Նաիրի Հոխիկյան
2018թ. հոկտեմբերի 12-ին ՌԴ-ից Ադրբեջան մեկնած ազգությամբ թալիշ Միրիսմայիլ Միրիսմայիլովը ձերբակալվել է սահմանին և ենթարկվել դաժան ծեծի՝ հայկական հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու մեղադրանքով:
Այս մասին տեղեկությունը հայտնի դարձավ ընդամենը հոկտեմբերի վերջին, երբ Միրիսմայիլ Միրիսմայիլովի հայրը տեղեկացվել է դեպքի մասին և հաղորդել ՌԴ թալիշական համայնքին:
Իրականում ի՞նչ է տեղի ունեցել:
2018թ. հունիսի 21-ին ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում մի խումբ թալիշ երիտասարդներ ավտոերթ են իրականացրել՝ նշելով «Թալիշ-Մուղանյան Հանրապետության հռչակման 25-ամյակը»: Դա չէր վրիպել ադրբեջանական իշխանության աչքից:
Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետությունը ինքնահռչակվել է 1993 թ. հունիսին՝ հայտարարելով Ադրբեջանից անկախանալու մասին: Տարածքը, որի վրա անկախություն է հռչակվել, ժամանակակից Ադրբեջանի հարավ-արևելքում է՝ Իրանին և Կասպից ծովին սահմանակից: Տեղաբնիկ թալիշ ժողովուրդը 20-րդ դարասկզբին բռնակցվել է նորաստեղծ Ադրբեջան պետությանը: Անկախության հռչակումից հետո Թալիշ-Մուղանական Հանրապետությունը երկու ամսվա կյանք ունեցավ, քանի որ ադրբեջանական իշխանությունը բռնի միջոցներով կոտրեց թալիշական ազգային զարթոնքը՝ սպանելով կամ ձերբակալելով շարժման առաջնորդներին:
2018թ. հունիսին ՌԴ-ում կազմակերպված ավտոերթին մասնակցել է նաև թալիշ երիտասարդ Միրիսմայիլ Միրիսմայիլովը, որը թեև բնակվում է ՌԴ-ում, սակայն նրա ազգականները Ադրբեջանում են:
Միրիսմայիլ Միրիսմայիլովի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու լավագույն ճանապարհը ադրբեջանական իշխանության համար նրան հայկական հատուկ ծառայությունների լրտես հայտարարելն է:
Դեռևս որևէ փաստացի ապացույց չի ներկայացվել նրա՝ լրտես լինելու մասին: Միրիսմայիլը կալանավորվել է 30 օր ժամկետով, և եթե այդ ընթացքում նրան մեղադրանք չներկայացվի, Ադրբեջանը պարտավոր է ազատ արձակել: Միրիսմայիլ Միրիսմայիլովի հայրը, սակայն, հայտնել է, որ հույս չունի, թե որդուն ազատ կարձակեն, քանի որ նրան Ադրբեջանի իշխանությունը չի կարող ներել ազգային ինքնության գիտակցման համար:
Նաիրի Հոխիկյան