ԵՐԵՒԱՆ, «Լրագիր».- Հայաստանի արտաքին գործոց նախարարութեան (ԱԳՆ) խօսնակ Վահան Յունանեան, անդրադառնալով հայ-թրքական յարաբերութիւններու կարգաւորման շուրջ ընթացող քննարկումներուն՝ հաստատեց, որ այս պահուան դրութեամբ, Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ երկկողմ յարաբերութիւններու կարգաւորման շուրջ բանակցութիւններ չեն ընթանար:
«Ինչպէս արձանագրուած է կառավարութեան ծրագրում` Հայաստանը մշտապէս պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների յարաբերութիւնների կարգաւորմանը: Մի շարք միջազգային գործընկերներ, այդ թւում մեր դաշնակից Ռուսաստանը, յայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին: Եւ ռուս գործընկերների հետ քննարկումների ընթացքում մենք տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք առանց նախապայմանների յարաբերութիւնների կարգաւորմանը: Եթէ ու երբ գործընթացը առաջ գնայ` մենք, բնականաբար, հանրութեանը զարգացումների մասին կը տեղեկացնենք: Միաժամանակ նշեմ, որ այս պահի դրութեամբ Թուրքիայի հետ որեւէ բանակցային գործընթաց չի ընթանում», յայտնեց Յունանեան:
Այս նիւթը լուսարձակի տակ առաւ նաեւ Նիկոլ Փաշինեան՝ ըսելով. «Մենք ուզում ենք յարաբերութիւնները կարգաւորենք: Թող պատասխանեն` իրենք ուզում են հայ ժողովրդին ոչնչացնե՞ն, հայկական պետականութիւնը ոնչացնե՞ն, շարունակե՞ն ցեղասպանութեան քաղաքականութիւնը: Եթէ այո՛, մեզ ի՞նչ ընտրութիւն է մնում, բացի դիմադրութիւնը: Եթէ ո՛չ, ուրեմն իրենք ճիշդ են, որ կայ պատմական շանս` էս տարածաշրջանում խաղաղութիւն ու կայունութիւն հաստատելու: Մենք պատրաստ ենք, մեզ թուրք ասելով` չեն կանգնեցնի: Որովհետեւ նրանք, ովքեր այդ ձեւակերպումը մտցրել են մեր բառապաշարի մէջ, ուզում են, որ հայ ժողովուրդն ու Հայաստանը միշտ մնայ մատաղացուի կարգավիճակում», նշեց Փաշինեան:
Ան նաեւ դիտել տուաւ, որ Հայաստանի համար չափազանց կարեւոր է, որ 3+3 ձեւաչափով չքննարկուին այն հարցերը: «Օրինակ` Լեռնային Ղարաբաղի հարցի կարգաւորումը, որի համար կայ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափը. այդ հարցը «3+3» ձեւաչափում չենք քննարկում: Միւսը`տարածաշրջանային հաղորդակցութիւնների բացման համար եռակողմ յանձնաժողով ունենք ձեւաւորած. այդ հարցը եւս «3+3»ում չպէտք է քննարկուի: Պէտք է քննարկուեն այնպիսի հարցեր, որոնք առանցքային հարցեր են եւ չեն կրկնում արդէն գոյութիւն ունեցող ձեւաչափերում: Հնարաւո՞ ր է այդպիսի հարցեր ձեւակերպել` կ՛ապրենք կը տեսնենք», ըսաւ Փաշինեան։