Քանի ընտրությունները մոտենում են, այնքան՝ «Կյանքը թատրոն է, մարդիկ՝ դերասաններ» շեքսպիրյան արտահայտությունն ավելի հայեցի է դառնում։ Կյանքը միշտ էլ թատրոն է եղել, բայց, օրինակ, Հայաստանում ընտրությունների շեմին սովորական թատրոնը վերածվում է աբսուրդի։ Ղեկավարությունն արագ կարգով «թաթը դնում է» գլխավոր դերերի վրա, միջին օղակի աշխատողները՝ երկրորդական դերերի, հասարակ ժողովրդին, լավագույն դեպքում, բաժին են ընկնում էպիզոդները։
Օրինակ, նախագահն ստանձնում է «բարի ցարի» դերը, որին մինչ այդ չէին զեկուցել ժողովրդի վիճակի, երկրում տիրող ալան–թալանի ու արտագաղթի մասին, և որը, հանկարծ իմանալով դա, խիստ բարկացած կանչում է մարզպետ–գյուղապետեր, նախարար–մախարար, նազիր–վեզիր տղերքին, շարում կլոր սեղանի շուրջ ու հրապարակավ՝ եթեր–մեթերներով թուք ու մուր տալիս, խայտառակում՝ վատ աշխատելու համար։ Պիտի ասել, որ նա այստեղ դրսևորում է բավականին մեծ՝ համարյա Փափազյանին հավասար բեմական ընդունակություններ, քանի որ, արդյունքում ամենուր սկսում են խոսել՝ բա տեսա՞ք նախագահն ի՜նչ օրը դրեց նախարարներին, դուք տեսե՜ք, թե սրանից հետո ինչե՜ր են լինելու…
Բացահայտումների թիվն իրոք կտրուկ աճում է։ Բեմահարթակ են մտնում երկրորդական դերերի դերակատարներ ու սկսում զեկուցել, թե որտեղ ինչ չարաշահումներ են գրանցվել։ Դե, բացահայտումներ մինչ այդ էլ էին լինում ու ցուցադրվում 02–ով, բայց դրանք, որպես կանոն, էժանագին ներկայացումներ էին, որոնցում, օրինակ, բռնվում էին կրպակ–մրպակ թալանողները։ Եթերով ներկայացնում էին խղճուկ, սոված ու ցնցոտիավոր արարածների՝ իրենց իսկ բնական՝ ո՛չ բեմական տեսքի մեջ ու… բեմական ձայնով գուժում՝ հանցախումբը բռնված է, գողունն՝ առգրավված՝ 2 բանկա խտացրած կաթ, մեկ տուփ կարագ, 4 շիշ ձեթ և 3,200 ՀՀ դրամ։ Դե էդ տղերքը, որպես կանոն, թատրոն–գրականությունից հեռու մարդիկ են, թե չէ նրանք էլ իրենց` խեղճուկրակ, թրջված, ուսերը հավաքած վիճակը կփոխարինեին բեմական խրոխտ կեցվածքի հետ ու դատավորի երեսին կշպրտեին Պեպոյի խոսքից համապատասխան տողեր. «Էս օսկե պատիրը վուր սարքիլ իս, ու՞մ փուղով… հազար ինձպեսներուն իս թալնիլ...»
Որպեսզի նախագահն ընտրության շեմին բարձրացնի ղեկավարի իր վարկանիշն ու առաջացնի հաջորդ չորս տարվա իր լավ աշխատանքի հանդեպ հավատ, միանգամից մի քանի լուրջ օպերացիա–բացահայտում է հանձնարարում՝ որոնք կատարվում են բարձր մակարդակի բեմական խաղիկներով։ Ժողովուրդը, որ ավելի էժանագին սերիալների էր սովոր, մի պահ, տարված բարձրակարգ թատրոնով, սկսում է հավատալ, որ էսա–էսա լու՜րջ բարեփոխումներ են լինելու, ու կասկածի մեջ ընկնում… հը՞, կարողա՞ էս մեր նախագահն սկսի ժողովրդի մասին մտածել, պա՜, էդ ո՞նց էր ջղայնացել նախարարների վրա (էլ դու սուս). փաստորեն էդ մարդն իրո՛ք տեղյակ չի եղել։ Հասարակ ժողովուրդն իրեն աջ ու ձախ է գցում՝ գոնե էպիզոդիկ դեր գտնելու համար ու հիմնականում բավարարվում մի հինգ հազարով կամ 1–2 շիշ ձեթով սեփական կարծիք–ձայնը ծախելու խղճուկ դերով։
Թատերաբեմում ամենաբարդը մեր գիտնականների վիճակն է։ Նրանք, քանի որ սերիալ–բան չեն նայում, հետևաբար չեն էլ կարողանում կարգին մտնել խաղի մեջ, մանավանդ, որ գլխավոր դերակատարներից վարչապետը վերջին շրջանում գիտելիքահենքության հարցում քար լռություն է սկսել պահել։ Նրանք չեն հավատում, որ կարելի է նախարարների վրա եթերներով գոռգոռալով կամ հունգարացիների հետ բոլոր(այդ թվում նաև գիտական) կապերի խզման մասին ելույթներով բարեփոխումների հասնել, այլ գլուխները մտցրել են, որ դա կլինի միայն գիտության առաջընթացն ապահովելու ճանապարհով։
Գիտնականների մի խումբ լուրջ չի ընդունում աբսուրդի այս թատրոնն ու լրջորեն համախմբվել ֆեյսբուքում՝ ֆինանսավորման ավելացում են պահանջում, խմբի անունն էլ (ոչ ավել, ոչ պակաս) դրել են ՊԳՖԱ («Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում», https://www.facebook.com/science.and.finance): Նրանք շատ են զայրացել ու գոռգոռում են, թե պիտի դատել այն գլխավոր «դերակատարներին», որոնք գիտությունը հասցրել են այն վիճակին, որ տվյալ գիտահետազոտական ինստիտուտում աշխատող պահակի, վարորդի ու հավաքարարի աշխատավարձը ավելի բարձր է գիտնականի աշխատավարձից, և այլն, և այլն:
Բա լավ, էսքան է՞լ աբսուրդ: Կամ որ դատավորների աշխատավարձը կազմում 1–ից 1.500000 դրամ (հանկարծ զրոների քանակը սխալ չհաշվե՜ք, հա՜. կրկնեմ՝ 1–ից 1.5 մլն (մի-լի-ոն) դրամ)։ Սա նրանք ստանում են լեգալ, բայց եթե դրան գումարում ենք ամեն դատից տարբեր թատերական խաղիկներով կորզած անլեգալ դրամները, այդ թիվը կրկնապատկվում ու եռապատկվում է։ Արդեն հասկանալի է, չէ՞, թե ինչու մեր հարուստները, ամեն գնով իրենց երեխաներին խցկելով իրավագիտության ֆակուլտետ, 5–6 տարի փողի գետի հունը շրջում են դեպի դասախոսների գրպանները (ինչպես Արփա-Սևան թունելը)` ամեն մի քննություն նշանակել տալու համար «ընկնելով» երիտասարդ գիտնականի 3–4 ամսվա աշխատավարձ-դրամին համարժեք ԱՄՆ դոլար։ Ուրեմն` ի՞նչ. դատի չտա՞ն աբսուրդի թատրոնի գլխավոր դերակատարներին: Հա, տան, բայց ո՞վ դատի նրանց. կաշառակեր դատավորնե՞րը։ Բա էդ դեպքում` հարց` ո՞վ դատի անարդար արդարադատներին… Ձայն բարբառո հանապատի: Աբսուրդ ու աբսուրդ…
Գիտնականները փաստորեն զուրկ են բեմական շնորհքից, ու քանի որ ոչ կարգին դեր ունեն ոչ էլ կարողանում են խաղի մեջ մտնել, ստիպված հավաքվել են ՊԳՖԱ–ի էջում ու տարվել խաղիկներով. բան ու գործ թողած` քննարկումներ են անում, կարծիքներ գրում, հարցազրույցներ տալիս՝ գիտականորեն հիմնավորելով, որ գիտնականն էլ է մարդ և ուտելու, հագնվելու, ձմեռը տաքանալու կարիք ունի։ Հոդվածներ են գրվում այս ու նման թեմաներով, հղումներ արվում, հետևվում դրանց առաջացրած ալիքին, գիշերն արթնանում, վազում կոմպի մոտ ու նայում, թե ինչքան լայքեր են ավելացել, զանգում ու իրար ավետում, թե այսինչ նյութը էսքան ու էսքա՜ն լայքեր է բերել, լայքե՜ր ու լայքե՜ր (գոնե փող լիներ էդ լայքը): Բայց կարևորը` ՊԳՖԱ-ցիները դրա մեջ մե՜ծ իմաստ են դնում։
Այնինչ, լայք–մայքերի մասին մեր ժամանակների ֆեյսբուքյան մեծն գրիչ Օմնիա Վանիտասըն ասել է, թե դրանք ոչ այլ ինչ են, քան «Ունայնութիւն ունայնութեանց»:
Մանե Հակոբյան