ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 31-րդ տարեդարձը: 31 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական Այո-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95% մասնակցության պարագայում ընտրողների 99.5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:
Նորանկախ Հայաստանի հռչակմամբ սկիզբ դրվեց Հայաստանի երրորդ Հանրապետության պատմությանը։ Արդեն 30 տարի Հայաստանի տարածքում գործում են միայն ՀՀ սահմանադրությունը եւ օրենքները:
Այս տարի ՀՀ անկախության 31-ամյակին նվիրված միջոցառումները, Ադրբեջանի՝ սեպտեմբերի 12 լույս 13-ին Հայաստանի դեմ իրականացրած ագրեսիայի պատճառով Կառավարությունը հետաձգել է:
Երրորդ հանրապետության առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին` համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Գործող Սահմանադրությունն ընդունվել է 2015 թ. նոյեմբերի 6-ին՝ դարձյալ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն, նորանկախ Հայաստանի զինանշանը` Հայաստանի առաջին Հանրապետության /1918-1920 թթ./ զինանշանն է, որի հեղինակներն են ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը: Հայաստանի օրհներգը ևս Հայաստանի առաջին Հանրապետության օրհներգն է: Տեքստի հեղինակը Միքայել Նալբանդյանն է, երաժշտությանը՝ Բարսեղ Կանաչյանը: