Օրերս մայրաքաղաք Երևանում կազմակերպված գրքի շնորհանդեսը աշխարհագրական ընդգրկուն հարվածով Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանում էր հավաքել մտավորականներին՝ վերականգնելով հյուրընկալ տան երբեմնի ավանդույթը։ Այս տանը երգին զուգահեռ միշտ հնչել է աշխարհասփյուռ մտավորականության արթուն խոսքը, այստեղ կարծիքների, քննարկումների և նոր ծանոթությունների պակաս երբևէ չի զգացվել։ Այս անգամը ևս բացառություն չէր։
Թանգարան մուտք գործողներին առաջինը դիմավորում են գրքերը, որոնց կազմերից մեկին եռագույնն է՝Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը»-ի նկարով՝ «Ինձ բացակա չդնեք» վերնագրով, հաջորդին դաջված է ՝ «Մենք և մերոնք» վերնագիրը, իսկ ամենամեծ թվով ներկայացվածը՝ նոր լույս տեսած «Հույս և տառապանք» վերնագրված գրքերի տրցակն է՝ և այս բոլոր գրքերին նշված՝ մեկ հեղինակի անուն՝ Ռուբեն Հովակիմյան։
Մշակութային սպասված հանդիպումը ֆրանսաբնակ հրապարակախոս, գրող պարոն Հովակիմյանի հետ շատ արագ և սահուն կերպով թանգարանի տնօրեն տիկին Սուսաննա Դավթյանի շնորհիվ վերածվում է մտերմիկ երկխոսության և բանախոսները, ընկերները, հեղինակին ճանաչող մտերիմները իրար լրացնելով, տարբեր դիպվածներով և ուշագրավ պատմություններով ամբողջացնում են լռակյաց և բարեկիրթ Ռուբեն Հովակիմյան հեղինակի կերպարը՝ ներկաներին ծանոթացնելով նրա 80-ամյա կենսագրությանը։ Բազմաշնորհ նվիրալ հայորդին՝ մասնգիտությամբ լինելով ճարտարագետ, հոգով և էությամբ հրապարակախոս-ստեղծագործող է, հայրենիքի ամենօրյա զարգացումներով ապրող անհատ, ով մշտապես իր գրչով ամրագրում է էականը։
Նոր գրքի շնորհանդեսը ներկաների համար առիթ էր՝ հայրենիք-սփյուռք կապը արթուն և կենսունակ պահելու, հույզերն ու ապրումները երկուստեք կենտրոնացնելու և մտքերով փոխանակվելու համար։
Հայրենիքում իրենց ասելիքով և հայրենիքից դուրս իրենց անգնահատելի անելիքով հաստատված հայերին ճանաչելը, մեծարելն ու ներկայացնելը, որոնցից մեկն է Ռուբեն Հովակիմյանը, պատիվ է բերում, հաճախ նաև նոր ոգևորությունների ալիք փոխանցում՝ վստահություն ներշնչելով, որ սրտով ապրած տեսակետը, խոհը իր ընթերցողին կգտնի, և հենց այսպիսի միջոցառումների շնորհիվ այդպիսի ընթերցողների թիվը կավելանա, իսկ հավատարիմ բարեկամների թիվը կկրկնապատկվի։
Մտերմիկ և ջերմ հանդիպման ականատես՝
Շ. Մելքոնյան