Ռուբէն Յովակիմեան
«Զարթնի՛ր լաօ մռնիմ քզի»
Սասունցի
Բեռլինի պատի անկումից յետոյ, երբ սկսուեց ամբողջ խորհրդային համակարգի փլուզումը եւ մեր հայրենաբնակները առաջիններից էին, որ քաջութիւնը եւ իմաստութիւնը ունեցան անկախութիւն հռչակել, մեր հայրենակիցների մեծ մասը ի սփիւռս չորս ծագերում շունչ քաշեց, յուսալով, թէ սպասուած ժամը հասել է մեր ճաշակի երկիր ստեղծելու եւ հայեցի կեանք վայելելու, ո՛ւր «նոյնիսկ ոստիկանները հայ պիտի լինէին»[1]:
Այդ անուրջը տեսլական էր, քանզի ոչ ոք չէր մտածել, որ ոստիկանների կողքին խաբեբայ աւազակները եւս հայ էին եւ այնքան ճարպիկ ու խելամիտ, որ սողոսկել կարողացան քաղաքական եւ պետական ոլորտները ուր հաստատուն տեղ ու աթոռ գրաւեցին իրենց թալանը իրագործելու:
Հասարակութիւնը ատամները սեղմած դիմացաւ ալան թալանին ու բարոյական սնանկութեանը՝ մօտ երեք տասնամեակ, որին չենք անդրադառնալու, իսկ չդիմացողները լքեցին երկիրը ստեղծելով նոր սփիւռքի օջախներ տարբեր երկրներում:
Վերջապէս եղաւ իշխանափոխութիւն եւ ազգովին կրկին շունչ քաշեցինք, թէ պիտի վերականգնենք մեր երազած պետականութիւնը իր բոլոր բաղադրիչներով:
Գնահատականներ պիտի չտամ իշխանափոխութեան ձեւի, տեսակի եւ ծաւալի մասին, միայն անհերքելի է, որ այն ժառանգեց փտած մի քաղաքական համակարգ, որ օճառով եւ աւելի մի հարուածով անկարելի է այն մաքրել իսկ աւելի քան երկու տարի անց դեռ փտածութիւն է բուրում ամէնուրեք: Ում համար է գաղտնիք, որ փտած է արդարադատութեան ողն ու ծուծը, ոստիկանութիւնը, քաղաքական դասակարգի ճնշող մեծամասնութիւնը, մասնաւորապէս ընդդիմութիւնը, կրթական ոլորտը էլ որն ասեմ ու խոստովանեմ եւ այդ բոլորի հետ ցածր է հասարակութեան զգալի մի մասի իմացութեան եւ բարոյական մակարդակը: Նրանք դեռ չեն ընկալել, կամ չեն ցանկանում իմանալ, որ անհրաժեշտ է վեհապետութեանը (souveraineté) գուրգուրալ, որ ըստ էութեան ազգային ծառայութիւն է եւ այն ինչ ազգը զլանում է անել իւր շահի համար, ուրիշ այլ մէկը չի անի իր փոխարէն: Հանգուցեալ մայրս պիտի ասէր «Եղունգ ունես գլուխդ քորի»:
Այս տնտեսական եւ բարոյա֊ քաղաքական քաոսային իրականութեան հետ մէկտեղ երկիրը ստիպուած է դիմակայելու մեզնից անկախ չարիքների, որոնցից մէկը պսակաձեւ ժահրն է՝ կորոնավիրուսը, իսկ միւսը՝ համաշխարհայնացումը՝ մի համակարգ, որի շրջանակում հարուստ երկրների չքաւորներն են նպաստաւորում աղքատ երկրների հարուստներին (subvention) եւ որից մեր երկիրը զերծ մնալու պատճառ եւ ելք չունի եւ բացի այդ՝ եւրոմիութեանը յարելու ամէն ինչ ենք անում:
Երկրում տիրող քաղաքական ու բարոյական ցածր մակարդակը առաջացնում է կսկիծով լցուած տագնապի զգացում է․ որ ծնունդ է առել անտրամաբանական եւ մեզ անյարիր վիճակի հաստատումով, երբ մեծ ու փոքր խմբեր են գոյացել ընդդիմադիր պիտակով եւ նոյնիսկ առանց պիտակի, որոնց հիմնական նպատակն է խանգարել, արգելք լինել՝ ընդհուպ կործանել դժուարութեամբ ոտքի կանգնելու քայլեր անող կառավարութեանը:
Անուն պիտի չտամ, քանի որ այն ամբաստանութիւն կարող է նկատուել, բայց ոմանց բացայայտ գործելու ընթացքը այդ նպատակին է ծառայում: Ազգովին իրաւունք չունենք կրաւորական կեցուածք ունենալ երբ տեղին թէ անտեղի վարկաբեկուում են վարչապետին եւ նրա գործակիցներինը, վստահ լինելով, որ թէպէտ նրանք անսխալ եւ անթերի չեն, բայց ամէն վայրկեան հրաժարական պահանջելով չէ, որ ջուր կը հասցնենք մեր ջրաղացին: Զարմանալի չէ նաեւ որ թիրախի տակ են միշտ առաւել աշխատող գործակիցները վարչապետի հետ մէկտեղ, որ նշանակում է, թէ այդ քայլերը ծրագրուած են նպատակային: Անհրաժեշտ է արթուն լինել եւ հակադարձել նման թշնամաբարով քայլերին:
Այս բոլորի հետ մէկտեղ մոռացութեան չմատնենք այն փաստը, որ երկիրը վերակառուցողն եւ շէնացնողը մեր ժողովուրդն է ՝հասարակութիւնը իր բոլոր տեսակի զանազան հատուածներով եւ հայեացքներով, որքան էլ որ նրանք տարբեր լինեն եւ մինչեւ իսկ՝ հակադիր:Ամէն մի հայի իւրաքանչիւր քայլը պիտի նպաստի երկրի եւ ազգի բարգաւաճմանը: Այս այն սկզբունքն է լինելու բոլորիս համար, որպէս հաւատամք, որ անխուսափելի է մեծի թէ փոքրի, հարուստի թէ չքաւորի համար: Ի՞նչ արժէք ունի որեւէ խումբ անուանել «Բարգաւաճ Հայաստան»՝ երբ նրա գործունէութիւնը ճիշտ հակառակ նպատակների է ծառայում: Այս մէկին նշեցինք որպէս նմուշ, բայց միւսները աւելի լաւ չեն եւ չեն ցանկանում լինել, այդ է ցաւալի փաստը: Նրանց գործելակերպը չունի որեւէ կառուցողական բնոյթ: Մեր հասարակութիւնը իր երկար կրաւորական թմբիրից արթնանալու կարիք ունի, որի համար առիթները եւ պատճառները բազում են: Այդ առիթով կարելի է նշել երեք տասնամեակ տեւող թալանը, որ որեւէ մի այլ երկրում կրակ ու բոցի ելք կ՝ունենար, վերջապէս «Իմ քայլի» ծնունդը ոտքի հանեց շատերին բայց կարծես թէ կաղում է մեծ առաջընթացի համար, առաջացնելով ամբոխային դժգոհութիւններ, որ կազմակերպուած են յաճախ, որին կարելի է աւելացնել միջազգային աննպաստ պայմանները, բորենի դրացիների օրից֊օր աճող՝ մեզ խժռելու ախորժակը, որի հետ նաեւ ցաւալի ժառանգութիւն ստացած բարեկեցութեան ու տնտեսական փլուզումը երկու տեսակ դասակարգի ստեղծումով, որի հետեւանքով գրեթէ անհետացել է հիմնական միջին դասակարգը: Հազարամեակների ընթացքին այնքան անհատական պալատ եւ ապարանք չի կառուցուել մեր երկրում, որքան վերջին քսանամեակում եւ այդ բոլորը միայն տիրող գողապետականների ջանքերով, այն դէպքում, երբ երկրի դպրոցներում բացակայում է ջեռուցումը եւ չեն գործում զուգարանները, իսկ արդիւնաբերութիւնը, որ իւրաքանչիւր երկրի «կթան կով»ն է հանդիսանում մերոնք կարողացան իսպառ ոչնչացնել, զարկ տալով երկրի ընդերքը արտահանելուն՝ որպէս հումք: Զարմանալի է, մինչեւ իսկ անհասկանալի, թէ ինչո՞ւ վարչապետը կարողանում է նստել բանակցութեան Լիդիան ընկերութեան հետ Ամուլսարի հարցով, մինչդեռ իրաւունք ունէր նրանց դուրս շպռտել հիմք ունենալով , որ մեր հումքը մենք պիտի մշակենք, քանզի այն ազգային հարստութիւն է եւ որեւէ ուրիշի ոտնձգութիւն ընդունելի չէ, առաւել եւս երբ այն ոսկի է, իսկ այդ ընկերութեան հիմնական բաժնետէրն է քոչի ընտանիքը: Կրկին պիտի յիշեմ լուսահոգի մօրս, որ կ՝ասէր «Երբ եզը ընկնում է, դանակաւորները շատանում են»:
Համբերութեամբ սպասենք լաւ օրերի գալստեանը:
17-9-20
[1]Այս արտայայտութիւնը տարիքոտ սփիւռքահայ զբօսաշրջիկ է արել ուրախութիւնից, երբ Երեւանում հանդիպել է հայ ոստիկանի: