ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Երևանում հայտարարում է, որ Պոլսո պատրիարքի ընտրություն առայժմ չի անցկացվի և թուրքական իշխանություններն ընդունում են իր՝ Պոլսո պատրիարքարանի փոխանորդությունը: «Ինչպես գիտեք, տեղապահի ընտրության օրը իշխանություններից ստացվեց նամակ` ասելով, որ ընդունում են իմ փոխանորդ լինելը: Նամակով հստակ ասվում էր, որ Արամ Աթեշյանը փոխանորդ է և կշարունակի իր գործունեությունը»,-«Արմենպրես»
Հարցին, եթե նա դրական կապեր ունի թուրքական իշխանությունների հետ, այդ դեպքում ինչու ինքն անձամբ չի դիմում հարցը կարգավորելու, ընտրություն անցկացնելու համար, Արամ Աթեշյանը նշեց, որ ինքը մի քանի անգամ ասել է իշխանության արտոնությունը ստանան, նոր մնացած քայլերը իրականացնեն, սակայն հակառակն արվեց: Դրա համար էլ այսպիսի իրավիճակ է: Նա լուծում համարում է Գարեգին Բեքչյանի հետ քաշվելը: Դրանից հետո Արամ Աթեշյանը կդիմի իշխանություններին նոր ընտրություն անցկացնելու համար:
Արամ Աթեշյանը իր մտահոգությունը հայտնեց այն մասին, որ իր աշխատանքային գործունեության ընթացքում, այս ութ տարվա մեջ, ոչ ոք չի գրել իր հաջողությունների մասին:
«Այո, ես դրական կապեր ունեմ թուրքական իշխանությունների հետ, և դրա շնորհիվ է, որ երբ պատրիարքարանի փոխանորդ ընտրվեցի բազմաթիվ հարցեր, որոնք մինչ այդ լուծված չէին, լուծում ստացան: Առաջարկեցի Աղթամարի Սբ Խաչ եկեղեցու վրա խաչ դրվի, դա արվեց, Տիգրանակերտի եկեղեցին վերանորոգեցի, պատրիարքարան տանող ճանապարհը վերականգվեց և լայնացվեց, և բազմաթիվ այլ ծրագրեր»,-ասաց Արամ Աթեշյանը:
Անդրադառնալով Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո իր` Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակի բովանդակությանը, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նշեց, որ դրանում եղել են այն դիտարկումները, որոնք արել իր նախորդները:
«Ես նամակ գրելուց առաջ վերհանել եմ իմ նախորդների նամակները և պահպանել եմ նույն շեշտադրումները: Ես խոսել եմ այն մասին, որ երրորդ երկրները հայկական հարցը խաղաթուղթ չսարքեն»,-ասաց Արամ Աթեշյանը:
Լրագրողների այն հարցին, թե ինքը թուրքական իշխանությունների մոտ ինչ հայտարարություն է արել իր նախնիների վերաբերյալ, Արամ Աթեշյանը նշեց, որ հարցադրում է արել այն մասին, թե ինչու են իր քույրերը դարձել մահմեդական, ինչ բռնաճնշումներ են եղել: Լրագրողների այն դիտարկմանը, թե ինչ այլ ասելիք ունի թուրքական իշխանությունների 1915 թվականի հետ կապված, նա պատասխանեց «Ես ինչ պետք ունիմ 1915 թվականի հարցը իշխանությունների առջև բանալու»: