ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԱՐԱՄ Ա.Ի ՓԱՍՏԱԲԱՆ ՋԵՄ ՍՈՖՈՒՕՂԼՈՒԻ ՀԵՏ
Թարգմանեց՝
ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆ
Կիլիկիոյ հայոց կաթողիկոսութիւնը դիմել է Սահմանադրական դատարան՝ յետ ստանալու Ադանայի Քոզան գաւառում գտնուող այն հողակտորի սեփականութեան իրաւունքը, որի վրայ գտնւում են Սուրբ Սոֆիայի վանքն ու եւս մէկ եկեղեցու աւերակներ: Փաստաբան Ջեմ Սոֆուօղլուն այս կապակցութեամբ ասաց. «Եթէ այս դատավարութիւնը մեր օգտին ընթանայ, ապա նախադէպ կը դառնայ միւս եկեղեցիների եւ վանքերի սեփականութեան իրաւունքի վերադարձի համար»:
Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցին տեղի ունեցան բազմաթիւ յիշատակման արարողութիւններ, գիտաժողովներ ու հասարակական նախագծեր, սակայն իսկական քայլը կա՛մ իրաւաբանները, կա՛մ էլ քաղաքական գործիչներն էին կատարելու:
Երկու կողմն էլ որոշ կէտերն էլ քննարկեցին, սակայն, Ապրիլի 24ից զատ, Ցեղասպանութիւնն այդքան էլ իրենց օրակարգի թեմա չդարձրին: Միջազգային հարթակներում ցեղասպանութեան ճանաչման կամ էլ այն ժխտելու օրինագծերը Ապրիլից յետոյ գրեթէ ոչ մի տեղ ո՛չ օրակարգ բարձրացան, ո՛չ էլ լրատուութեան թեմա դարձան: Միայն Բելգիայի խորհրդարանը Յունիսի 23-24ին օրակարգ մտցրեց Հայոց Ցեղասպանութեան ընդունման վերաբերեալ օրէնքը՝ հիմք ընդունելով ԵՄի Ապրիլի 15ին կայացրած որոշումը:
Ահա այս զարգացումների ստուերում դիտարկման արժանի մէկ այլ հարց էլ իրաւաբաններն են, ովքեր աշխատանքներ են կատարում աւելի շատ փոխհատուցման, քան Ցեղասպանութեան ընդունման փաստի ուղղութեամբ: Թուրքիայի եւ ԱՄՆի միջեւ կնքուած Երկրորդ Լոզանի պայմանագրից ի վեր, ըստ էութեան, Թուրքիան շարունակում է քննարկումները, թէ հայերի համար ո՛ւմ եւ ինչքա՛ն է փոխհատուցելու: Այսինքն՝ հիմնական պատճառը, որ Թուրքիան Ցեղասպանութիւնը ցեղասպանութիւն չի կոչում, փոխհատուցումն ու այն հողերն են, որոնք կարող է կորցնել:
Այդ իսկ պատճառով էլ ազգայնական քաղաքացու քուէն փորձում է որսալ այնպիսի արտայայտութիւններով, ինչպիսիք են «հողային պահանջը», «փոխհատուցման պահանջը»:
Ազդեցիկ թղթապանակ պատրաստելու համար հայերը 2015թ. երկու յանձնաժողով ստեղծեցին, որոնք տարբեր ընդմիջումներով Եւրոպայում եւ ԱՄՆում հանդիպումներ կազմակերպելով, փորձում էին գտնել այն ճանապարհները, որոնցով կարելի կը լինէր Հայկական Դատը բարձրացնել: 2014թ. հրատարակեցին նախնական զեկոյցը, որտեղ հաւաքեցին այն, ինչ պէտք էր իրականացնել 100րդ տարելիցի կապակցութեամբ:
Այս զեկոյցներից յետոյ առաջինը գործի անցաւ աշխարհի երեք մեծ հայկական պատրիարքութիւններից Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը, որը դիմեց Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Քոզանում 600 տարուց աւելի գործած, սակայն 1915թ. յետոյ գործունէութիւնը դադարեցրած Սիսի կաթողիկոսութեան համար: Կաթողիկոս Արամ Ա.ն Յունիսի առաջին շաբաթը Փարիզում յայտարարելով, թէ «այս դատարավարութիւնը մի բուռ հող յետ բերելու դատավարութիւն չէ», ընդգծեց Կիլիկիայի կաթողիկոսութեան կրօնական, ազգային եւ քաղաքական նշանակութիւնն ու խորհրդանշական արժէքը: Արամ Ա.ն յայտնեց, որ այս դատավարութիւնը իրաւունքները վերականգնելու գործընթացում առաջին քայլն է. «Մեր հայցը ներկայացնելիս բոլոր ռազմավարական տուեալները մասնագէտների կողմից մանրամասն ուսումնասիրուել են: Յուսով ենք, որ այս իրաւական պայքարը նոր թափ է ստանալու եւ նոր հորիզոններ է բացելու»:
Այս խօսքերի հեղինակ եւ Սահմանադրական դատարանի դատական գործին հետեւող Արամ Ա.ի Թուրքիայի փաստաբան Ջեմ Սոֆուօղլուն պատասխանեց Ցեղասպանութեան ժխտման եւ փոխհատուցման վերաբերեալ մեր հարցերին:
Ո՞վ Է Ջեմ Մուրադ Սոֆուօղլուն
Ջեմ Մուրադ Սոֆուօղլուն ծնուել է 1957թ.: Սուրբ Ժոզէֆի տղայոց ֆրանսիական վարժարանն ա-ւարտելուց յետոյ կրթութիւնը շարունակել է Իստամբուլի համալսարանի իրաւագիտութեան ֆակուլտետում: 31 տարի է, ինչ անկախ փաստաբան է աշխատում: Ներկայում Եւրոմիութեան իրաւական յանձնաժողովի Ստամբուլի բիւրոյի նախագահն է: Օքան համալսարանի իրաւագիտութեան ֆակուլտետում «Էրասմուս» ծրագրի շրջանակներում սովորող ուսանողներին դասաւանդում է մարդու իրաւունք, մարդասիրական իրաւունք, ժողովրդավարութիւն: Բազմաթիւ յօդուածներ ու թարգմանութիւններ ունի իրաւունքի, պատմութեան եւ գրականութեան ասպարէզում:
ՀԱՐՑ.- Թուրքիան վերջերս ձեզ ճանաչեց Թուրքիայից Սիսի կաթողիկոսարանը հետ ստանալու Կիլիկիայի հայոց պատրիարքութեան դատավարութեամբ: Ո՞րն է այս դատավարութեան էութիւնը: Կիլիկիայի կաթողիկոսութիւնը ի՞նչ պահանջներ է ներկայացնում:
ՋԵՄ ՍՈՖՈՒՕՂԼՈՒԻ.- Կիլիկիոյ Հայոց կաթողիկոսութիւնը ցանկանում է յետ ստանալ Ադանայի Քոզան գաւառում գտնուող այն հողակտորի սեփականութեան իրաւունքը, որը 1293-1915թթ. եղել է կաթողիկոսութեան կրօնական կենտրոնն ու սրբավայրը, որտեղ գտնւում են Սուրբ Սոֆիայի վանքն ու եւս մէկ եկեղեցու աւերակներ: Սահամանդրական դատարանում սկսած մեր դատավարութեան բուն էութիւնը սա է:
Որքան էլ որ դատավարութեան ժամանակ սեփականութեան իրաւունքի վերադարձի հետ մէկտեղ 100 միլիոն թուրքական լիրա փոխհատուցում պահանջուի, սա լոկ իրաւական պարտադրուածութիւն է, որին ստիպուած էինք գնալ միայն Սահմանադրական դատարանի խնդրագրի ձեւը լրացնելու համար: Մեր դատավարութիւնը երբեք փոխհատուցման պահանջ չի ներկայացրել: Մեր գլխաւոր նպատակը սեփականութեան իրաւունքը վերադարձնելն է:
ՀԱՐՑ.- Այս պահանջներն իրաւական հիմք ունե՞ն: Եթէ դրական հանգուցալուծուի, ի՞նչ կը լինի: Ի՞նչ վիճակում է դատավարութեան թղթապանակը:
ՋԵՄ ՍՈՖՈՒՕՂԼՈՒ.- Հաստատութիւնը կամ անձը, որ Թուրքիայում չի բնակւում, կարող է թուրքական դատարանում դատական հայց ներկայացնել: Այս դատավարութեան առանձնայատկութիւնն այն է, որ սեփականութեան իրաւունքը վերականգնել ցանկացող կաթողիկոսութիւնը 600 տարուց ի վեր եղել է այստեղի տէրն ու ղեկավարը: Հայցի վերաբերեալ ապացոյցները շատ-շատ են: Ամենակարեւոր փաստարկը Քոզանում դեռեւս կանգուն աւերակներն են:
Եթէ այս դատավարութիւնը մեր օգտին ընթանայ, ապա նախադէպ կը դառնայ միւս եկեղեցիների եւ վանքերի սեփականութեան իրաւունքի վերադարձի համար:
Սահմանադրական դատարանը վերջերս մեզանից պահանջեց կաթողիկոսութեան լիազօրագիրը:
ՀԱՐՑ.- Աշխարհի տարբեր միջազգային իրաւաբաններից հարցրել ենք նրանց կարծիքը ցեղասպանութեան սահմանման եւ ժխտման վերաբերեալ: Դուք ի՞նչ տեսակէտ ունէք «ցեղասպանութեան ժխտումը» յանցանք համարող օրէնքների վերաբերեալ:
ՋԵՄ ՍՈՖՈՒՕՂԼՈՒ.- Բնականաբար մարդկութեան դէմ յանցանքը՝ ցեղասպանութիւնը, չի կարելի պաշտպանել, սակայն որոշ երկրներ այս հարցում ազատական դիրքորոշում ունեն: Օրինակ՝ ԱՄՆում եւ Անգլիայում հրեաների ցեղասպանութիւնը կարող էք ժխտել: Այս երկրներում ցեղասպանութիւնը ժխտելը յանցանք չի համարւում: Երկրներում, որոնք մասնակցութիւն են ունեցել ցեղասպանութեանը, ձեռքերը մաքուր չեն կամ էլ ցեղասպանութիւնները մեծ ազդեցութիւն են ունեցել, օրինակ՝ Գերմանիա, Աւստրալիա, Ֆրանսիա, յանցանք է համարւում: Յատկապէս ուշադրութիւն հրաւիրելով մեր երկրում գոյութիւն ունեցող հակասեմականութեան վրայ՝ պնդում եմ, որ ցեղասպանութեան ժխտումը յանցանք լինի:
ՀԱՐՑ.- Ըստ ձեզ՝ ցեղասպանութիւնը ժխտելը իրաւո՞ւնք է, թէ իրաւունքի ոտնահարում: Ժխտման պատիժը ի՞նչ պէտք է լինի:
ՋԵՄ ՍՈՖՈՒՕՂԼՈՒ.- Ես ընդունում եմ, որ հայերի տեղահանութիւնը ցեղասպանութիւն է: Գիտեմ, որ ցեղասպանութիւն բառի հեղինակ Ռաֆայէլ Լեմկինը Միացեալ ազգերի՝ Ցեղասպանութեան մասին կոնվենցիան (պայմանագիրը-Խմբ.) պատրաստելիս յղում է կատարել Հայոց Ցեղասպանութեանը եւ այդ դէպքը հիմք ընդունելով՝ կազմել է կոնվենցիան եւ ստեղծել բառը: Նա էլ էր կարծում, որ այս դէպքը ցեղասպանութիւն է: Այս դէպքը հրեաների ցեղասպանութիւնից տարբերւում է նրանով, որ տեղի էր ունեցել 30 տարի առաջ, եւ նրա վերաբերեալ Նիւրենբերգի դատարանի նման միջազգային որեւէ դատարանի կողմից կայացուած որոշում չկայ: Այս իրաւական փաստարկով, որը փորձեցի ներկայացնել, Հայոց Ցեղասպանութեան ժխտումը արգելող լծակը աւելի շատ քաղաքական հիմք ունի, քան՝ իրաւական:
ՀԱՐՑ.- Թուրքիայի նման ցեղասպանութիւնը պետական քաղաքականութեան վերածած երկրում ժխտումը պատժել կարելի՞ է: Թուրքիայում, ըստ ներքին օրէնքների, ցեղասպանութիւնը ժխտելը «որեւէ ժողովրդի ստորացնող» յանցանք կարելի՞ է համարել:
ՋԵՄ ՍՈՖՈՒՕՂԼՈՒ.- Ներկայիս քրէական օրէնսգրքում գոյութիւն ունի ատելութիւն սերմանելու յանցանք, սակայն որեւէ դատական գործ յարուցուած չէ, թէեւ մեր երկրում բարձր մակարդակով քաղաքական գործիչներն այս յանցանքը գործում են: Որպէս իրաւաբան՝ այս իրավիճակը քննադատում եւ ասում եմ՝ ամօթ է: Յուսամ՝ նոր շրջանում այս հարցի նկատմամբ քաղաքական գործիչներն ու դատախազներն է՛լ աւելի զգոյշ վերաբերմունք կը ցուցաբերեն:
radikal.com.tr
akunq.net