Ռուբէն Յովակիմեան
«Պէտք է այնպէս ապրենք, որ մեր
մահուան համար նոյնիսկ
դագաղագործը զղջայ»:
Մարկ Թուեն
«Մի բացայայտիր բոլոր գիտեցածդ,
մի հաւատար բոլոր լսածներիդ,
մի գործադրիր բոլորը, ինչ կարող ես»:
Ապրելակերպ
Ենթադրաբար շատերը, ինձ նման շփուելով երկրից եկած հանապազօրեայ անհամար խնդիրների լուրերին, ակամայից հարց են տալիս, թէ արդեօք հայը նզովեա՞լ մի ազգ է, որ գոյութիւն ունեցող ամէն տեսակի չարիք մեր գլխին է գալիս եւ կարեւորը՝ չենք կարողանում որոշել, թէ ո՞վ է այդ նզովքի հեղինակը: Հազուագիւտ պարագային է, որ համարձակւում ենք համաձայնուել, որ չարիքի այդ փնտրած հեղինակը մենք ենք՝ մե՛ր բարոյագիտական մակարդակի անկումով, մե՛ր վերաբերմունքով, մե՛ր կարճատես ապրելակերպով, մեր անգիտութեան եւ այլ մարդկային յատկութիւնների բացակայութեամբ, երբ դարեր շարունակ հայը հպարտանալու իրաւունք է ձեռք բերել այդ որակները ունենալով:
Այսու, չեմ ցանկանում ողջ ազգը մի տոպրակի մէջ դնել, քաւ լիցի՝ ոչ, նպատակս եւ միտքս այդ չէ, միայն թէ ճնշող է փաստը, որ վերջին տասնամեակներին մեր երկրում ձեւաւորուած քրէական ստուար խմբերը, որ իրենց ծանօթ միջոցներով մտան իշխանութեան ոլորտ եւ տնօրինեցին՝ ստեղծեցին բոլորիս ծանօթ անմխիթար վիճակը :
Որքան, որ ողբալի է պարտութեան մռմուռը, նոյնքան ցաւալի են մեր բարոյական կորուստները, որ երբեմն շատերն են անտեսում, իսկ անհանգստացողները մնում աննկատ: Ո՞վ կարող է որոշել սպիտակ եղեռնի՝ արիւնահոս արտագաղթի գինը եւ նրա յարուցած վնասների ծաւալը, երբ աւելի քան չորս միլիոն բնակչից՝ այսօր մնացել է երեքից պակաս: Ես չեմ հաւատում, թէ գաղթողների միակ նպատակը նիւթական բարեկեցիկ պայմանների փնտրտուքն էր, այլ որ անտանելի էր դարձել անսանձ արժանապատւութեան ոտնահարումը եւ ղեկավար մարմինների թալանի տենչը: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ պետական համակարգի բոլոր ճիւղերում ստեղծուել էին յանցաւոր աննախադէպ օղակներ, որոնց ենթարկւում էին խորհրդարանը, իրաւապահները, մամուլն ու դատական համակարգը, եւ այլք, ուր բացայայտ էր քրէական աշխարհի ներկայութիւնը: Այս է նզովքի մի տեսակը, որ նաեւ մեր պարտութեան պատճառներից մէկն է համընդհանուր տգիտութեան հետ միասին:
Մտադիր չեմ մեծ ու փոքր խարդախութիւններին անդրադառնալ, նրանք բազում են, միայն թէ այսօր, պաշտօնական կարեւոր մի բացայայտումի համաձայն, պաշտպանութեան նախարարութեան պատուէրով, վերջերս Չեխիայից բերուած զինամթերքը եղել է 70-ականի արտադրանք՝ ոչ պիտանի արդի պայմաններում: Մինչդեռ բանակի սպառազինման հարցը ոչ թէ կարեւոր, այլ կենսական է եւ նրա արդիականացումը պէտք է լինի վերջին նուաճումների տեսականիով: Ամօ՛թ:
Մի այլ նզովք եւ ուրիշ ինչ անուն կարելի է տալ այն երեւոյթին, երբ Արցախի սպայակոյտը այն կարծիքի է, թէ պաշտպանութեան նախարար Ջալալ Յարութիւնեանի մեքենայի ռմբակոծումը եղել է նրա ուղերթը թշնամուն մատնելով, եթէ ոչ՝ նա անհասանելի էր: Այդ չարիքը ենթադրելի է բայց հաւանական:
Անկախութիւնից յետոյ մեր խոշոր կորուստներից է հասարակական կամ ազգային միտքը: Այն ճգնաժամի մէջ է այսօր, որ փայլուն էր անկախ հռչակուելուց առաջ, երբ հայազգի գիտնականները հաստատուն աթոռներ էին գրաւում տարբեր երկրների կաճառներում (académie) եւ նրանց հովանու ներքոյ ունէինք արդիւնաբերութիւն տասնեակ հազարաւոր գործաւորով: Այդ բոլորը մնաց անցեալում որպէս անիծեալ հետեւանք, փոխանակ աւելի զարգանալու, որի իրական հեղինակները եւս՝ մենք ենք:
Անհասկանալի պատճառներով հասարակութեան մէջ վերացել է յարգալից ու քաղաքակիրթ յարաբերութիւնը, մանաւանդ ասուլիսների եւ ելոյթների ընթացքին ջարդել ու փշրելու սկզբունքն է տիրում եւ տեսանք, թէ ինչ եռանդով պետական գրասենեակները աւերեցին, մինչ խորհրդարանի ամբիոնը դարձել է լուտանքի կենտրոն:
Կրթական համակարգի մակարդակը այն աստիճան է իջել ու կորցրել իր դերն ու նշանակութիւնը, որ արդի դրութեամբ հարազատ երկրում հարազատ լեզուով ճիշտ խօսելը դարձել է հազուագիւտ երեւոյթ: Ուսուցչական դասը բուժաշխատողների հետ վերածուել են ընտրական օժանդակ մարմնի՝ իրեն կից ունենալով մշակոյթի, մամուլի, դատաիրաւական համակարգի ծառայողներին եւ բազում այլ ոլորտների ներկայացուցիչներին, որոնց կողքին քաղաքական մեծ ու փոքր խմբերը անծանօթ են քաղաքակիրթ լինելու կանոններին: Սա եւս կարելի է անէծք համարել:
Ի՞նչ ասել մամուլի մասին, երբ գրեթէ դարաւոր փորձի տէր Ասպարէզը (01-02) գրում է՝ «Վարչապետի նպատակն էր պատերազմի պատրուակով յանձնել Շուշին»: Ի՞նչն է դրդել յարգարժան խմբագրին սփռել այս կեղծ-շինծու միտքը եւ արդեօք ինքը հաւատո՞ւմ է, նոյնիսկ եթէ այն հնչել է իր կուսակցի բերանից: Արդար լինելու համար նշեմ, որ վարչապետի բազում սխալների կողքին, մէկ ակնթարթ անգամ ընդունելի չէ, որ Շուշին յանձնելը նրա համար նպատակ էր:
Այս շարքը կարելի է շարունակել, մեզ տանջող ցաւերը բազում են եւ բազմազան, որ համեմատական են մեր տգիտութեանը եւ անփութութեան մակարդակին: Ժամանակն է․ որ սթափուենք եւ լրջանանք, թօթափենք մեր ուղեղում ծանրացած մաղձը, երազենք եւ լծուենք երանելի անարատ երկիր կառուցելու սրբազան գործին, մինչեւ իսկ՝ մեր ոխերիմ դրացիների հետ հաշտութեան եզրեր գտնելով, պայմանով, որ մեր հզօր լինելը վախ եւ յարգանք տրամադրի եւ վերացնի նրանց ախորժակը, իսկ այդտեղ հասնելու միակ ուղին եւ մեկնակէտը մեր մտքի վերափոխումն է, մեր ներուժի համախմբումը ներառեալ սփիւռքի հետ լուրջ համակցում, որի հետ արդի կապը նման է կովին, որին կթում, բայց չեն սնում:
Սկզբունքիս հակառակ՝ պիտի յիշեցնեմ, որ երբ 48-ին ստեղծուեց Իսրայէլը՝ հրեաների թիւը ընդամէնը եօթ հարիւր հազար էր՝ առանց արդիւնաբերութեան, նուազ եկամուտով, առանց զօրքի, այսօր այդ թիւը ինը միլիոնից աւել է, շրջապատուած մի քանի հարիւր միլիոն թշնամիներով, բայց ամէնը հաշուի են առնում նրանց առկայութիւնը եւ չեմ կարծում, թէ նրանք չունեն ներքին քաղաքական տարաձայնութիւններ եւ նրանց սփիւռքը գուցէ հայկականից աւելի մեծ է եւ կարողանում են պէտք եղածի չափ համագործակցել, իսկ մերոնք բաւարարւում են մարդասիրական օգնութիւնով, որ քիչ չէ, բայց հեռու է եղած պահանջներից:
Որո՞նք են արգելքները, որ պետական մակարդակով ստեղծուի մի յանձնախումբ՝ որեւէ անուան տակ՝ կազմուած սփիւռքի եւ հայրենաբնակ՝ ամէն բնագաւառի կիրթ եւ նուիրեալ փորձագէտ մասնագէտներից, նոյնիսկ հանգստի կոչուած, ակնկալելով նրանց կշռադատումն ամէն անգամ, երբ մեծ եւ կարեւոր խնդիրների առջեւ ենք, փոխանակ այն թողնելու անփորձ համբակներին (apprenti sorcier), որ յաճախ տխուր աւարտ են ունենում:
Ի մէջ այլոց, երեք տասնամեակ է, որ մեր երկրում լրիւ անտեսուած է անձնակազմի ընտրութեան սկզբունքը, որ կապուած պիտի լինի ունակութեան, մինչդեռ հեռու, շատ հեռու ենք այդ սկզբունքից: Միշտ հարցրել եմ ինքս ինձ, թէ ի՞նչ գործ ունէր եւ ի՞նչպէս էր հասել վարչապետի աթոռին Յովիկ Աբրահամեանը՝ իր աւազակի համբաւով, կամ տասնամեակներ խորհրդական եղել դոդի գագոն, մինչեւ իսկ վարչապետութեան յաւակնութիւններով, նրա կողքին բազմաթիւ թափթփուկներ:
Եթէ ցանկանում ենք յաւէտ մաքրել մեր ճակատից մեր պարտութեան խարանը, անհրաժեշտ եւ պարտադիր է, որ վերադառնանք իրատեսութեան եւ առողջ մթնոլորտ եւ դա պարտադիր է ոչ միայն ինչ որ ընտրեալների, այլ բացարձակապէս ազգային պահանջ է, այլ կերպ ոչ միայն երկիրը վերակառուցելու հաճոյք, այլ նրանից զրկուելու հնարաւոր տարբերակ կարող ենք ունենալ:
Ցաւում եմ, բայց այս է դառն տագնապի համազօր իրականութիւնը, եթէ չենք կարողանում մեզանից աւելի փոքրերին տեսնել ու նրանց վերապրելու գործելակերպը ընդօրինակել, որ նզովքներից ձերբազատուելու միակ ուղին է:
3-2-2 -Սան Ռաֆայել