Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան (ՀԲԸՄ) 92-րդ համագումարի մասնակիցներին` ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակեանի գլխաւորութեամբ:
Նախքան հանդիպումը Նորին Սրբութեան նախագահութեամբ ՀԲԸՄ անդամներն աղօթք բարձրացրին առ Աստուած ազգային բարերար, ՀԲԸՄ նախագահ եւ ՀՀ ազգային հերոս Ալէք Մանուկեանի ու նրա տիկնոջ` Մարի Մանուկեանի շիրիմների առջեւ նրանց եւ ՀԲԸՄ–ի երջանկայիշատակ երախտաւորների հոգիների հանգստութեան եւ խաղաղութեան համար:
Այնուհետեւ Վեհարանի հանդիսութիւնների սրահում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնութիւնն ու պատգամը փոխանցեց հիւրերին:
Նորին Սրբութիւնն իր խօսքում մասնաւորապէս նշեց․ «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան անունը եւ գործունէութիւնը իր սկզբնաւորման օրուանից անքակտելիօրէն կապուած է մեր Սուրբ Եկեղեցու եւ ի մասնաւորի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելութեանը:
․․․Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը մշտապէս իր զօրակցութիւնն է բերել հայրենի անկախ պետականութեան վերակերտմանը` առաջին օրերից գործուն մասնակցութիւն ունենալով պետականաշինութեան սրբազան առաքելութեան մէջ»:
Հայոց Հովուապետը հաստատեց, որ Հբըմ-ն այսօր էլ նոյն նախանձախնդրութեամբ եւ ուժականութեամբ շարունակում է իր գործունէութիւնը, որի առանցքում մեր ժողովրդի անվտանգութեան ապահովումն է, ինքնութեան անաղարտ պահպանութիւնը, նրա հոգեւոր, բարոյական զօրացումը եւ համազգային միաբանութեան ամրապնդումը:
Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեանը եւ նրան անդամակցող ազնիւ բարերարներին, որոնց շնորհիւ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի հովանու ներքոյ վերակառուցուած բազմաթիւ վանքեր ու եկեղեցիներ, եկեղեցական կ’առոյցնէր եւ շինութիւններ կենսունակ են պահում հայ ժողովրդի հաւատքի ապրումն ու աստուածասէր ոգին, բազմաթիւ երեխաներ հայեցի կրթութիւն եւ դաստիարակութիւն են ստանում Հայորդեաց տներում, կարիքաւոր բազմաթիւ հայորդիներ ստանում են սոցիալական օժանդակութիւն, իսկ բարեգործական ճաշարաններում` սնունդ:
Նորին Սրբութիւնն ընդգծեց, որ այս օրերին, երբ հայ ժողովուրդը դիմակայում է ծանրագոյն մարտահրաւէրների, ՀԲԸՄ 92-րդ համագումարի կազմակերպումը մայր հայրենիքում` հայրենաբնակ մեր ժողովրդին զօրակցութեան ու քաջալերանքի եւս մէկ կարեւոր ուղերձ է:
«Վստահաբար այս օրերի ձեր քննարկումներում կարեւոր անդրադարձ պիտի կատարէք այնպիսի խնդիրների, որոնք առնչւում են մեր ժողովրդի առջեւ ծառացած անվտանգային մարտահրաւէրներին: Վստահ եմ նաեւ, որ իր կոչմանը հաւատարիմ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը եւ նրա անդամները պիտի շարունակեն նոր յանձնառութեամբ լծուել հայրենաշեն ու ազգապահպան ծրագրերի իրականացմանը:
Մեր ժողովրդի գոյատեւման եւ առաջընթացի միակ ճանապարհը ազգային ու հոգեւոր առողջ ուժերի համախմբումն է պետականութիւնը պահպանելու եւ ամրացնելու գաղափարի շուրջ: Անկախ պետութիւնն է, որ երաշխաւորում է մեր ժողովրդի բարեկեցութիւնը, ապագայատեսիլ ձգտումների իրագործումը, յարատեւութիւնն ու մեր ազգային, հոգեւոր ինքնութեան անխաթար պահպանումը»,- ամփոփեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Հանդիպման ընթացքում Հայոց Հայրապետը ՀԲԸՄ անդամներին ներկայացրեց Մայր Աթոռի տարբեր կառոյցների գործունէութիւնը, յատկապէս հովուական եւ սոցիալական, քարոզչական եւ կրթադաստիարակչական ոլորտում իրականացուող աշխատանքները:
Վեհափառ Հայրապետը պատասխանեց ՀԲԸՄ անդամների հարցերին, որոնք առնչւում էին Մայր Աթոռի կողմից նախաձեռնուած` զոհուած եւ անյայտ կորածների ընտանիքների, վիրաւորում ստացած զինուորականների եւ տեղահանուածների նիւթական ու հոգեխնամ աջակցութեանն ուղղուած ծրագրերին, Արցախի հայկական հոգեւոր-մշակութային ժառանգութեան պահպանութեան խնդիրներին, ի նպաստ խաղաղութեան ու կայունութեան հաստատման, առկայ մարտահրաւէրների դիմագրաւման միջեկեղեցական եւ միջազգային տարբեր հարթակներում գործադրուող ջանքերին:
Մասնաւոր անդրադարձ կատարուեց Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելութեանը, ազգի միասնականութեան ամրապնդման գործում նրա կարեւոր դերակատարութեանը: ՀԲԸՄ երիտասարդ անդամները նաեւ ստացան Հայոց Հայրապետի պատգամները սփիւռքում ազգային-եկեղեցական կեանքում իրենց գործուն ներգրաւուածութեան, ազգային ինքնութեան պահպանման, իրենց ներուժը ազգի եւ հայրենիքի կարիքներին ծառայեցնելու առնչութեամբ:
Հանդիպումը փակուեց Հայոց Հովուապետի «պահպանիչ» աղօթքով: