«Բանակցային Ֆորմատը Փոխելու Փորձ Չի Արւում»
ՌՈՒԶԱՆՆԱ ՍՏԵՓԱՆԵԱՆ
Ռուբէն Ռուբինեանը պատասխանում է «Ազատութեան» հարցերին:
ՌՈՒԶԱՆՆԱ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Պարոն Ռուբինեան, գերեզման այցելելու վերաբերեալ ադրբեջանական կողմի խնդրանքի բաւարարումը Հայաստանի նոր իշխանութեան մարտավարութեան շրջանակներո՞ւմ է:
ՌՈՒԲԷՆ ՌՈՒԲԻՆԵԱՆ.- Բոլոր հետաքրքրուածները, ովքեր կը տեսնեն այս պատմութիւնը, յստակ կը տեսնեն, որ կայ մի կողմ, որը կողմ է լարուածութեան թուլացմանը, կողմ է կառուցողական մթնոլորտում բանակցութիւններ վարելուն: Կը տեսնեն եւ միւս կողմին, որն անընդհատ դիմում է սադրանքների, օգտագործում է ռազմաշունչ հռետորաբանութիւն, այսինքն՝ կայ իրավիճակ, որտեղ ամէն ինչ պարզ է:
ՌՈՒԶԱՆՆԱ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Ադրբեջանը դա ներկայացնում է այլ տեսանկիւնից, ասելով, որ ոչ մի մարդասիրական քայլ էլ տեղի չի ունեցել, այլ իրենք են տարածքներ գրաւել:
ՌՈՒԲԷՆ ՌՈՒԲԻՆԵԱՆ.- Դա ընդամէնը ցոյց է տալիս ադրբեջանական կողմի ադեկվատութեան (պատշաճութեան-Խմբ.) եւ կառուցողականութեան պակասը:
ՌՈՒԶԱՆՆԱ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Երբ Նիկոլ Փաշինեանն Ազգային ժողովում ներկայացնում էր կառավարութեան ծրագիը, դարձեալ անդրադարձաւ իր այն յայտարարութեանը, թէ ինքը Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապուած՝ բանակցելու է միայն Հայաստանի անունից. Ղարաբաղի անունից բանակցել չի կարող, որովհետեւ դրա համար չունի ոչ իրաւական, ոչ էլ բարոյական իրաւունք: Նա անգամ բերեց Սերժ Սարգսեանի եւ Ռոբերտ Քոչարեանի օրինակները, նշելով, որ նրանք ԼՂից էին, կապեր ունէին Ղարաբաղի հետ, իսկ իր դէպքում նման հիմք չկայ՝ բանակցելու Լեռնային Ղարաբաղի անունից: Սա նոր իրողութիւ՞ն է: Եթէ Նիկոլ Փաշինեանը Ղարաբաղի անունից չի բանակցելու, այդ դէպքում բանակցութիւնների թեման ո՞րն է լինելու:
ՌՈՒԲԷՆ ՌՈՒԲԻՆԵԱՆ.- Ես ուզում եմ նշել, որ մեզ համար հիմա կարեւորագոյն առաջնահերթութիւն է բանակցութիւնների դինամիկան (շարժաբանութիւնը-Խմբ.) պահպանելը: Արցախի մասնակցութեան մասով, ինչպէս գիտենք, կառավարութեան ծրագրում յստակ նշուած է, որ Արցախը պէտք է որոշիչ ձայն եւ մասնակցութիւն ունենայ բանակցութիւններում: Ինչո՞ւ է սա ասւում, որովհետեւ տրամաբանական չէ, որ հակամարտութեան հիմնական կողմը չի մասնակցում իր ճակատագրին վերաբերող հարցերի քննարկմանը: Սակայն, պէտք է նշել, որ սա ոչ թէ նոր իրողութիւն է կամ բանակցային ֆորմատի (ձեւաչափի-Խմբ.) փոփոխութեան փորձ, ապակառուցողական փորձ, այլ սա ընդամէնը հարց է, որը, կարծում ենք, պէտք է քննարկուի: Բայց, միեւնոյն ժամանակ, պարոն Փաշինեանը մի քանի անգամ յայտարարել է, որ պատրաստ է հանդիպել եւ բանակցել Իլհամ Ալիեւի հետ:
Փաշինեանը չի ասել, որ ինքը չի բանակցելու Լեռենային Ղարաբաղի անունից: Նա նշում է այն փաստարկները, որոնց հիման վրայ, մեր կարծիքով, բանակցութիւնների արդիւնաւէտութեան բարձրացման համար, Արցախը պէտք է ներգրաւուած լինի բանակցութիւններում:
ՌՈՒԶԱՆՆԱ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Ադրբեջանի առջեւ այդպիսի պայման դրուելո՞ւ է, թէ քանի դեռ Լեռնային Ղարաբաղը ներգրաւուած չէ բանակցութիւններում, ապա Հայաստանի վարչապետը չի բանակցելու:
ՌՈՒԲԷՆ ՌՈՒԲԻՆԵԱՆ.- Ինչպէս նշեցի՝ այս փուլում մեզ համար կարեւորը դինամիկան պահպանելն է, բայց մեր ընդհանուր տրամաբանութեան մէջ մտնում է հետեւեալ գիտակցումը, որ Արցախը բանակցային գործընթացում պէտք է ունենայ որոշիչ ձայն, եթէ մենք ուզում ենք բարձրացնել բանակցութիւնների արդիւնաւէտութիւնը:
ՌՈՒԶԱՆՆԱ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Կարո՞ղ ենք ասել, որ այսօրուայ իշխանութեան մօտեցումները Լեռնային Ղարաբաղի հարցում համընկնում են նախկին իշխանութեան մօտեցումների հետ, եւ էական տարբերութիւներ չկան:
ՌՈՒԲԷՆ ՌՈՒԲԻՆԵԱՆ.- Եթէ խօսքը ռադիկալ (արմատական-Խմբ.) փոփոխութիւնների մասին է, բնականաբար, ոչ, մեծ տարբերութիւններ չկան:
ՌՈՒԶԱՆՆԱ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Յաջորդ շաբաթ Նիկոլ Փաշինեանը մեկնելու է Մոսկուա, որտեղ նախատեսւում է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Պուտինի հետ: Ըստ ադրբեջանական ԶԼՄների, Մոսկուա է մեկնելու նաեւ Իլհամ Ալիեւը: Հնարաւո՞ր է, որ Մոսկուայում Փաշինեան-Ալիեւ հանդիպում տեղի ունենայ:
ՌՈՒԲԷՆ ՌՈՒԲԻՆԵԱՆ.- Այս պահի դրութեամբ ոչ մի պայմանաւորուածութիւն չկայ: