Երեւանի մէջ լոյս տեսած «Իմ Հայաստան» բանաստեղծութիւններու ժողովածուն, զոր մտայղացած, կազմած եւ հրատարակած է Հայաստանում ճանչցուած լրագրող, հրապարակագիր, գրականասէր մտաւորական Լեւոն Լաճիկեանը: Հատորը նուիրուած է Մեծ եղեռնի յիշատակին եւ կ՛ընդգրկէ արեւմտահայ եւ արեւելահայ անուանի 36 բանաստեղծների Հայաստանին նուիրուած քերթուածները (անոնց կարգին` Մկրտիչ Պեշիկթաշլեան, Պետրոս Դուրեան, Սիամանթօ, Դանիէլ Վարուժան, Մուշեղ Իշխան, Յովհաննէս Թումանեան, Վահան Տէրեան, Եղիշէ Չարենց, Յովհաննէս Շիրազ, Պարոյր Սեւակ եւ այլք): Ստորեւ կը ներկայացնենք գիրքը կազմող-հրատարակիչ Լեւոն Լաճիկեանի նախաբանը:
Իւրաքանչիւր ազգի գոյութեան եւ շարունակելիութեան գլխաւոր պայմանը հայրենիքն է: Հայերս բացառութիւն չենք. վասն հայրենեաց են մղուել մեր բոլոր կռիւները: Միաժամանակ յանուն հայրենիքի են մղել մեր բոլոր յղացքներն ու իրագործումները:
Պատահական չէ, որ «մայր» եւ «հայր», պաշտելի բառերը հէնց «Մայր հայրենիք» հասկացութեան մէջ են գտել իրենց ամենակուռ ու ներդաշնակ համադրութիւնը: Դրանով այն կարծես ծնողի դերակատարում է ստանձնել իւրաքանչիւր մարդու, ամէն հայորդու համար` ենթադրելով ու պարտադրելով սէր առ նուիրական Հող հայրենին:
Դժուար բան է Հայրենիքը, եւ ամէն մարդ չի կարող ունենալ: Այն, ի հարկէ, նախ եւ առաջ մեծ աշխարհի մեր անկիւնն է, որտեղ մեր պապերն ու նախապապերն են ապրել, եւ որտեղ մեր թոռներն են ապրելու: Բայց այն տարածք չէ լոկ, այլ նաեւ լեզու է ու մշակոյթ, նիստուկաց ու մտածելակերպ, նոյնիսկ` հոգեվիճակ: Կարելի է հայրենիքում բնակուել, բայց հոգով ու մտքով բացակայել այնտեղից (նաեւ հակառակը): Ամենաերանելին ու ցանկալին, անշուշտ, հայրենիքում հայրենիքով ապրելն է:
Ոմանք հայրենիքն իրենց ընտանիքից դուրս չեն պատկերացնում. իրականում մեծ ընտանիք է Հայրենիքը եւս: Յարատեւ շարժման մէջ գտնուող այս աշխարհում շատերը, թողած իրենց հայրենի ոստանը, «հայրենիքներն» ուրիշ տեղ են փնռտում: Մինչդեռ հնուց անտի հայերիս համար այն Հայկական լեռնաշխարհում է` Արարատի ստորոտին, Արագած լերան շուրջբոլորը եւ մայր Արաքսի ափերին. ուրիշ ոչ մի տեղ Մայր երկիր չկայ: Անհող այդ հողում է հազարամեակներ շարունակ քարից հաց քամել հայ շինականը` դրան խառնելով հազար ու մի երազանք: Նոյն քարից հայ շինարարը հրաշակերտել է Զուարթնոց ու Աղթամար, եւ դրանց մութ խուցերում հայ գրիչը լուսաւոր մատեաններ է ձեռագրել:
Աստուածապարգեւ ընծայ է Հայոց աշխարհը, ուստի Աստծոյ առաջ պատասխանատու ենք մեր Հայրենիքի համար: Դրանով դարեր շարունակ հիացել են թէ՛ հայութեան սերունդները, թէ՛ օտարները: Այդ նոյն դարերի ընթացքում նաեւ ոսոխներ են յայտնուել, որ աչք են տնկել Հայոց տան վրայ` դարձնելով այն «սեւ ու սուգի մի հովիտ» (Յովհ. Թումանեան): Եւ արիւնել են լանջերը ճերմակ ու անբիծ Մասիսի: Արարատ լերան հայեացքի ներքոյ, «եղեալ ու չեղեալ Դրախտի տեղում», դժոխք է արարուել` Հայաստանը վերածելով իսկական «Մահաստանի»: Արդիւնքում ծովից ծով ձգուող մեր Հայրենիքից լոկ մի թիզ հող է մնացել եւ դրան կառչած մի բուռ ժողովուրդ: Իր իսկ հայրենիքում հայրենազրկուած այդ ժողովրդի զաւակները աշխարհի տարբեր անկիւններում բնակութիւն հաստատելուց եւ բիւր բնակավայրեր փոխելուց յետոյ էլ իրենց հոգում պահել ու պահում են մեն-միակ հայրենիքը` Հայաստանի Հանրապետութիւնը:
… Ժամանակի ընթացքում հայ գրականութեան մէջ հայրենասիրական մեծ աւանդոյթ է ձեւաւորուել, որին հետեւել են անցեալի ու ներկայ մեր գրողները: Չկայ (գոնէ ես չգիտեմ) մի հայ բանաստեղծ, ով իր գրական նախափորձերից սկսեալ գովերգած չլինի հայրենի եզերքը զմայլուած չլինի նրա բնական գեղեցկութիւններով եւ տառապած` նրան բաժին հասած դժբախտութիւններով: Գրելով հայրենասիրական բանաստեղծութիւններ` հայ գրողները սկզբից եւեթ նպատակ են ունեցել նպաստել հարազատ ժողովրդի ինքնաճանաչմանը, սեփական հող ու ջրի, ընդհանրապէս արմատների հանդէպ ջերմ եռանդ սէր սերմանելուն եւ ազգային հպարտութիւն դաստիարակելուն: Որպէս արդիւնք աճեցին ու հասակ առան հայրենիքի ազատութեան կռուին զինուորագրուած սերունդներ` կրելով հետեւեալ ճշմարիտ գաղափարը. «Վասն հայրենեաց մեռար, դու շա՜տ ապրեցար» (Մկրտիչ Պէշիկթաշլեան): Հայ բանաստեղծները ոչ միայն երգեցին հայրենի վիշտն ու ցաւը, այլեւ դրանց դէմ ըմբոստացող ոգին ու յանուն ազատութեան մղուող պայքարը: Անցնելով շուրթից շուրթ` այդ երգերը սրտի ջահեր վառեցին եւ հայրենասիրական հրդեհ առաջացրին` լուսաւորելով մեր հերոսների յաղթանակները Սարդարապատի ճակատամարտում ու արցախեան ազատամարտում:
Պայմանաւորուած մեր ժողովրդի պատմական ճակատագրով` հայրենաբաղձութիւնն է տիրել ամէնուր եւ ամէնքին, իսկ կարօտի լարն ամենաբարձրը հնչել մեր պոեզիայում: Ընդ որում, հայ բանաստեղծների հայրենասիրական խօսքի ուժը ոչ թէ զգացմունքային զեղումների մէջ է, այլ սեղմ ու տարողունակ բնութագրումների, որոնք հսկայական գաղափարական լիցք են պարունակում:
Հին ու միջնադարի մեր քնարերգուներն առ Հայրենիք տածած իրենց սէրը մէկ հիւսել են իբրեւ Վարդի ու Սոխակի պատմութիւն, մէկ հայոց աշխարհը բնորոշել իբրեւ «մայր» ու «թագուհի», երբեմն էլ` այն համեմատել դրօշակի հետ ու «յար» (Եղ. Չարենց) անուանել: Նոր ժամանակներում եւս գրական տարբեր միջավայրերում կազմաւորուած մեր պոետները` սկսած 18-րդ դարի բանաստեղծներ Պաղտասար Դպիրից ու Պետրոս Ղափանցուց, «Աւարայրի պլպուլ» Ղեւոնդ Ալիշանից ու հանրայայտ «Կիլիկիա»-ի հեղինակ Նահապետ Ռուսինեանից, պանծացրին Մայր Հայաստանը` մերթ նրան կոչ անելով արթնանալ «արքայական նինջից», մերթ էլ իրենք ցանկանալով ննջել հայրենի հողում.
Երթամ ննջել յիմ Կիլիկիեա,
Աշխարհ, որ ինձ ետուր արեւ:
Հայոց վիշտն ու տառապանքը յաճախ են մոռացնել տուել մեր գրողներին` երգելու այս գեղեցկութիւններ ու անձնական սէրեր: Նրանք ինքնակամ ստանձնելով իրենց «Ցեղին սրտի» բաբախիւնը չափագրողի դերը` գեղարուեստօրէն բացայայտեցին եւ տարբեր բառերանգներով հիւսեցին մեր Աւետեաց երկրի կերպարը:
Մեզանից շուրջ 100 տարի առաջ` 1914-ին կարդացած «Հայ գրականութեան գալիք օրը» զեկուցման մէջ Վահան Տէրեանն իրաւացիօրէն նկատել է, որ հայ գրականութեան ամբողջ ընթացքում գերիշխող է եղել «ազգային գոյութեան, ազգային անկախութեան գաղափարը: Հետաքրքիրն այն է, որ վերջինս փոփոխութիւն չկրեց նաեւ դրան յաջորդած գրական հարիւրամեակում. մեր բանաստեղծների սիրոյ ամենամեծ չափաբաժինը շարունակեց պատկանել Հայրենիքին: Ի դէպ, նոյն Տէրեանը «O~, հայրենիք դառն ու անուշ» տողով յստակ բանաձեւեց հայ քերթողների հայրենասիրութեան երկու էական կողմերը` ցաւի դառնութիւնն ու կաթոգին սէրը: Հոգու այդ շաղախն առկայ է նաեւ նրան յաջորդած միւս հայ բանաստեղծների գործերում` Չարենց, Թէքէեան, Շիրազ, Սեւակ, Կապուտիկեան, ուրիշներ:
«Իմ Հայաստան» ժողովածուում մէկտեղուած արեւելահայ, արեւմտահայ եւ սփիւռքահայ դասականների հայրենասիրական բանաստեղծութիւնների ամբողջութիւնից գոյանում է իմ քո, բոլորիս Հայաստանի «հոգեւոր դիմանկարը»: Բանաստեղծութիւնից բանաստեղծութիւն այն աւելի սիրելի ու հոգեմօտ է դառնում մեզ:
Որքանով էլ որ սէրն առ Հայրենիք բնական ու բնածին է լինում, այն մշտապէս ներբողել ու տարփողել է պէտք: Ի վերջոյ, գիտակցուած սէրն աւելի հաստատուն ու ուժգին է լինում: Այս գրքում ներառուած տողերից իւրաքանչիւրը նման անթաքոյց սիրոյ տաղաչափուած արտայայտութիւն է: Դրանք հնչում են մերթ որպէս ձօն ու յորդոր, մերթ էլ որպէս պատգամ ու ուխտ` արժանի լինելու մեր նախնեաց փառքին, մեր պապերի կտակած հայրենիքին, նրա դառն անցեալին, դժուարին ներկային ու, վստահաբար, շէնշող ապագային…
Հայրենազուրկ մարդն, ըստ Վիքթոր Հիւկոյի, նման է ստուերի, որ «ոչ մի տեղ չի կարողս ներկայ լինել»: Այո՛, հայրենիքից դուրս խաբուսիկ են բոլոր դրախտները: Դարեր շարունակ Երկիր դրախտավայրն աշխարհասփիւռ հայութեան համար եղել եւ այսօր եւս մնում է Մայր Հայաստանը` ամենայն հայոց հայրենիքը: Մօրը հիւանդ ու տկար վիճակում թերեւս աւելի շատ պիտի սիրել: Նոյնը եւ Հայրենիքի պարագայում: Սէր, անխառն սէր մեզ, որ աւելի ամուր փարուենք մեր չքնաղ Մայր երկրին, որ շէնացնենք Տունը հայոց: Երիցս ճիշդ է մեծն Գարեգին Նժդեհը, երբ գրում է. «Հայրենիքներն ապրում են հայրենասիրութեամբ եւ կործանւում` դրա պակասից»:
Ապրե՛նք հայրենասիրութեամբ:
ԼԵՒՈՆ ԼԱՃԻԿԵԱՆ
Կը կանչեմ քեզ, Հայաստա՜ն,
Բոլո՜ր, բոլո՜ր կարօտներու հրայրքով,
Իբրեւ երկինք, իբրեւ լոյսի
Անհուն ծով, մայրական գիրկ,
Իբրեւ ժպիտ, լռութիւն,
Եւ ծաղկաւէտ երանութեան իբրեւ տուն`
Իմ հեռաւո՜ր Հայաստան:
Միա՜կ հեքիաթ իրական,
Կենսաժպիտ միա՛կ երազն անթառամ:
Հայաստա՜ն:
ՄՈՒՇԵՂ ԻՇԽԱՆ
* * *
Իմ քաղցրանուն,
Իմ բարձրանուն,
Իմ տառապած,
Իմ փառապանծ,
Հների մէջ դու ալեհեր,
Նորերի մէջ նոր ու ջահել:
Դուն հանգրուան կանչող փարոս,
Դու` հայկական գերբ ու դրօշ,
Խօսուն վկայ կոտորածի
Ու վճիտ աչք ցամքած լացի:
Արդարութեան ահեղ ատեան,
Սրի պատեան, սիրոյ մատեան,
Միշտ հին ու նոր
Իմ Հայաստան:
ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿ