ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գործող առաջատար հրատարակչություններից մեկը` «Անտարես»-ը 2017-ին հաջող տարի է գրանցել: Հրատարակել է համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակներ Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտա», Ռոբերտ Մուզիլի «Մարդն առանց հատկությունների» գեղարվեստական գրքերը: Լույս է ընծայել մանկական և ձեռներեցության ոլորտին առնչվող գրքեր, իրականացրել ընթերցանությանը խթանող օլիմպիադա:
Այս մասին դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին «Անտարես»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը և գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը:
«Վեցերորդ անգամ իրականացրեցինք «Ընթերցման օլիմպիադան», որը միակ միջոցառումն է` միտված բարձրացնել դպրոցականների ընթերցանության մակարդակը: Կարևորում եմ այն հանգամանքը, որ այս տարի լույս են տեսել բիզնես դաշտին վերաբերող մի քանի գրքեր: Հաջորդ տարի նմանատիպ տասը անուն գիրք կհրատարակվի, այդ թվում Տարոն Աճեմօղլուի «Ինչու են ձախողում պետությունները» գործը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մարտիրոսյանը:
Հրատարակչությունը գեղեցիկ դիզայնով, պայծառ ու լուսավոր մանկական հանրագիտարաններ, հեքիաթներ, առակներ, փազլ գրքեր է լույս ընծայել: «Մենք ունենք ձայնային, հոտավետ գրքեր: Հաջորդ տարի նախատեսում ենք ուտելու գիրք հրատարակել»,-շեշտեց տնօրենը:
Այս տարի «Անտարես»-ը հեղինակային իրավունք է ձեռք բերել և հրատարակել Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը» գիրքը: Մինչ այդ Հայաստանում այն լույս է տեսել առանց վերոնշյալ իրավունքի:
Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով`իրենք ամեն տարի ձգտում են համաշխարհային գլուխգործոցներ ներկայացնել ընթերցողներն, որոնց թարգմանությունը մեծ ջանքեր է պահանջում: Այս տարի հրատարակվել են «Լոլիտա» և «Մարդն առանց հատկությունների» վեպերը:
Տնօրենն ու խմբագիրը կարևորեցին ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ իրականացված Երևանյան գրքի փառատոնը, որին մասնակցել են` ներկայացնելով իրենց հրատարակած լավագույն գրքերը:
Նիկողոսյանն ընդգծեց, որ մարդիկ գիրք են գնում, երբ այն դառնում է համընդհանուր տոն: