https://radar.am-Արցախում սահմանային վերջին միջադեպերի մասին Radar Armenia-ն զրուցել է միջազգայնագետ, վերլուծաբան, «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ:
– Ձեր կարծիքով՝ Արցախում այս օրերի սահմանային միջադեպերը ինչի՞ հետևանք են:
– Միջադեպերը՝ ինչպես Արցախ-Ադրբեջան շփման գծում, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան սահմանագծում, Բաքվի վարքագծային շղթայի օղակներն են։ Բաքուն իր հետևողականությունից չի շեղվում։ Ռազմական ոտնձգություններին ավելացել են նաև մարդասիրական աղետի գոյացմանը միտված գործողությունները։ Այս բոլորը ճնշամիջոցներ են՝ պատերազմի արդյունքները իրավականորեն ամրագրելու։
– Կարելի՞ է ենթադրել, որ Ադրբեջանը օգտվում է առիթից, որ Ռուսաստանը զբաղված է ռուս-ուկրաինական հակամարտությամբ
– Կարծում եմ՝ այո։ Թե՛ Անկարան, թե՛ Բաքուն աշխատում են օգտվել Ուկրաինայի պատերազմից՝ հայաստանյան և արցախյան ուղղություններով փորձելով իրականացնել Շուշիի հռչակագրով համաձայնեցված կետերը։ Արցախյան միջադեպերը և գազատար խողովակի խափանումը ուղղված են ինչպես Արցախի, այնպես նաև Ռուսաստանի դեմ։ Դեպքերն արձանագրվում են ռուսական խաղաղապահ առաքելության գոտում։ Չնայած՝ ՌԴ ԱԳՆ արձագանքը հասցեական չէր։ Դա բացատրվում է հարավային Կովկասում ռուս-թուրքական մերձեցման պահպանմամբ։ Արցախյան սահմանների ուղղությամբ իրականացվող ոտնձգությունները ռուսական միջնորդությամբ կայացած եռակողմ համաձայնության խախտում են, և դա պարզ է բոլորի համար։ Նույնքան պարզ է, որ քաղաքական մեղադրանքի հասցեական մոտեցումները բացակայում են։
– Ռուսաստանը չի՞ ուզում, թե՞ չի կարողանում վերահսկել իրավիճակը:
– Մինչև խաղաղության համար ձեռնարկելի բանակցությունները, կարծում եմ, պետք է առաջադրել մինչ այժմ կայացած համաձայնությունների իրականացումը։ Մեծ հաշվով՝ խաղաղության գործընթացի հիմնական դրույթը նոյեմբեր 9-ի հայտարարության 9-րդ կետում է ամփոփված, բայց մինչև 9-րդ կետը կան այլ կետեր՝ 7-րդը, 8-րդը, որոնք չեն իրականացվել։ Տուժածներն ու փախստականները չեն վերադարձել, չեն վերադարձվել ռազմագերիները, պահվող անձինք և աճյունները։ Զուգահեռ՝ Բաքուն ստեղծում է մարդասիրական աղետ, ստեղծում է սահմանային միջադեպեր, ներխուժում է հայաստանյան և արցախյան տարածքներ։ Պարզ է տրամաբանությունը. երբ չի իրականացվում նախապես պայմանավորվածը, ինչպե՞ս պետք է անցնել ավելի տարածուն համաձայնությունների։ Հայկական կողմի այլընտրանքային առաջարկները՝ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահության ձևաչափի վերագործարկման, անվտանգության համար մշտադիտարկման գործիքակազմի տեղակայաման և երեք հանգրվաններով կայացած եռակողմ հայտարարություններին հղում անելու, Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների գերադասման մասին, ենթադրում եմ, խաղաղության բանակցություններ սկսելուց առաջ պետք է ապահովեն երաշխիքներ։
Անուշ Մկրտչյան