«Մեր Առաջնահերթութիւնը Լինելու Է Հայերէնի Շահերի Պաշտպանութիւնը»
Լեզուի պետական տեսչութիւնը վերակազմաւորուել է Լեզուի կոմիտէի: Եւ վերջին շրջանում ամենաքննարկուող թեմաներից է, թէ ի՛նչ ու ինչպէ՛ս կարող է անել կոմիտէն՝ հայերէնի շահերը պաշտպանելու, դիրքերը վերականգնելու համար: Հայոց լեզուի խնդիրների, լեզուաքաղաքականութեան ու ոլորտի առաջնահերթութիւնների մասին է «Անկախ»ը զրուցել ՀՀ ԿԳՆ լեզուի կոմիտէի նախագահ Դաւիթ Գիւրջինեանի հետ:
«ԱՆԿԱԽ».- Պարո՛ն Գիւրջինեան, որպէս Լեզուի կոմիտէի նախագահ արդէն ծանօթացել էք ոլորտի խնդիրներին, հանրութեան եւ պետութեան ակնկալիքներին: Որո՞նք են լինելու առաջնահերթութիւններն առաջիկայ ժամանակահատուածի համար:
ԴԱՒԻԹ ԳԻՒՐՋԻՆԵԱՆ.- Ճիշդ նշեցիք, որ ակնկալիքներ ունեն պետութիւնը մի կողմից եւ հասարակութիւնը՝ միւս կողմից: Լեզուի հարցերը միշտ գտնուել են հասարակութեան ուշադրութեան կեդրոնում: Հեռուստատեսային լեզուական ցանկացած մեղանչման դէպքում բոլորը, չգիտես՝ ինչո՛ւ, մեղադրում էին լեզուի ոլորտը տնօրինող պետական մարմինին: Հիմա էլ է այդպէս: Դեռ մի ամիս չկայ, որ այս պաշտօնին եմ, բայց բազմաթիւ նամակներ ու զանգեր եմ ստանում, մարդկանց եմ հանդիպում, որոնք, օրինակ, հարցնում են՝ ինչո՞ւ այսինչ պաշտօնեան գրագէտ հայերէնով չի խօսում, ինչո՞ւ պէտք է դասագրքերն այսպիսին լինեն, հայոց լեզուի շտեմարանները հարկաւոր է փոխել եւ այլն: Սա նշանակում է, որ կուտակուած բազմաթիւ հարցեր կան: Ես չեմ ասում, որ այդ խնդիրները չեն լուծուել: Դրանք միշտ եղել են, կան եւ կը լինեն, որովհետեւ լեզուն կենդանի օրկանիզմ է, եւ մարդիկ, այդ թւում եւ՝ պաշտօնեաները, կարող են սխալուել: Ուղղակի յստակ մօտեցում պէտք է ունենանք, թէ մենք՝ իբրեւ պետական մարմին, ինչպէ՛ս ենք հետեւում օրէնքի այն դրոյթի կատարմանը, ըստ որի, Հայաստանի Հանրապետութեան պետական լեզուն հայերէնն է, պաշտօնական լեզուն՝ գրական հայերէնը: Ամէն ինչ բխում է այստեղից: Եթէ, օրինակ, հրապարակային գր-ուածքն օտարալեզու է, նշանակում է՝ հայերէնի շահերը ոտնահարուել են, եւ խախտողը պէտք է պատասխան տայ: Եթէ նախկինում դրա «պատասխանը» տուգանքն էր, հիմա աւելի շուտ պիտի փորձենք կանխարգելել սխալը: Պէտք է հասնենք նրան, որ կամ օտարալեզու գրուածքի հեղինակը հայերէն ձեւաւորի այն, կամ համապատասխան պետական մարմինը չգրանցի օտար անունները: Դրա համար քայլեր պէտք է արուեն: Դեռ մտածում ենք, թէ դա ի՛նչ ճանապարհով պէտք է արուի: Խիստ կարեւոր է լեզուաքարոզչութիւնը, ինչպէս եւ՝ խախտումները, սխալները կանխելու ուղիներ գտնելը: Մեր առաջնահերթութիւնը լինելու է հայերէնի շահերի պաշտպանութիւնը:
«ԱՆԿԱԽ».- Եթէ նախկինում տեսչութիւնը տուգանելու թէկուզ սահմանափակ հնարաւորութիւններ ունէր, ապա այժմ Լեզուի կոմիտէն նման գործառոյթներ ընդհանրապէս չունի: Ձեր կարծիքով, դա կարո՞ղ է բացասաբար ազդել կառոյցի գործունէութեան արդիւնաւէտութեան վրայ:
ԴԱՒԻԹ ԳԻՒՐՋԻՆԵԱՆ.- Բայց պետութիւնը դա չի կարող բաց թողնել: Օրինակ՝ «Լեզուի մասին» օրէնքի դրոյթներից մէկն ասում է. «Հայաստանի Հանրապետութիւնում կրթութեան եւ դաստիարակութեան լեզուն հայերէնն է»: Մենք տեսնում ենք, որ նախկին ռուսական դպրոցների ցանցն այլեւս չկայ. Հայաստանում դպրոցները գերազանցապէս հայկական են՝ հայերէն ուսուցմամբ: Սակայն երբեմն լսում ենք, որ Հայաստանի որոշ քաղաքացիների երեխաներ սովորում են ոչ հայերէն ուսուցմամբ դպրոցներում կամ դասարաններում: Նախկինում լեզուի պետական տեսչութիւնը դրանով զբաղուել է: Լեզուի կոմիտէի աշխատանքի շեշտադրումներն են փոխուել՝ մասնակցել լեզուի բնագաւառում քաղաքականութեան մշակմանը եւ ապահովել այդ քաղաքականութեան իրականացումը, նաեւ ապահովել «Լեզուի մասին» օրէնքի պահանջների կատարումը եւ լեզուական քաղաքականութեան պետական ծրագրի իրականացումը: Մենք սրանք շատ ենք կարեւորում: Եթէ ճիշդ հիմքեր դնենք, կը խուսափենք զանգուածային խախտումներից, սխալներից, օտարամոլութեան ցցուն դրսեւորումներից:
«ԱՆԿԱԽ».- Մինչեւ Լեզուի կոմիտէի ձեւաւորումը Լեզուի պետական տեսչութեան հասցէին մեղադրանքներ հնչեցին, թէ արդիւնքները բաւարարող չեն: Պարո՛ն Գիւրջինեան, մտավախութիւն չունէ՞ք, որ սահմանափակ միջոցների եւ հնարաւորութիւնների պայմաններում Կոմիտէն էլ կարող է գործունէութեան արդիւնաւէտութեան խնդիր ունենալ:
ԴԱՒԻԹ ԳԻՒՐՋԻՆԵԱՆ.- Պիտի ջանանք, որ այդպիսի կարծիք չձեւաւորուի: Մենք ապաւինում ենք նաեւ հասարակութեան աջակցութեանը: Երբ խօսում ենք քարոզչութեան մասին, յոյս ունենք, որ հասարակական ճնշումն էլ կը նպաստի, որ այս կամ այն ոլորտում խախտումները պակասեն: Մենք պէտք է յստակեցնենք մեր ուղին, ճշդենք մարտավարութիւնը եւ տարբեր լծակներով փորձենք շտկել իրավիճակը: Պետութիւնը, ի վերջոյ, դա անելու բազմաթիւ հնարաւորութիւններ ու միջոցներ ունի:
«ԱՆԿԱԽ».- Երկձեւութիւնների, օտարաբանութիւնների առումով, բաւականին ծանր վիճակ է ստեղծուած: Լեզուի կանոնարկման ուղղութեամբ ի՞նչ քայլեր էք ձեռնարկելու: Եւ քանի որ մեծ խնդիրներ կան այս ոլորտում, ձեր միջոցներով կարողանալո՞ւ էք նման լայնածաւալ աշխատանք իրականացնել:
ԴԱՒԻԹ ԳԻՒՐՋԻՆԵԱՆ.- Մարդուժը կարեւոր է, այո՛: Կոմիտէն պէտք է ունենայ ուժեղ եւ բանիմաց աշխատակիցներ, որպէսզի կարողանանք ոլորտը տնօրինել: Ճիշդ էք, կուտակուած բազմաթիւ խնդիրներ կան: Հայերէնի բարձրագոյն խորհուրդը վերջին տարիներին չի գործել, եւ այդ անգործութեան հետեւանքները հիմա տեսանելի ու զգալի են: Հիմա պէտք է փորձենք բաց թողածը յաղթահարել կամ լրացնել: Նոր հասկացութիւնները, նոր երեւոյթները, առարկաները պէտք է անուններ ունենան: Դրանք, որպէս կանոն, օտար անուններ են ունենում, քանի որ դրսում են ստեղծւում: Հայերս պէտք է հասցնենք դրանց հայերէն համարժէքները ստեղծել: Այդ գործը, ի հարկէ, մենք չենք անում: Դրանով զբաղուողներ կան՝ տարբեր ոլորտների մասնագէտներ, գիտահետազօտական հիմնարկներ եւ այլն: Սակայն կուտակուած նիւթը քննարկւում եւ որոշում է կայացւում Հայերէնի բարձրագոյն խորհրդում, որը նախկինում կոչւում էր Տերմինաբանական կոմիտէ: Մեր կոմիտէի շրջանակներում պէտք է լինի այդպիսի մի խորհուրդ, որը յանձնարարականներ կը մշակի, թէ համարժէք բառերից որն է նախընտրելի, զուգաձեւութիւններից որն է յանձնարարելի, նրա գործածութեան ոլորտը որն է եւ այլն: Էլ չեմ ասում, որ չլուծուած խնդիրներ ունենք, օրինակ՝ տառադարձութեան բնագաւառում: Եթէ նախկինում որպէս Խորհրդային Միութեան մաս աշխարհին նայում էինք ռուսերէնի միջոցով, ապա Հայաստանը հիմա անկախ է, աշխարհը՝ բաց մեզ համար, մենք ուղղակի առնչութիւններ ունենք անգլերէնի, ֆրանսերէնի, արաբերէնի, պարսկերէնի եւ այլ լեզուների հետ: Ուստի տառադարձման խնդիրն առաջնային է դառնում: Օտար երկրի քաղաքացին Հայաստանի անձնագիր է ստանում, ինչպէ՞ս պէտք է տառադարձուեն նրա անունը, ազգանունը: Այս ոլորտում մենք շուտով քննարկումներ կը սկսենք շահագրգիռ կողմերի մասնակցութեամբ: Եւ կը փորձենք դա հասցնել ինչ-որ լուծման, որ այս հարցում միասնական մօտեցում ունենանք: Սա կը լինի արդիւնք, որը պետութիւնը կը գնահատի:
«ԱՆԿԱԽ».- Ճի՞շդ հասկացայ՝ Հայերէնի բարձրագոյն խորհրդի գործունէութիւնը կը դադարեցուի եւ նման խորհուրդ կը ստեղծուի կոմիտէի կազմում:
ԴԱՒԻԹ ԳԻՒՐՋԻՆԵԱՆ.- Կարծում եմ՝ նման բան կը լինի:
«ԱՆԿԱԽ».- Պարո՛ն Գիւրջինեան, դուք «Ֆէյսպուք»ում վարում էք «Յանուն մեր նեարդերի» շարքը, որտեղ յաճախ հանդիպող սխալներին էք անդրադառնում: Կայ նաեւ «Մայրենի լեզուի դասեր» խումբը, որը մի շարք հարցեր է պարզաբանում: Սակայն համակարգուած եւ առաւել ընդգրկուն աշխատանքի կարիք կայ: Հնարաւո՞ր է, որ կոմիտէն ստանձնի այդ գործառոյթը եւ համացանցում մի իւրօրինակ շտեմարան ստեղծի:
ԴԱՒԻԹ ԳԻՒՐՋԻՆԵԱՆ.- Ապագայում նախատեսում ենք ունենալ կայք, որտեղ այդպիսի մի բաժին կը լինի, կը զետեղուեն Տերմինաբանական կոմիտէի, Հայերէնի բարձրագոյն խորհրդի ընդունած որոշումները, ընդունուելիք որոշումների նախագծերը, կը լինի քննարկումների բաժին, որի միջոցով կ՛իմանանք հասարակութեանը յուզող հարցերի մասին: Հասարակութեան հետ կապը չենք ուզում բաց թողնել, որովհետեւ մենք լուծում ենք հայերէն խօսող հասարակութեան խնդիրը: Մեր «Լեզուի Կոմիտէ» ֆէյսպուքեան էջը ժամանակաւոր լուծում է՝ սահմանափակուած մէկ ընկերային ցանցի շրջանակներում: Տեսչութիւնը, դժբախտաբար, կայք չի ունեցել: Եթէ ունենար՝ կը վերակառուցէինք եւ կ՛օգտագործէինք: Հիմա ստիպուած ենք նորը ստեղծելու մասին մտածել եւ պէտք է փորձենք այնպէս անել, որ հասարակութիւնը մեծապէս օգտուի դրանից:
«ԱՆԿԱԽ».- Որպէս կանխարգելիչ միջոց՝ նշեցիք այն, որ քաղաքացին հայերէնը կարեւորի: Ինչպէ՞ս կարող ենք հասնել նրան, որ Հայաստանի շարքային քաղաքացին յարգանք ու սէր ունենայ մեր լեզուի նկատմամբ:
ԴԱՒԻԹ ԳԻՒՐՋԻՆԵԱՆ.- Լեզուի նկատմամբ սէրն ու յարգանքը յուզական բաժակաճառեր ասելով եւ ասմունքելով չեն ձեւաւորւում: Մեր հեռուստաալիքները հայերէնին նուիրուած քանի՞ հաղորդում ունեն: Այնինչ պէ՛տք է լինէին ու տպաւորիչ լինէին: ԶԼՄները մեծ դեր ունեն այս հարցում: Մենք այդ ոլորտը բաց ենք թողել եւ յետոյ հարցնում ենք, թէ ինչո՛ւ է այսպէս: 21րդ դարում սոսկ տուգանելով յաջողութիւններ չենք գրանցի: Պիտի հասնենք նրան, որ Հայաստանի քաղաքացին գիտակցաբար օտարալեզու ցուցանակ չօգտագործի, պարզապէս նա ինքն իրեն դա պէտք չէ թոյլ տայ: Պէտք չէ յոյսը դնել, որ Լեզուի կոմիտէն մենակ կարող է այդ գործն անել: Ամէն քաղաքացի եւ պետական իւրաքանչիւր մարմին իր տեղում իր ներդրումը պէտք է ունենայ հայերէնի գերակայութիւնը երկրում ապահովելու եւ պետական լեզուի շահերը պաշտպանելու գործում: