«ԱՐՄԷՆՊՐԷՍ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐ, ԳԵՆԵՐԱԼ-ԼԷՅՏԵՆԱՏ ԼԵՒՈՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆԻ ՀԵՏ
Այսպիսի գնահատական տուեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պաշտպանութեան նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լէյտենանտ Լեւոն Մնացականեանը «Արմէնպրէս»ի հետ զրոյցում: Նա խօսել է սահմանային անվտանգութեան ու բանակի առջեւ ծառացած մարտահրաւէրների մասին:
«ԱՐՄԷՆՊՐԷՍ».- Պարոն Մնացականեան, եթէ ամփոփելու լինենք 2015 թուականը, ինչպիսի՞ն էր այն Արցախի բանակի համար:
ԼԵՒՈՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Բանակաշինութեան տեսանկիւնից 2015 թուականն Արցախի զինուած ուժերի համար կարելի է համարել արդիւնաւէտ տարի, քանի որ դրանում տեղ գտած բոլոր գործընթացները կեանքի են կոչուել համապատասխան նախատեսուած ծրագրերի եւ նպատակաուղղուած են եղել բանակի մարտունակութեան աստիճանական զարգացմանը: Որպէս առաջնահերթութիւն, տարուայ ընթացքում յատուկ ուշադրութիւն է դարձուել բոլոր աստիճանի հրամանատարների եւ շարքային անձնակազմի մարտական պատրաստութեան ու պատրաստականութեան բարձրացմանը, տեսական եւ գործնական պարապմունքների միջոցով կատարելագործուել են նրանց մարտական ու մարտավարամասնագիտական ունակութիւնները, բաւականին մեծ աշխատանք է իրականացուել առաջնային գծի ամրապնդման եւ այն մարտական հերթապահութեան պահանջներին հնարաւորինս համապատասխանեցնելու ուղղութեամբ: Բացի վերոնշեալից, բանակի հրամանատարութեան ուշադրութեան կենտրոնում են եղել սպառազինութեան եւ ռազմական տեխնիկայի համալրման եւ դրանց սպասարկման ու նպատակային շահագործելու գործընթացները, թիկունքային ապահովման խնդիրները, զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական պայմանների բարելաւմանն ուղղուած միջոցառումները եւ այլն: Կատարուած այս եւ միւս աշխատանքների շնորհիւ բանակը ոչ միայն կարողացել է ապահովել նախորդ տարիների ունեցած իր ձեռքբերումների շարունակականութիւնը, այլեւ լաւագոյնս իրականացրել է իր վրայ դրուած գլխաւոր առաքելութիւնը, այն է՝ պաշտպանել երկրի սահմաններն ու հարազատ ժողովրդի անվտանգութիւնը:
«ԱՐՄԷՆՊՐԷՍ».- Վերջերս փորձագէտներից մէկը վերջին երկու տարուայ իրավիճակը բնորոշեց «դանդաղ պատերազմ»: Դուք համամի՞տ էք այդ բնորոշմանը:
ԼԵՒՈՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Իրականում 2014թ. Օգոստոսից հակամարտ զօրքերի շփման գծում տեղ գտնող զարգացումները, որոնք բացառապէս պայմանաւորուած են ադրբեջանական կողմի սադրիչ քայլերով, չեն տեղաւորւում դեռեւս 1994թ. Մայիսին կողմերի միջեւ հրադադարի հաստատման մասին ձեռք բերուած համաձայնութեան տրամաբանութեան շրջանակում: Ակնյայտ է, որ Ադրբեջանն աստիճանաբար ոչ միայն փոխում է իր նախայարձակ գործողութիւնների մարտավարութիւնը, այլեւ դրանցում կիրառուող ուժերն ու միջոցները: Այսպէս, եթէ սկզբնական շրջանում նա իր սադրանքներն իրականացնում էր դիպուկահարների եւ դիւերսիոն-հետախուզական խմբերի միջոցով, ապա 2015թ. Մարտից գործողութեան մէջ դրեց տարբեր տրամաչափի ականանետային, իսկ ապա նաեւ հրթիռահրետանային եւ զրահատանկային միջոցներ, այդ թւում՝ 122 միլիմետրանոց Դ-20 տիպի հաուբից հրանօթներ, թուրքական արտադրութեան TR-107 տիպի ռէակտիւ հրետանային կայանքներ, տանկեր: Իսկ եթէ ասուածին յաւելենք նաեւ անցած տարուայ Նոյեմբերին հակառակորդի կողմից հայկական ուղղաթիռի խոցման դէպքը, ապա առաւել քան պարզ կը դառնայ, որ ադրբեջանական կողմն ընտրել է հակամարտութիւնը ոչ թէ խաղաղ բանակցութիւնների միջոցով հանգուցալուծելու, այլեւ իրավիճակը պատերազմականին մօտեցնելու ճանապարհը:
«ԱՐՄԷՆՊՐԷՍ».- Վերջին մէկ տարուայ ընթացքում Ադրբեջանի զինուած ուժերը կիրառում են թուրքական արտադրութեան զինատեսակներ: Այդ հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ բարձրացւո՞ւմ է:
ԼԵՒՈՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների ընթացքում, իմ իրաւասութիւնների շրջանակում, ես շօշափում եմ ոչ միայն այդ, այլ նաեւ շփման գծում տիրող իրավիճակի հետ կապուած այլ հարցեր եւս: Ինչ վերաբերում է նրանց արձագանգին, ապա աւելի ճիշդ կը լինէր, առիթ լինելու դէպքում այդ հարցն ուղղէիք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:
«ԱՐՄԷՆՊՐԷՍ».- Թուրքիան նաեւ ՆԱՏՕի անդամ պետութիւն է: Ըստ ձեզ, այս առնչութեամբ ՆԱՏՕի լռութիւնը որքանո՞վ է համընկնում այդ կառոյցի առաջադրած սկզբունքներին ու գաղափարներին:
ԼԵՒՈՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Այդ հարցի պատասխանը ստանալու համար աւելի ճիշդ կը լինէր դիմել համապատասխան հասցէատիրոջը:
«ԱՐՄԷՆՊՐԷՍ».- Եթէ մի քանի տարի առաջ միջազգային ռազմական փորձագէտները, Արցախում պատերազմ կանխատեսելով, շեշտում էին, որ Ադրբեջանն անպայման կը դիմի «բլից-կրիգ»ի (անակնկալ յարձակում-Խմբ.), ապա վերջին շրջանում նման վերլուծութեամբ չեն ներկայանում: Ըստ ձեզ, դա ինչի՞ արդիւնք է, եւ ինչի՞ շնորհիւ է միջազգային վերլուծաբանների տեսակէտը փոխուել:
ԼԵՒՈՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Ես կ՛ասէի, որ «բլից-կրիգ»ի մասին հիմնականում ակնարկում էին նրանք, ովքեր անտեղեակ էին իրականութեանը կամ իրենց դատողութիւններն անում էին ադրբեջանական քարոզչութեան ազդեցութեան տակ: Այնինչ, հաւանական պատերազմի ընթացքի ու ելքի մասին առաւել լուրջ հետեւութիւններ կարող են անել նրանք, ովքեր հակամարտ կողմերի հնարաւորութիւնների մասին ունեն իրական պատկերացումներ: Ինչ խօսք, երեւի թէ ձեր նշած վերլուծաբաններին արդէն հասու է այդ իրականութիւնը:
«ԱՐՄԷՆՊՐԷՍ».- Պարոն նախարար, մի քանի տարի առաջ ներկայացուեց վերլուծութիւն, համաձայն որի՝ հակառակորդի դիպուկահարից զոհուած հայ զինուորների մեծ մասը մահացու վիրաւորում էր ստանում հէնց գլխի շրջանում: Դա վերագրւում էր նաեւ զինուորի կողմից անուշադրութեանը: Այժմ իրավիճակն ինչպիսի՞ն է եւ այդ առնչութեամբ ինչպիսի՞ աշխատանքներ են տարւում:
ԼԵՒՈՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Եթէ առաջնային գծում տարբեր զինատեսակներից շարունակ խախտւում է հրադադարի ռեժիմը, իսկ դիպուկահարային պատերազմը կրում է բացայայտ բնոյթ, բնականաբար կորուստներն անխուսափելի են: Սակայն դա չի նշանակում, որ մենք պէտք է յարմարուենք այդ իրողութեան հետ եւ փնտռենք արդարացուցիչ պատճառներ: Դա անընդունելի է, եւ մենք պարտադրուած ենք որոնելու եւ գտնելու այն բոլոր հնարաւոր ուղիները, որոնք կը տանեն նման դէպքերի, եթէ ոչ լրիւ բացառման, ապա գոնէ շօշափելի կրճատման: Իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է նախ՝ զինուորների մէջ դաստիարակել մարտական ու բարոյահոգեբանական պատշաճ որակներ եւ երկրորդ՝ մարտական դիրքերի ինժեներական կահաւորուածութիւնը դարձնել անթերի: Սրանք այն երկու կարեւոր պահանջներն են, որոնց կատարման ուղղութեամբ այսօր մենք ձեռնարկում ենք քայլեր:
«ԱՐՄԷՆՊՐԷՍ».- Պարոն Մնացականեան, ցաւօք, այս տարի շատ էին մարդկային կորուստները բանակում: Կա՞յ վիճակագրական տուեալ այդ առնչութեամբ, եւ որքան տոկոս են կազմում խաղաղ պայմաններում զոհուածները:
ԼԵՒՈՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Մեզ համար իւրաքանչիւր զինուորի մահ անդառնալի կորուստ է՝ լինի դա մարտական դիրքում, թէ խաղաղ ծառայութեան ընթացքում: Սա իրողութիւն է, որը չափւում է ոչ թէ վիճակագրութեամբ, այլեւ մարդկային ճակատագրերով… Հաւատացէ՛ք, անգամ մէկ զինուորի կորուստը մեր բանակի հզօրութեանը շօշափելի հարուած է, եւ, ըստ այդմ, մենք պարտադրուած ենք անելու ամէն հնարաւորն ու անհնարինը, նման արտակարգ դէպքերից խուսափելու համար:
«ԱՐՄԷՆՊՐԷՍ».- Պարոն Մնացականեան, որո՞նք են այն հարցերը, մարտահրաւէրները, որոնց լուծման ուղղութեամբ աշխատանքներ էք տանելու յաջորդ տարիներին:
ԼԵՒՈՆ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Ինչպէս միշտ, գալիք տարում եւս մեր գործունէութիւնը ուղղուած է լինելու բանակի հզօրութեան բարձրացմանն ու ամրապնդմանը: Իսկ դրա համար առկայ են բոլոր նախադրեալները: Համոզուած եմ, որ զինուած ուժերի ողջ անձնակազմը եւ նրա թիկունքում կանգնած ժողովուրդն անելու են իրենցից կախուած ամէն հնարաւորը մեր երկրի անվտանգ ու խաղաղ կենսագործունէութիւնն ապահովելու համար:
«ԱՐՑԱԽՊՐԷՍ»