ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկումն անցնում է թեժ մթնոլորտում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ամեն ինչ սկսվեց նրանից, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ամբիոնից խիստ քննադատության ենթարկեց ՀՀ կառավարության ծրագրում թվեր և հստակություն տեսնել ցանկացող ՀՀԿ-ականներին՝ հիշեցնելով նրանց իրենց ղեկավարման շրջանում տրված ու չիրականացված խոստումները: Այնուհետև Նաիրա Զոհրաբյանի ելույթին արձագանքեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: «Ես չեմ կարող չանդրադառնալ տիկին Զոհրաբյանի ելույթին, որն այստեղ հնչեց Էժեն Դելակրուայի հայտնի կտավի ոճով, գլխավոր հերոսուհու կերպով, շատ պաթետիկ ու շատ դեկորատիվ: Ոչինչ չեմ ասի: Պարզապես փաստեմ, որ նման ելույթներով ձեր քաղաքական թիմին ավելի շատ վնաս եք տալիս, քան օգուտ, որովհետև, վերջիվերջո, ավելի լավ է լինել հալածվող ընդդիմություն, քան կառավարության մեջ տնփեսայի կարգավիճակով հանգրվանած քաղաքական ուժ: Սա ակնհայտ է»,- ասաց Աշոտյանը:
Արմեն Աշոտյանին արձագանքեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Միքայել Մելքումյանը ելույթի սկզբում Արմեն Աշոտյանին խնդրեց դահլիճից չբացակայել, քանի որ ելույթի վերջում արձագանքելու է նրան: Ելույթից հետո Մելքումյանը մոռացել էր Աշոտյանին արձագանքելու մասին և հեռացավ ամբիոնից, սակայն հիշեց, որ պետք է արձագանքի Աշոտյանի ելույթին և վերադարձավ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հիշեցրեց, որ նա չի կարող ամբիոնից հեռանալուց հետո կրկին վերադառնալ, սակայն Մելքումյանին դա չկանգնեցրեց. «Ուրեմն, Արմեն Աշոտյանին ես խորհուրդ կտամ գնա և տեսնի, թե հազարավոր մարդիկ «Էլեկտրիկ Երևան» շարժման ժամանակ Բաղրամյան պողոտայում ինչ էին ուզում, երբ ինքը ներկա էր: Գնացեք նաև այդ շարժումը տեսեք, թե Աշոտյանը ով էր հեղափոխությունից առաջ»:
Երբ Մելքումյանը վերադարձավ իր տեղը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ևս մեկ անգամ նրան հիշեցրեց, որ ամբիոնից հեռանալուց հետո իրավունք չունի կրկին վերադառնալ և շարունակել: «Պարոն Մելքումյան, Դուք կարգը պահողներից մեկն եք, գիտե՞ք: Հետևաբար, ամբիոնից իջնելուց հետո ամբիոնին կրկին մոտենալու իրավունք չունեք»,- ասաց Հովհաննիսյանը:
Մելքումյանը շատ կոշտ արձագանքեց. «Թողեք իմ իրավունքները ես ինքս հստակեցնեմ, տեղից պետք չէ ելույթներ ունենալ, ես իմ իրավունքները լավ գիտեմ, շարունակեք նիստը վարել»:
«Առաջինը՝ Դուք ինձ մի ասեք, թե ինչ անեմ, և երկրորդ՝ կանոնակարգ-օրենքը պահեք: Հարգելի գործընկերներ, կանոնակարգ-օրենքով առաջնորդվենք և ոչ թե պարոն Միքայել Մելքումյանի ցուցումներով»,- հայտարարեց Արփինե Հովհաննիսյանը:
Միքայել Մելքումյանը կրկին արձագանքեց. «Ուրեմն, Դուք մեկնաբանություններ մի արեք, շարունակեք կոռեկտ վարել: Առայժմ այսքանը»:
Այնուհետև ելույթ ունեցավ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը, ով նույնպես արձագանքեց Արմեն Աշոտյանի ելույթին: «Աշոտյանն այսօր շատ լավ էր խոսում, հեռուստատեսությունը նույնիսկ կարելի է նրան տալ, որ հումորային հաղորդումներ կազմակերպի, որովհետև այս Աշոտյանը շատ լավն է: Հոյակապ Աշոտյան էր, խոսում էր, լավ էր: Բայց հիշեք քաղաքական գործիչ Աշոտյանին: Այդ տղերքը հիվանդացել էին, հիմա բուժվում են, լավ է: Շնորհակալություն Հայաստանում առողջապահական լուրջ պրոցեսներ իրականացնելու համար»,- ասաց Զուրաբյանը: