ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ
Ազրպէյճանի սփիւռքի նախարարութեան աջակցութեամբ Վան այցելած Ազրպէյճանի ‹‹Պէյնելխալք›› սփիւռքի կենտրոնի նախագահ Իսմայիլ Աղայեւը եւ իր հակահայկական գործունէութեամբ յայտնի ASIMDER կազմակերպութեան նախագահ Կէօքսել Կիւլպէյը գտնուել են նաեւ Աղթամար կղզում եւ արել հերթական զաւեշտալի յայտարարութիւնը, ըստ որի` Աղթամարի եկեղեցին պատկանում է քրիստոնեայ թուրքերին: Այդ մասին հաղորդում է «Ակունք»-ը` վկայակոչելով թուրքական Netgazete.com կայքէջում տեղ գտած հրապարակումը:
Աղբիւրի համաձայն, Իսմայիլ Աղայեւը յայտարարելով, թէ «Հայերը որտեղ խաչ են տեսնում, այդ տարածքն ու եկեղեցիները իւրացնում են, նաեւ նշել է. «Աղթամարի կղզում գտնուող եկեղեցին հայերին չի պատկանում: Այս վայրը քրիստոնեայ թուրքերի յուշարձանն է: Տարիներ առաջ հայերը այս եկեղեցու վրայ գիշեր-ցերեկ գաղտագողի հայկական տառեր են գրել եւ մարդկանց խաբելով` ցոյց տուել, թէ այս վայրն իրենց է պատկանում: Բայց թող բոլորն իմանան, որ այս տեղը քրիստոնեայ թուրքերինն է: Մենք` որպէս ազրպէյճանցիներ, որպէս Ազրպէյճանի սփիւռք, շուտով պատրաստւում ենք էական միջոցներ ձեռնարկել հայերի կողմից թուրքերի հողերը իւրացնելու դէմ»:
Աղայեւը ընդգծելով, թէ հայերի նպատակն այս շրջաններում Արեւմտեան Հայաստանի պետութիւն հիմնելն է, նաեւ յայտնել է. «Հայերն այդ պետութեան եւ իրենց քաղաքացիների միջոցով տարածքներ են առանձնացնում Վանում եւ թուրքական ու քրտական գիւղերում: Մենք ուզում ենք, որ դա ամբողջ Թուրքիան իմանայ: Թող Թուրքիան գիտակցի, որ հայերը միայն աւեր են անելու: Նրանց աւերը մի թիրախ է` ուղղուած մեր տարածքներին: Հայերը Վանը մայրաքաղաք կը հռչակեն, այնպէս, կարծես թէ այս շրջանում ո՛չ թուրք է ապրել, ո՛չ քիւրտ, ո՛չ էլ` ազրպէյճանցի: Կարծես թէ այստեղ միայն հայեր են ապրել, մենք էլ հայերի մնացորդներն ենք: Նրանք սուտ են խօսում: Նրանց շունչն անգամ կեղծ է: Նրանց միակ երազանքը ծովից ծով Հայաստան ստեղծելն է եւ, այդ առումով, մեծ տէրութիւնների աջակցութեամբ ու բռնի կերպով գրաւուած Ղարաբաղն էլ են թաքցնում: Սակայն մեր պետութիւնը հզօր է: Ամէն պահ կարող ենք Ղարաբաղն ազատել գրաւումից: Նրանք միայն երազում կը տեսնեն Վանը, Կարսը, Աղրըն (Արարատը, Ա.), Արտահանն ու Իգդիրը որպէս հարազատ հող իրենց պետութեանը կցելը: Ամէն մի թիզ հողում, ամէն անկիւնում մի մուսուլմանի արիւնն է թափուած: Այս տարածքները մեր պապերի արեամբ են հունցուած»:
Նրան ձայնակցելով` հերթական յերիւրանքով է հանդէս եկել նաեւ «Հայկական անհիմն պնդումների դէմ պայքարի» միութեան` ASIMDER-ի նախագահ Կէօքսել Կիւլպէյը` նշելով, թէ Աղթամարի եկեղեցին, այսինքն` մեր հայկական Սուրբ Խաչը պատկանում է պեչենեգ թուրքերին. «Մենք ոչ մէկի պատարագին եւ աղօթքին դէմ չենք, կարող են գալ եւ իրենց պատարագը մատուցել: Միայն թէ դա չքաղաքականացնեն: Այստեղ հայկական դրօշ ծածանելով եւ հայկական պարեր պարելով` ոչ թէ պահպանում են այդ պատարագի կրօնական բնոյթը, այլ` քաղաքական բնոյթ հաղորդում դրան: (®) Մենք էլ ենք շուտով Ազրպէյճանի սփիւռքի նախարարութեան աջակցութեամբ այստեղ պատարագ կազմակերպելու: Կովկասեան շրջանի քրիստոնեայ թուրքերի հետ այստեղ մի միջազգային ոգեկոչման արարողութիւն ենք անելու: Հայերն այս եկեղեցին իրենցն են համարում, այնինչ դրա վրայ մի զարդաքանդակ կայ, որում ձի է քանդակուած: Այդ ձիու ձիաւորը, 180 աստիճան շրջուելով, նետ է արձակում: Համայն աշխարհի պատմաբաններն ընդունում են, որ դա թուրքերին պատկանող առանձնայատկութիւն է: Բացի այդ, դարձեալ ձիու աջ ազդրի վրայ կիսալուսին է պատկերուած, որը դեռ նախքան թուրքերի կողմից իսլամի ընդունումը առկայ էր թուրքերի շրջանում: Հէնց այդ նշանը ցոյց է տալիս, որ այս եկեղեցին թուրքերին է պատկանում: Հետագայում թուրքերը, երբ իսլամ ընդունեցին, քրիստոնէական եկեղեցին մնաց հայերին, որոնք որպէս այս շրջանի քրիստոնեայ ժողովուրդ` յիշատակի արարողութիւններ են անում այստեղ: Տա Ալլահը, շուտով տեսնենք, որ այս եկեղեցին այլեւս պատկանում է քրիստոնեայ թուրքերին: Մենք այդ ուղղութեամբ աշխատանքներ ենք տանելու»:
Ի՞նչ կարելի է ասել պատարագը ոգեկոչման արարողութիւնից անգամ չզատող այս հակահայ գործիչներին, որոնք իրենք անգամ չեն հաւատում այդ յերիւրանքներին եւ ակնյայտօրէն պատուեր են կատարում` փորձելով վերջին մոմը եւս մարել Արեւմտեան Հայաստանում®
«Ակունք»