ՍԻԼՎԱ ԵՈՒԶՊԱՇԵԱՆ
Այսօր մեծանուն բանաստեղծ ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆԻ ծննդյան օրն է ․հայ քնարերգության «Անկեզ Մորենին» կդառնար 98 տարեկան․
( 15 օգոստոս, 1922, Արաբկիր (Արևմտյան Հայաստան) – 21 փետրվար, 1996, Երևան․ Կոմիտասի անվ․ պանթեոն)
***
․․․Ես Հին Արաբկիրից Նոր Արաբկիր եկա, եւ դա իմ բախտն էր: Ես դեռ պատանի` սեփական ձեռքով քար կտրեցի ու աղյուս թափեցի սեփական տուն կառուցելու համար .. …Զանգվի ձորից թթենու տունկեր բերի՝ այգի գցելու համար․․․ Ես իմ հայրենակիցների մեջ ու նրանց կենցաղով ապրեցի, և իմ բախտն էր դա … Ձմռան երկար գիշերներին ես նրանց հեքիաթներն ու զրույցները լսեցի, և իմ բախտն էր դա … Ես նրանց հետ լաց եղա ու ծիծաղեցի…
Եվ իմ բախտն է դա …
***
…Բայց իմ ծնունդն այս աշխարհում
Դժվար եղավ անասելի:
Բայց իմ ծնունդն այս աշխարհում
Հրաշք եղավ,
Հեքիաթ եղավ չհնարված:
Մի սև ոճիր՝ մարդու կերպար ու տեսք առած
Ու ձեռքի մեջ առած ահեղ մի յաթաղան,
Բարձրացել էր, որ աշխարհում
Հայ մանուկներ աշխարհ չգան,
Բարձրացել էր, որ չծնվեմ,
Բայց ծնվեցի…
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ
——————————–
…Ես ծնվել եմ այսպիսի օգոստոսյան մի գիշեր,
Եվ ասել են երևի, թե ես ծնվել եմ աստղով:
Ճիշտ են ասել երևի, բախտն իմ աստղի էր նման,
Բայց այն աստղին, որ ասես արցունքի շիթ է շողուն,
Բայց այն աստղին, որ կախվել թարթիչներից թախծության
Ու դողում է կարոտից, սպասումից է դողում․․․
Վ․ ԴԱՎԹՅԱՆ