ԷԴՈՒԱՐԴ ԱՅՎԱԶԵԱՆ
Պարզւում է` Ախալցխայի շրջանի մանկապարտէզների հայկական բաժիններում ուսուցումը հայերէն չէ: Այս մասին պարզ դարձաւ փետրուար 4-ին Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի գլխաւոր յանձնակատարի այցի ժամանակ, որի ընթացքում Սազել գիւղի բնակիչներից մէկը բարձրաձայնեց խնդրի մասին: Սազել գիւղի բնակչի խօսքերով, իր երեխան մանկապարտէզում չի սովորում հայերէն, ինչի մասին վկայում են երեխայի սովորելու նպատակով տրուած բանաստեղծութիւնները միջոցառումներից առաջ: «Իմ երեխային միջոցառման նախապատրաստուելու նպատակով տուել էին հինգ բանաստեղծութիւն ու հինգն էլ` վրացերէն լեզուվ», այդ ժամանակ Ախալցխայի քաղաքապետարանի շէնքում ներկաներին տեղեկացուց Սազել գիւղի բնակիչը:
Akhaltskha.Net-ին յաջողուեց պարզել, թէ նման խնդիրը, որ Սազել գիւղից բացի` առկայ է նաեւ` հայկական Մեծ Պամաճ ու Սուխլիզ գիւղերում, ինչպէս նաեւ Ախալցխա քաղաքի մանկապարտէզների հայկական բաժիններում:
«Ես ունեմ երկու երեխայ, որից աւագը մանկապարտէզը աւարտել է երեք տարի առաջ, այն ժամանակ իմ երեխան մանկապարտէզում սովորում էր հայերէն ու վրացերէն բանաստեղծութիւններ ու երգեր. իսկ հիմա իմ փոքրիկ տղան նոյն խմբակում չի սովորում հայերէն ոչ մի բանաստեղծութիւն ու երգ», ասում է ծնողը, ում երեխան յաճախում է Ախալցխա քաղաքի մանկապարտէզներից մէկի հայկական բաժինը:
Այս առիթով մենք փորձեցինք լուրի իսկութիւնը ստուգել տուեալ մանկապարտէզի աշխատակցից, ինչին ի պատասխան տեղեկացրեց մեզ, որ իրենք երեխաներին դասաւորում են այն ծրագրով, որը յանձնարարում է իրենց վերադասը:
Ախալցխայի հոգեւոր տեսուչ Յակոբ աբղ. Սահակեանի խօսքերով, տուեալ փաստը վիրաւորանք է մեր ժողովրդի ու յատկապէս մայրերի նկատմամբ, որոնք ցանկանում են, որ իրենց երեխաները, վրացերէնի հետ մէկտեղ, սովորեն նաեւ մայրենի լեզուն: Նրա խօսքերով, մանկապարտէզների հայկական խմբակների ուսուցիչները հասկնալի պատճառներով խուսափում են յստակ պատասխան տալ` խնդրին վերաբերող, սակայն նման տեղեկութիւնները լայն տարածում են ստացել հանրութեան շրջանում, ու այդ պատճառով տեղական ինքնավարման մարմինների ներկայացուցիչները պէտք է պաշտօնական ձեւով արձագանգեն կատարուածի վերաբերեալ:
Մեր տեղեկութիւնների համաձայն, նախկինում հայկական խմբակներում, վրացերէնի հետ մէկտեղ, դասաւանդուել է նաեւ հայերէնը, սակայն վերջերս (մէկ-երկու տարուան մասին է խօսքը) «վերեւներից» ներքին կարգով հրաման են ստացել չդասաւանդել այլեւս հայերէն:
Հարկ է նշել, որ այս շրջանի մանկապարտէզները պատկանում են Ախալցխայի տեղական ինքնավարման մարմիններին, եւ նման հրահանգ կարող էր իջեցուել Ախալցխայի քաղաքապետարանից, սակայն որոշակիօրէն, ո՛ր պաշտօնեան է տուել նման հրահանգ, դա դեռ պարզելու կարիք ունի:
Մեսրոպեան ուղղագրութեան վերածեց`
ՅԱՐՈՒԹԻՒՆ ՄԸՍՐԼԵԱՆ