ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ.- Արցախի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարութիւնը յայտարարութիւն մը տարածեց Ապրիլեան պատերազմի 3րդ տարելիցին առիթով: Ստորեւ՝ սոյն յայտարարութեան բնագիրը.
«Ուղիղ երեք տարի առաջ՝ 1 Ապրիլի լոյս 2-ի գիշերը, ադրբեջանական կողմը, կոպտօրէն խախտելով 12 Մայիս 1994-ին ձեռք բերուած կրակի եւ ռազմական գործողութիւնների ամբողջական դադարեցման մասին համաձայնագրով ամրագրուած հրադադարի ռեժիմը, Արցախի հետ սահմանի ողջ երկայնքով նախաձեռնել է պատերազմական գործողութիւններ:
Ադրբեջանական զինուած ուժերը ծանր տեխնիկայի, հրետանու եւ ռազմական օդուժի կիրառմամբ հրետակոծման են ենթարկել ոչ միայն Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան բանակի առաջապահ դիրքերը, այլեւ խաղաղ բնակավայրերը, ինչը յանգեցրել է զոհերի, այդ թւում՝ խաղաղ բնակիչների շրջանում: Միայն չորս օր անց՝ 5 Ապրիլ 2016-ին, զգալի կորուստներ կրելով, Ադրբեջանը ստիպուած էր ռազմական գործողութիւնների դադարեցում խնդրել Ռուսաստանի միջնորդութեամբ:
Յարձակողական գործողութիւնների ծաւալն ու ինտենսիւութիւնը, օգտագործուած զինտեխնիկայի եւ կենդանի ուժի քանակը, ինչպէս նաեւ ադրբեջանական իշխանութիւնների ներկայացուցիչների կողմից արուած յայտարարութիւնները վկայում են, որ ապրիլեան իրադարձութիւնները ոչ այլ ինչ էին, քան նախօրօք ծրագրուած ռազմական ագրեսիա (յարձակում-Խմբ.): Ադրբեջանը նպատակ էր հետապնդում զաւթել Արցախի ողջ տարածքը՝ փորձելով ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութիւնը լուծել ուժի կիրառման միջոցով, որը, սակայն չյաջողուեց Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան բանակի վճռական գործողութիւնների շնորհիւ:
Ադրբեջանական զինուած ուժերի գործողութիւններն ուղեկցւում էին միջազգային մարդասիրական իրաւունքի կոպիտ խախտումներով եւ պատերազմական յանցագործութիւններով: Արցախի արտաքին քաղաքական գերատեսչութեան կողմից հետեւողական աշխատանքներ են իրականացուել՝ միջազգային հանրութեանը, այդ թւում՝ մասնագիտացուած կառոյցներին եւ ատեաններին իրազեկելու իրագործուած ոճրագործութիւնների մասին: Համոզուած լինելով, որ նման յանցագործութիւնները վաղեմութեան ժամկէտ չունեն, Արցախի Հանրապետութիւնը կը շարունակի ջանքեր գործադրել՝ մեղաւորներին պատասխանատուութեան ենթարկելու նպատակով:
Ռազմական գործողութիւնների աւարտից յետոյ անցել է երեք տարի, սակայն դեռ արդիական է Ադրբեջանի ագրեսիւ նկրտումները զսպելու միջազգային քաղաքական եւ դիւանագիտական միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտութիւնը՝ ապահովելու 12 Մայիսի 1994-ի եւ 6 Փետրուար 1995-ի համաձայնագրերի լիակատար իրագործումը: Անհրաժեշտ է նաեւ ներդնել հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմներ, եւ յատկապէս ապրիլեան պատերազմից յետոյ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների իրագործման միջոցով:
Արցախի Հանրապետութիւնը վերահաստատում է, որ Ադրբեջանի կողմից հակամարտութիւնն ուժային ճանապարհով լուծելու փորձի դէպքում կը ձեռնարկուեն ինքնապաշտպանութեան բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ՄԱԿի կանոնադրութեանը համապատասխան, Արցախի քաղաքացիների՝ սեփական հայրենիքում ազատ եւ անվտանգ ապրելու իրաւունքը պաշտպանելու համար»: