ԵՐԵՒԱՆ, «Լրագիր».- Արցախի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարութիւնը հետեւեալ յայտարարութիւն հրապարակեց Շուշիի հայ բնակչութեան ջարդերու 102րդ տարելիցի առիթով.
«Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Շուշի քաղաքի հայ բնակչութեան զանգուածային ջարդերի անմեղ զոհերի յիշատակի առջեւ: Ջարդերն իրականացուել են նորաստեղծ Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետութեան իշխանութիւնների կողմից 102 տարի առաջ` 1920 թ․ Մարտի 22-26ը: Ադրբեջանի ծաւալապաշտական նկրտումներով դրդուած այդ հրէշաւոր յանցագործութեան զոհը դարձան տասնեակ հազարաւոր մարդիկ, որոնցից շատերը դաժանաբար սպանուեցին, իսկ ողջ մնացածներն արտաքսուեցին իրենց տներից: Արցախի մայրաքաղաքը եւ պատմամշակութային կենտրոնը հանդիսացող Շուշիի մեծ մասն ամբողջովին աւերուեց եւ աւերակների մէջ մնաց մինչեւ 20րդ դարի կէսերը, երբ հիմնովին քանդուեց ադրբեջանական իշխանութիւնների կողմից:
«Շուշիի կոտորածը, որին աշխոյժ մասնակցութիւն են ունեցել թուրք սպաներն ու էմիսարները, պանթուրքական գաղափարախօսութեան իրականացման համատեքստում հայերի ցեղասպանութիւնը Արեւելեան Հայաստան տեղափոխելու հերթական փորձն էր:
«Իր դաժանութեամբ սահմռկեցնող այս ողբերգութիւնը ցոյց տուեց ադրբեջանական իշխանութիւնների իրական նպատակները Արցախի եւ հայ ժողովրդի նկատմամբ: Այն ոչ միայն փոխեց Շուշիի ժողովրդագրութիւնը, այլեւ անջնջելի հետք թողեց քաղաքի մթնոլորտի վրայ եւ կանխորոշեց հետագայ գործընթացները:
«Գրեթէ 70 տարի անց ադրբեջանական իշխանութիւնները կրկին դիմեցին իրենց զինանոցի փորձուած գործիքին` անմեղ հայ բնակչութեան կոտորածին եւ տեղահանութեանը` զանգուածային սպանութիւններ եւ ջարդեր կազմակերպելով Սումգայիթում, Բաքւում, Գանձակում (Կիրովաբադ) եւ նախկին Ադրբեջանական ԽՍՀ այլ բնակավայրերում:
«2020 թուականին ողբերգութիւնը նորից կրկնուեց: Արցախի Հանրապետութեան դէմ սանձազերծուած 44օրեայ ագրեսիայի (յարձակումին) ընթացքում Ադրբեջանը օկուպացրեց (գրաւեց) Շուշին, ինչը յանգեցրեց քաղաքի հայաթափմանը:
«Ինչպէս 1920 թուականին, այնպէս էլ 2020ին Ադրբեջանը ձգտում էր ոչ միայն ոչնչացնել Շուշի քաղաքի եւ ամբողջ Արցախի հայ բնակչութեանը, այլ նաեւ ջնջել նրա պատմութիւնը, մշակոյթն ու ոգին: Իր որդեգրած այդ ռազմավարութեանը Ադրբեջանը շարունակում է հաւատարիմ մնալ ցայսօր:
«Այնուամենայնիւ, անհնար է ոչնչացնել Շուշիի հայկական ոգին, որն անքակտելիօրէն կապուած է Արցախի հետ: Այն վերածնուել է 1992 թուականի Մայիսին եւ կը վերածնուի կրկին»: