտ արտադրելու, որ շատ աւելի ընտանիքներ կը ներգրաւի՝ կասեցնելով դրսի աշխատանքը արտագաղթի հետ մէկտեղ: Տարեկան մի քանի հազար տոննա մորթի ենք արտահանում Թուրքիա եւ այդ հումքը, դառնալով կաշի, կօշիկի կամ հագուստի տեսքով վերադառնում է մեզ մօտ որպէս աւելի թանկ ապրանք, մինչդեռ այն կարելի է մշակել մեզ մօտ ստեղծելով արտադրութիւն:
Յոյժ կարեւոր խնդիր է երկրաշարժից տուժածների վիճակը, որ երեք տասնամեակ անց դեռ օդից կախուած է մնում եւ մի սերունդ է աճել, պարզ կենցաղային տարրական յարմարանքից զուրկ, երբ պալատների շինութիւնը բարձր մակարդակի էր հասել մի երկրում, ուր արդիւնաբերութիւնը նուազագոյնի էր իջեցուած, իսկ ամբիոնից բարձր գոռացող հոգատարները երբեք հարց չեն տալիս, թէ ի՞նչու, եւ դեռեւս 250 ընտանիք սպասում է մի փոքր անկիւն ունենալու:
Տարօրինակ, թէ զարմանալի է, որ երբեմն ճանաչուած կամ ինչ-որ դիրք ունեցող անձնաւորութիւններ հետաքրքրւում են մեզնով եւ մեր երկրով, չմոռանանք, որ 44-օրեայ դժոխքին ոչ ոք չկար մեր կողքին, նոյնիսկ ներքին դաշտում սատար չլինելու դէպքեր եղան, իսկ այսօր Եւրոխորհրդի նախագահը հիւրընկալում է հայ եւ ազերի նախագահներին, երեք օր է, որ Երեւան է ժամանել Ֆրանսայի նախագահի թեկնածու Էրիկ Զեմիւրը՝ իր փոքր շքախմբով եւ օրերս պիտի ժամանի մէկ ուրիշ համազօր թեկնածու՝ Վալերի Պեկրեսը, եւ չմոռանանք, որ իշխանափոխութեան առաջին օրին իսկ Երեւանում էր ճանաչուած Էլթոն Ջոնսը եւ բազում ուրիշներ, որոնցից արդէն տուն ու տեղ են արել սորոսականները մասոնների հետ, որ չմոռացան իրենց զինանշանով ծաղկէ պսակ դնել Եղեռնի յուշարձանին՝ յարգանք զոհերի յիշատակին, իսկ պակասը լրացնում են տարբեր յայտնի կամ անյայտ աղանդներ, որոնք գտնում են համակիրներ:
Արդար լինելու համար խոստովանեմ, որ դժուարանում եմ ըմբռնել այդ հանդիպումների իրական իմաստն ու նպատակը, եթէ հաշուի չառնենք սփիւռքահայերի ներկայ լինելու փաստը եւ նրանց ընտրական ներուժը, որ կարող է ինչ-որ հետաքրքրութիւն առաջացնել, թերեւս թաքնուած հմայք կայ մեր երկրում, որ մենք չենք նկատում, ո՞վ գիտի:
Այսուհանդերձ մեր երկրի քաղաքական դաշտ խցկուած պատահական անձանց թիւը բաւական բարձր լինելով՝ դժուար, իմա անկարելի պիտի լինի երեք տասնամեակ եղած բացթողումները շտկել, ուղղաչափ (équerre) սկզբունքի բերել եւ այդ գործը ոչ միայն վարչապետի ու կառավարութեան, այլ նաեւ մեր բոլորիս պարտականութիւնն է, բոլոր տեսակի, կարգի ու չափի ընդդիմադիրները ներառեալ:
Խորհրդարանի ամբիոնից, կամ փողոցի որեւէ անկիւնում ցոյցով ու «Դաւաճան» կամ «Հրաժարական» գոռալով ոչ մի երկիր ոտքի կանգնելու հնարաւորութիւն չի ստացել եւ չեմ կարծում թէ հետագային լինի: Այդ քայլերը դատարկ են տարրական եւ անհրաժեշտ գաղափարախօսութիւնից եւ հեռու, շատ հեռու կառուցողական մտայնութիւնից:
Վերջին ծաղրանքն այն է, որ հերթը հասաւ «դիւանբաշուն» եւ խորհրդարանի նախագահի հրաժարականը պահանջելու հանդիսութիւնը սկսուեց եւ անյայտ է թէ ինչ վերջ կ՝ունենայ:
Ժամանակն է լրջանալու, եթէ ուշ չէ:
14-12-21
– Սեն Ռաֆայել