ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում առաջարկվում է 5 քննչական գործողություններով պարտադիր պահպանել ընթերակայի ինստիտուտը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 31-ին ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը:
«Մի շարք քննչական գործողություններով քննիչը պարտավոր է ներգրավել 2 ընթերակա, ովքեր կհաստատեն տվյալ քննչական գործողության կատարման ընթացքը և բովանդակությունը»,- ասաց Ղամբարյանը:
Նրա խոսքով` նախագծով առաջարկվում է ընթերակայի մասնակցությունը 5 պարտադիր քննչական գործողության ընթացքում, մասնավորապես՝ դեպք վայրի, ինչպես նաև այլ տեսակի զննությունների, խուզարկությունների, փորձարարության, առարկաների և անձի ճանաչման ներկայացմանը:
«Այս քննչական գործողությունների ժամանակ ընթերակայի մասնակցությունը պարտադիր պետք է ապահովվի, իսկ այլ քննչական գործողությունները, որոնք գործող օրենսգրքով ընթերակայի մասնակցությամբ են կատարվում, նախագծով փոփոխվում են: Դրանք, որպես կանոն, կկատարվեն բացառապես տեսաձայնագրառման եղանակով: Խոսքը վերաբերում է դիակի ճանաչման ներկայացման և արտաշիրիմում կատարելուն»,- ասաց Ղամբարյանը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը ասաց, որ կան քննչական այնպիսի գործողություններ, որոնք միջամտում են մարդու անձնական կյանքին` փորձանմուշ վերցնելը, մարմնի քննում կատարելը, ինչը տվյալ պարագայում ընթերակայի մասնակցությամբ կատարելը և տեսաձայնագրառելը նպատակահարմար չէ, ուստի, որպես երաշխիքի ապահովում, նախատեսված է քննչական գործողությունները կատարել բժշկի, փորձագետի կամ այլ մասնագետի մասնակցությամբ: