«ՀԵՏՔ»Ի ՀԱՐՑԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐ, ԳԵՆԵՐԱԼ ԼԷՅՏԵՆԱՆՏ ԼԵՒՈՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆԸ
«ՀԵՏՔ».- Սկսենք այսօրուայ իրավիճակի գնահատականից, ինչպիսին է այն:
ԼԵՒՈՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Ընդհանուր առմամբ իրավիճակը հանգիստ է եւ այն, ի հարկէ, համեմատելի չէ ապրիլեան պատերազմին յաջորդած առաջին օրերի իրավիճակի հետ: Դա արտայայտւում է բոլոր առումներով՝ ե՛ւ կրակոցների, ե՛ւ օգտագործուող զինատեսակների տրամաչափերի, ե՛ւ լարուածութեան անհամեմատ նուազման տեսանկիւնից: Բայց ինձ թւում է, որ այդ հանգիստը յարաբերական է եւ երկար չի տեւի, այն ժամանակաւոր է: Կարծում եմ, որ այս իրավիճակը, կը տեւի մինչեւ Յունիսի վերջ կամ Յուլիսի առաջին տասնօրեակ, որից յետոյ առաջնագծում կը ստեղծուի որոշակի լարուածութիւն:
«ՀԵՏՔ».- Ինչի՞ արդիւնքում էք եկել այդ եզրայանգման, որ հէնց այդ ժամանակ լարուածութիւն կ՛առաջանայ առաջնագծում:
ԼԵՒՈՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Մեր ունեցած տուեալների վերլուծութեան: Գաղտնիք չէ, որ այս ժամանակահատուածում հակառակորդի ակտիւութեան նուազումը պայմանաւորուած է ԵԱՀԿի միջնորդական առաքելութեան եւ դրա արդիւնքում սպասուող բանակցութիւնների հանգամանքով… Այլ պատճառներ եւս կան, բայց դրանց չեմ անդրադառնում:
«ՀԵՏՔ».- Դուք վերջին ռազմական գործողութիւնների ծաւալումը կապո՞ւմ էք Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի հետ:
ԼԵՒՈՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Ի հարկէ, քանի որ գնալով այդ երկրի ղեկավարութիւնը ներքաղաքական որոշակի խնդիրների առաջ է կանգնում: Լենքորանում տեղի ունեցած բողոքի ակցիաները դրա ապացոյցն են, որոնք ճնշելու համար Ադբեջանն օգտագործեց իր ներքին զօրքերի ստորաբաժանումները: Կան դժգոհութիւններ ազգային փոքրամասնութիւնների նկատմամբ դրսեւորած ոչ համաչափ վերաբերմունքի պատճառով, որոնց մասին յաճախ տեղեկութիւններ են լինում սոցիալական ցանցերում: Փաստեր են շրջանառւում, որ Բաքուից ու այլ խոշոր բնակավայրերից գրեթէ զինծառայողներ չեն բերում առաջնագիծ, որպէսզի հնարաւորինս թաքցնեն իրենց զոհերի իրական թիւը հասարակութեան լայն շերտերից: Առաջնագծում ծառայողները հիմնականում սահմանամերձ շրջանների գիւղական համայնքների եւ ազգային փոքրամասնութիւնների ներկայացուցիչներ են, որոնց կորուստների մասին (այդ թւում նաեւ ապրիլեան ռազմագործողութիւնների ընթացքում) ադրբեջանական հասարակութիւնը գրեթէ անտեղեակ է լինում:
«ՀԵՏՔ».- Իսկ տարածաշրջանի իրադարձութիւնները հնարաւո՞ր է կապ ունեն Ադրբեջանի ռազմական գործողութիւնների հետ, ասենք՝ Թուրքիայի դէպքերը կամ Թուրքիա-Ռուսաստան յարաբերութիւնների վատթարացումը:
ԼԵՒՈՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Բնական է, որ տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումներն իրենց ուղղակի ազդեցութիւնն են ունեցել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում վերջին շրջանում տեղ գտած առճակատման վրայ: Այստեղ թուրքական գործօնի առկայութիւնն ակնյայտ է ինչպէս Թուրքիա-Ռուսաստան յարաբերութիւնների վատթարացման համատեքստում, այնպէս էլ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում Թուրքիայի կողմից տարիներ շարունակ իրականացուող բացայայտ ադրբեջանամէտ քաղաքականութեան տեսանկիւնից: Միայն վերջին մէկ տարուայ վերլուծութիւնը ցոյց է տալիս, որ Թուրքիայի նախագահի կողմից Ադրբեջան կատարած իւրաքանչիւր այցի ընթացքում շփման գծում, կարծես թէ, օրինաչափօրէն լարուածութիւն է ստեղծուել, ինչն արտայայտուել է ինչպէս դիւերսիոն-հետախուզական գործողութիւնների ակտիւացմամբ, այնպէս էլ տարբեր տրամաչափի հրետանային զինատեսակների կիրառմամբ: Թուր-քիայի Հանրապետութեան նախագահը, նրա քաղաքական վերնախաւը միշտ էլ բացայայտ շեշտել եւ շեշտում են, որ իրենք Ադրբեջանի կողքին են, որ իրենք անընդհատ Բաքուին աջակցելու են բոլոր հարթակներում՝ լինի քաղաքական, թէ ռազմական: Ասուածի, թերեւս, փաստացի ապացոյցն է թուրքական որոշ ստորաբաժանումների առկայութիւնը Նախիջեւանում, դրա ապացոյցն է նաեւ նրանց մասնակցութիւնը վերջին ռազմական գործողութիւններին: Մեր տուեալներով՝ ապրիլեան առճակատումից յետոյ, դիակներով բեռնուած երկու ինքնաթիռ է գնացել Թուրքիայի ուղղութեամբ: Այդ ամէնը խօսում է այն մասին, որ Անկարան իր անմիջական մասնակցութիւնն է ունեցել ռազմական գործողութիւններին:
«ՀԵՏՔ».- Շատ են խօսում, որ ապրիլեան պատերազմը դասեր է տուել բոլորիս, նաեւ՝ սպաներին, բանակի ղեկավարութեանը: Ի՞նչ դասեր տուեց պատերազմը:
ԼԵՒՈՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Իսկ ինչո՞ւ միայն ապրիլեան պատերազմը: Ես կը շեշտէի ցանկացած բնոյթի մարտական, դիւերսիոն-հետախուզական, անգամ հակառակորդին պատժելու նպատակով իրականացուած մեր գործողութիւններից ստացած դասերն ու դրանցից արուելիք հետեւութիւնները: Ի հարկէ ապրիլեան առճակատման տուած դասերի առանձնայատկութիւնն աւելի ուսանելի եւ ընդգրկուն էր, քանի որ այն իր ձեւով եւ բովանդակութեամբ անհամեմատ լայնածաւալ էր, իսկ ռազմավարական ու մարտավարական խնդիրներով՝ նշանակալից: Առաջին ու, թերեւս, ամենակարեւոր դասն այն է, որ մէկ անգամ եւս համոզուեցինք, որ պատերազմը կարող է սկսուել աւելի շուտ, քան մենք սպասում ենք: Ասել է թէ՝ նման հակառակորդ ունենալու պարագայում մեզ անհրաժեշտ է յանկարծակիութիւնը չափել ոչ թէ օրերով կամ ժամերով, այլեւ րոպէներով, անգամ՝ վարկեաններով: Համոզուեցինք նաեւ նրանում, որ ամենաարդիական զէնքերով սպառազինուած եւ «իգիլական» հոգեբանութեամբ առաջնորդուող բանակին կարելի է յաղթել, եթէ հաւատում ես քո պատրաստութեանն ու կամքին: Իսկ դա մեր զինուորը ցուցադրեց… Ինչ վերաբերում է արուելիք հետեւութիւններին, ապա կրակի դադարեցման պահից սկսած մենք կատարել ու կատարում ենք մանրակրկիտ վերլուծութիւններ, ուսումնասիրում իրականացուած մարտական գործողութիւնների դինամիկան ըստ րոպէների, առանձնացնում թերացումները եւ դրանց վերացման ուղղութեամբ ձեռնարկում համապատասխան միջոցներ: Միաժամանակ հաշուի ենք առնում այն դրականը, որ մենք ունեցել ենք եւ փորձում ենք այն զարգացնել ու յետագայ մարտերի ընթացքում կիրառման մէջ դնել:
«ՀԵՏՔ».- Պարոն նախարար, այս ընթացքում բազմաթիւ դիրքեր եմ այցելել եւ որոշ թերութիւններ եմ նկատել՝ խրամուղիների, զինուորների համազգեստի, կօշիկների ոչ բարւոք վիճակը: Ինչո՞ւ նման հարցերը արագ չեն լուծւում:
ԼԵՒՈՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Թոյլ տուէք ձեզ հետ չհամաձայնել: Ինչ վերաբերում է հանդերձանքին, ապա դրանք հիմնականում փոխարինուել են նորերով, իսկ որտեղ դեռեւս չենք հասցրել՝ ընթացքի մէջ են: Առաջնագծի ինժեներական կահաւորման, մասնաւորապէս խրամուղիների եւ հաղորդակցման ուղիների վերականգնման ու կատարելագործման մասով եւս համապատասխան աշխատանքներ կատարուել են եւ դեռ շարունակւում են իրականացուել: Ի հարկէ Ձեզ՝ որպէս քաղաքացիական անձի համար, հնարաւոր է, կատարուածն ինչ որ առումով տեսանելի չլինի, ընդունում եմ, բայց որ բաւականին նպատակասլաց աշխատանք է իրականացուել հակառակորդի կողմից զանգուածային հրետակոծութեան ենթարկուած դիրքերի վերականգնման, մարտավարական տեսանկիւնից յոյժ կարեւորութիւն ունեցող նոր բնագծերի ստեղծման ու կահաւորման ուղղութեամբ, դա փաստ է: Յատկապէս մեծ ուշադրութիւն է դարձւում խրամաբջիջների կառուցապատման, հրակնատների եւ մարտական ապահովման այլ միջոցների տեղադրման, հաւանական հարուածային ուղղութիւնները ժամանակակից պաշտպանական համակարգերով համալրելու գործընթացների վրայ: Սրանք աշխատանքներ են, որոնք կրում են շարունակական բնոյթ, եւ դրանց ընթացքը գտնւում է բանակի հրամանատարութեան ամէնօրեայ վերահսկողութեան տակ:
«ՀԵՏՔ».- Տարբեր դիրքերում երբ լինում եմ, ասում են՝ նախարարը այցելել է, յանձնարարութիւններ է տուել: Երբ դուք գնում եւ յանձնարարութիւններ էք տալիս, յետոյ ինչպէ՞ս էք հետեւում դրանց կատարմանը, ինչպէ՞ս էք իմանում՝ կատարուե՞լ են դրանք թէ ոչ, հնարաւոր է՝ նաեւ չկատարեն, սահմանագիծը երկար է եւ, բնականաբար, անընդհատ չէք կարող լինել ամէնուր:
ԼԵՒՈՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Դրա համար գոյութիւն ունի մեխանիզմ. առաջին հերթին դրանց կատարման ընթացքի մասին պարբերաբար զեկուցւում են տեղերից: Ի հարկէ, լինում են դէպքեր, երբ տուեալ զեկոյցները ոչ լրիւութեամբ են համապատասխանում իրականութեանը: Դրանց ճշդութիւնը պարզելու համար՝ ազատ ժամանակացոյցով, իմ կողմից նշանակուած պատասխանատուների միջոցով, իրականացւում են ստուգումներ: Բացի դրանից, իւրաքանչիւր օր բանակի շտաբի յանձնախմբերը տեղերում աշխատում եւ կատարուածի մասին զեկուցում են վերադասին: Աշխատանքներն աւելի արդիւնաւէտ եւ նպատակային դարձնելու համար՝ իմ հրամանով ընթացիկ ժամանակահատուածում զօրքերն զբաղուած են միայն ու միայն այն յանձնարարականներով, որոնք բխում են ընթացիկ ռազմաքաղաքական պահանջներից եւ հաւանական պատերազմի վերսկսման դէպքում լիարժէք ապահովելու են ինչպէս պաշտպանական, այնպէս էլ հակայարձակողական յաջող գործողութիւնների վարման դինամիկան:
«ՀԵՏՔ».- Իսկ ովքե՞ր են ստուգումները կատարում:
ԼԵՒՈՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի ծառայութեան եւ բաժնի պետերն ու նրանց ենթակայութեան տակ գտնուող սպայակազմը: Այսինքն՝ մարդիկ, ովքեր ճանապարհ են անցել, գիտեն այս կամ այն յանձնարարականի կատարման կարճ եւ, միեւնոյն ժամանակ, արդիւնաւէտ ուղին, քաջատեղեակ են իմ պահանջներին, ունեն խնդիրներ լուծելու համապատասխան փորձառութիւն…
«ՀԵՏՔ».- Բացթողումների մասին որ ասում էք, դրանց համար կոնկրետ մարդիկ են պատասխանատու, կոնկրետ պաշտօնեաներ: Նրանք պատասխանատուութեան ենթարկուե՞լ են: Կա՞ն մեխանիզմներ նրանց պատասխանատուութեան ենթարկելու, եթէ սխալներ են եղել, եթէ նրանց սխալների պատճառով, ասենք, նոյնիսկ կարող է զոհեր են եղել: Ինչպէ՞ս են պատժւում այդ մարդիկ:
ԼԵՒՈՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Եթէ խօսքը վերաբերում է ապրիլեան դէպքերին, ապա, ի հարկէ, կատարուած վերլուծութիւնների ընթացքում անդրադարձել ենք նաեւ ձեր բարձրացրած հարցերին: Մարդիկ, միանշանակ, պատասխանատու են իրենց ղեկավարած զինուորական կառոյցի համար եւ, այն, ինչ տեղի է ունեցել, նաեւ դրա համար են պատասխանատու: Վերլուծելով չորսօրեայ պատերազմի արդիւնքները, մենք կատարել ենք համապաատասխան հետեւութիւններ եւ, ըստ այդմ՝ ընդունել մի շարք որոշումներ, այդ թւում նաեւ՝ կադրային փոփոխութիւնների տեսքով: Զբաղեցրած պաշտօններից ազատուել են հարաւային եւ հիւսիսային ուղղութիւններում տեղակայուած երկու զօրամասերի հրամանատարներն ու այլ պաշտօնատարներ, որոշ ստորաբաժանումներում տեղի են ունեցել կադրային տեղաշարժեր, մարտական գործողութիւնների ընթացքում աչքի ընկած մի շարք սպաներ նշանակուել են աւելի բարձր պաշտօնների… Բոլորովին վերջերս էլ տեղի ունեցաւ միաւորման մակարդակով մէկ փոփոխութիւն՝ նշանակուեց միաւորման նոր հրամանատար: Սրանք գործընթացներ են, որոնք որքանով կապուած են ապրիլեան իրադարձութիւնների հետեւանքների հետ, այնքանով էլ համահունչ են բանակում իրականացուող կադրային քաղաքականութեան տրամաբանութեանը:
«ՀԵՏՔ».- Հրամանատարները հպարտութեամբ են խօսում զինուորների մասին: Դուք՝ որպէս բանակի հրամանատար, ինչպէ՞ս էք գնահատում հայ զինուորին, ի՞նչ արեց զինուորը այս պատերազմում:
ԼԵՒՈՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Հայ զինուորը այդ չորս օրուայ ընթացքում շարունակեց պատուով կատարել իր պարտականութիւնը, անառիկ պահեց երկրի սահմանը, ապահովեց իր ժողովրդի անվտանգութիւնը: Չնայած հարաւում եւ հիւսիսում հակառակորդի ունեցած մասնակի յաջողութեանը (իսկ իրենց պարագայում ես դա յաջողութիւն չեմ համարում), այդուհանդերձ մեր զինուորը լիարժէք կատարեց իր առջեւ դրուած մարտական խնդիրը: Եթէ մենք զինուորական տեսանկիւնից քննենք կատարուածը, ապա կը համոզուենք, որ առաջնագծի ողջ ճակատով անցնել յարձակման եւ միայն հարաւային ու հիւսիսային ուղղութիւններով համապատասխանաբար մխրճուել 200-300 մետր եւ 600-800 մետր խորութեամբ, ոչ այլ ինչ է, քան կատարեալ ձախողում: Իմ նախորդ հարցազրոյցներից մէկում ես արդէն ասել եմ, որ հակառակորդի բանակը չորս օրուայ մարտական գործողութիւնների արդիւնքում կատարել է դասակի, առաւելագոյնը՝ վաշտի խնդիր: Մինչդեռ այդ ընթացքում նա կիրառել է քանակական ու որակական առումներով բազմիցս գերազանցող ռազմական տեխնիկա եւ կենդանի ուժ: Բացի դրանից՝ դա մտածուած եւ նախօրօք պլանաւորուած օպերացիա էր, չնայած որոշ մարդիկ, չգիտեմ ինչ ենթադրութիւններից ելնելով եւ ինչ նկատառումներով գտնում են, որ դա լայնածաւալ չէր: Իսկ ինչ բնորոշիչներ են հարկաւոր օպերացիան լայնածաւալ կոչելու համար, երբ հակառակորդը մարտական գործողութեան մէջ է մտցնում մի ամբողջ յատուկ նշանակութեան բրիգադ, իսկ այնուհետեւ՝ մոտոհրաձգային կորպուսներ, հարիւրաւոր զրահատեխնիկա, հեռահար հրթիռահրետանային միջոցներ, մարտական օդուժ, իսրայէլական արտադրութեան հակատանկային կայանքներ, տասնեակ հետախուզական եւ գրոհային անօդաչու թռչող սարքեր, TOS տիպի հրանետներ, «Սմեր»չ կայանքներ եւ այլն: Ինչպէ՞ս կարելի է օպերացիան լայնածաւալ չհամարել, երբ 18-20 տարեկան ժամկետային զինծառայողների կողմից պահուող մէկ դիրքի ուղղութեամբ հակառակորդը յանկարծակի յարձակում է ձեռնարկել առնուազն 100 յատուկ նշանակութեան ջոկատայիններով, իսկ որոշ տեղերում անգամ կրկնակի ուժերով: Միայն Սէյսուլանի ուղղութեամբ 28 դիակ է թողել մեր պաշտպանութեան հատուածում, իսկ մնացածը՝ քարշ տալով հանել: Նոյն պատկերն է եղել նաեւ պաշտպանական միւս բնագծերում: Կրակի դադարեցումից յետոյ մէկ շաբաթ պահանջուեց, որպէսզի հակառակորդը՝ անգամ գիշերները լուսաւորելով, իր դիակները հաւաքի միջդիրքային տարածքից: Այդ աշխատանքներին մասնակցում էր հինգ մեքենայ անձնակազմ, որին չխանգարեցինք… Իսկ որ դրանք հիմնականում յատուկ նշանակութեան բրիգադի, մասնաւորապէս 72րդ խմբի զինուորների դիակներն էին, ապացուցւում է մեզ մօտ յայտնուած փաստաթղթերով… Ահա այս ամէնից յետոյ ինչպէս կարելի է գնահատել հայ զինուորին: Ի հարկէ նրա կատարածը հերոսութիւն է, հայրենիքին ազնուօրէն ծառայելու վառ օրինակ… Նա իր առջեւ դրուած խնդիրը կատարեց փայլուն կերպով եւ առաջին հերթին բարձր ոգու շնորհիւ:
«ՀԵՏՔ».- Իսկ Ադբեջանի նպատակը ո՞րն էր, ի՞նչ էր ուզում անել հակառակորդը:
ԼԵՒՈՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Նպատակը՝ անակնկալի բերել մեր զինուած ուժերին, վերահսկողութեան տակ վերցնել սահմանամերձ մի շարք բնակավայրեր եւ յաջողութեան հասնելու դէպքում այն զարգացնել: Դատելով սկզբնական շրջանում նրանց տարածած տեղեկութիւններից, պարզ երեւում էր, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը նախապէս պատրաստել էր տեղեկատուական քարոզչութեան յստակ պլան եւ ըստ այդ պլանի յաջորդաբար պէտք է իրականացուէին յետագայ քայլերը: Առաջին տեղեկատուական քայլը, որ նրանք կատարեցին, հակամարտութեան վերսկսման մեղքը հայկական կողմի վրայ բարդելն էր եւ, ըստ այդմ՝ միջազգային հանրութեան շրջանում կարծիք ստեղծելը… Յաջորդը, քանի որ նրանք համոզուած էին, որ հեշտութեամբ կը ճեղքեն մեր պաշտպանութիւնը եւ վերահսկողութեան տակ կը վերցնեն մի շարք բնակավայրեր, սկսեցին յայտարարութիւններ տարածել, թէ իբր արդէն գրաւել են Թալիշը, Մատաղիսը եւ Սէյսուլանը: Այնինչ դա իրականութեանը չէր համապատասխանում: Չնայած Ադրբեջանի ունեցած լաւատեսութեանը, մարտական գործողութիւնների մեկնարկային պահերից պարզ դարձաւ, որ այն խնդիրը, ինչ հակառակորդը ծրագրել էր լուծել (իսկ խնդիրը հետեւեալն էր՝ մարտադաշտում հասնել յաջողութեան, գրաւել տարածքներ եւ բանակցութիւնների սեղանի շուրջ հանդէս գալ պարտադրողի դերում), անհնարին է: Տեղի ունեցած առճակատման արդիւնքում Ադրբեջանը համոզուեց, որ Լեռնային Ղարաբաղի հետ պատերազմի մեթոդով խօսելն անարդիւնք է եւ ստիպուած խնդրեց հրադադար:
«ՀԵՏՔ».- Յարձակման ժամանակ Ադրբեջանն օգտագործեց նաեւ նոր զինատեսակներ, առաջին անգամ էր դրանց մի մասը օգտագործում: Նաեւ պարզուեց, որ Ղարաբաղի զինուժը համապատասխան զինատեսակներ չունի նրանց հակահարուած տալու համար: Այդ բացերը ինչպէ՞ս են լրացւում:
ԼԵՒՈՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Առաջին հերթին մտածում ենք այդ զինատեսակներից արդիւնաւէտ պաշտպանուելու մասին: Լուծման ուղիները գտել ենք եւ շարունակում ենք այդ ուղղութեամբ աշխատել: Նաեւ աշխատում ենք նման միջոցներին հակադարձելու ուղղութեամբ: Քանի որ գրոհային անօդաչու թռչող սարքերի կիրառման պրակտիկան ապրիլեան առճակատման ընթացքում, մեղմ ասած, մեզ համար որոշակի խնդիրներ առաջացրեց, ուստի աւելի շատ շեշտը դնում ենք դրանց դէմ պայքարի վրայ: Ի հարկէ չնայած դրանց կիրառման յանկարծակիութեանը, բայց եւ այնպէս մենք կարողացանք արդիւնաւէտ հակաքայլեր իրականացնել եւ հասնել շօշափելի արդիւնքների: Միայն այդ օրերի ընթացքում ղարաբաղեան բանակը խոցեց 20 անօդաչու սարք, որից 14ը ընկաւ մեր, իսկ 6ը՝ հակառակորդի տարածքում: Այնպէս որ դրանց դէմ պայքարի միջոցներ արդէն ունենք, իսկ նոր տեսակներ անկասկած կ՛ունենանք:
«ՀԵՏՔ».- Տեսակէտ կայ, որ Ղարաբաղը պէտք է մասնակցի բանակցային գործընթացին: Դուք ի՞նչ կարծիքի էք՝ որպէս պաշտպանութեան նախարար:
ԼԵՒՈՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- 1994ին, երբ զինադադարը կնքուեց, Ղարաբաղը բանակցային կողմ էր: Իսկ, եթէ ընդունենք, որ հակամարտութեան գօտում տիրող այսօրուայ վիճակը 94ին տեղի ունեցած հանդիպման արդիւնքն է, ապա ղարաբաղեան կողմի մասնակցութիւնը բանակցութիւններին, որքանով տրամաբանական, այնքանով պարտադիր է: Համոզուած եմ, որ այդ պահն անխուսափելի է:
«ՀԵՏՔ».- Այդ դէպքում երբ Ապրիլին ռուսների միջոցով Ադրբեջանը հրադադար խնդրեց, ինչո՞ւ համաձայնուեցիք: Գուցէ ասէիք՝ համաձայն չէք, որովհետեւ մեզ հետ պէտք է պայմանաւորուէք, բանակցէք, ինչպէս 94ին էր:
ԼԵՒՈՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Ի հարկէ, հարցը տրամաբանական է: Բայց իւրաքանչիւր պատերազմ աւելի վատ է, քան յարաբերական հրադադարը: Իսկ ինչ վերաբերում է մեզ հետ պայմանաւորուելուն, ապա, ինչպէս քիչ առաջ ասացի, մենք արդէն մի անգամ 94ին պայմանաւորուել ենք, եւ այն է շարունակում մնալ ուժի մէջ, այլ ոչ թէ 2016թ. Ապրիլի 5ին Ադրբեջանի կողմից արուած խնդրանքը:
«ՀԵՏՔ».- Բայց այդ ժամանակ նաեւ պատրաստ էիք հակահարուած տալու: Հրադադարը կանգնեցրեց նաեւ այդ գործողութիւնները:
ԼԵՒՈՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Ի հարկէ, պատրաստ էինք: Բայց դա քաղաքական որոշում է, եւ զինուորականներս պարտաւոր էինք դրան ենթարկուելու: Ի դէպ, հակահարուածի համար հիւսիսային եւ հարաւային ուղղութեամբ արդէն ամէն ինչ պատրաստ էր…
«ՀԵՏՔ».- Չէք ափոսո՞ւմ:
ԼԵՒՈՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Չեմ ափսոսում միայն այն բանի համար, որ դրա ժամանակը էլի է գալու: Չեմ համարում, որ դրա ժամանակը չի գալու:
«ՀԵՏՔ».- Իսկ ո՞րն է եղել ամենամեծ սխալն այս ընթացքում:
ԼԵՒՈՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Որ 1994ին կանգնել ենք, դա է եղել մեր սխալը: